«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2010-09-24 | #174, 2010-09-25 | #175, 2010-09-28


ՀԵՐԹԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ. ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորմասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Նախնական տվյալների համաձայն` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Գործի առթիվ կատարվում է նախաքննություն: Սա մեջբերումն է ՀՀ ՊՆ կայքէջում ներկայացված տեղեկատվության:

Վերջին շրջանում հայկական բանակում մահացու ելքով պատահարներ շատ են գրանցվել: Նախարարությունն էլ դրանց միեւնույն բնորոշումն է տալիս: Թեպետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ բանակում գրանցված ամեն մահ չէ, որ իրենք որակում են դժբախտ պատահար, սակայն փաստը գալիս է ապացուցելու, որ նախարարությունը ի սկզբանե փորձում է կոծկել բանակում կատարվող իրական երեւույթները եւ դրանց վերագրել «դժբախտ պատահար»:

Ի՞նչ է կատարվում եւ ո՞վ է պատասխան տալու զոհված զինծառայողների ծնողներին: Ցանկանում են, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց կանգնած սեւազգեստ կանանց թիվն ավելանա՞: Նրանք արդեն մի քանի տարի բողոքի ակցիա են անցկացնում եւ սպասում ընդամենը մեկ հարցի պատասխանի. «Ինչո՞ւ են սպանել իրենց տղաներին, եւ ինչո՞ւ մեղավորները պատիժ չեն կրում»:

Վերջին 2-3 ամսվա դեպքերը գալիս են ապացուցելու, որ մեր բանակում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Պետք է փոխվեն բանակի մթնոլորտը, բանակի վերաբերյալ ընկալումները: Դրա համար հարկավոր է կամք, որ պետք է ցուցաբերի Սեյրան Օհանյանը: Նա համոզված էր, որ Արտակ Նազարյանի սպանությունը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, մինչդեռ նախաքննությունն այլ բան է ենթադրել տալիս: Նախարարը սկզբում համոզված էր, որ Youtube-ում տեղադրված տեսահոլովակն ապատեղեկտվություն է, մինչդեռ պարզվեց, որ այն բանակի զզվելի ներկայից մի հատված է: Սեյրան Օհանյանը սխալվեց, այլեւս սխալվելու տեղ չկա. զոհերի թիվը շատանում է: Հայտարարությունների, դատապարտումների ու խոստումների ժամանակն անցել է: Եկել է գործելու կարգուկանոն հաստատելու ժամանակը: Հասարակությունը սպասում է պատասխանի եւ ցանկանում լսել մեղավորների անունները: Իսկ մեղավորներին գտնելն այնքան էլ դժվար չէ: Բանակը զգայուն թեմա է, սակայն մի բան հստակ է` յուրաքանչյուր զորամասի հրամանատար քաջատեղյակ է, թե իր ենթակայության տակ աշխատող սպաներն ովքեր են ու ինչպես են վերաբերվում զինվորներին: Հետեւաբար, եթե վերեւում լինի խստություն ու պատժելիություն, ապա որեւէ սպա ձեռք չի բարձրացնի զինվորի վրա, կամ շարքային զինծառայողները միմյանց վրա կրակ չեն բացի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4