«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2010-09-24 | #174, 2010-09-25 | #175, 2010-09-28


ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարը մեծ հաջողություններ է ունեցել: Երեկ «Արմենպրես» մամուլի սրահում «Շանհայ Էքսպո-2010»-ում Հայաստանի կազմկոմիտեի անդամ եւ «Բի լայն» ընկերության նախագահ Հայկ Խանջյանը խոսեց այն հաջողությունների մասին, որոնք միջազգային ցուցահանդեսում ունեցել է հայկական տաղավարը: Սեպտեմբերի 20-ի դրությամբ` Հայաստանի տաղավար 2 միլիոն մարդ է այցելել: Հայկական տաղավարը զբաղեցնում էր ընդամենը 350 քմ տարածք, Հայկ Խանջյանը պատմում է. «Օրական մինչեւ 22-23 հազար հոգի անցնում էին մեր տաղավարի միջով»: Միեւնույն շենքում, բացի Հայաստանի տաղավարից, տեղակայված են եղել նաեւ 8 այլ երկրների տաղավարներ:

«Շանհայ Էքսպո-2010»-ում ընտրվել են ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ ցուցահանդեսի տարբերակները: Վիրտուալ ձեւով ցուցահանդեսը կարող է հասանելի լինել բոլորի համար: «Հայկական առցանց տաղավարը գնահատվել է որպես լավագույն տաղավար», տեղեկացրեց Հայկ Խանջյանը, ապա հավելեց. «2 տարբեր մրցանակներ ենք ստացել»: Հայկական տաղավարում մի շարք միջոցառումներ են անցկացվել, որոնցից են «Ծիրանի այգի», «Վերադարձ դեպի ակունքներ» խորագրերով միջոցառումները: Սեպտեմբերի 21-ին Շանհայում նշվել է նաեւ Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը: Հետաքրքրական է եղել հայ-չինական առեւտրային կապերին վերաբերող «Ոսկի եւ մետաքս» կոչվող միջոցառումը: Շանհայ էքսպո օնլայն բյուրոն հայկական վիրտուալ տաղավարին մրցանակ է շնորհել տեխնիկական լավագույն լուծումների համար, ինչպես նաեւ Հայաստանի տաղավարը որակվել է որպես իդեալական տաղավար: Հայկ Խանջյանն ավելացրեց, որ մեկ ամիս առաջ Հայաստանի վիրտուալ տաղավարն իր ինժեներական լուծումների համար արժանացել է նաեւ արծաթե մրցանակի, այս մրցանակն էլ շնորհել է Շանհայ էքսպո օնլայն ցուցահանդեսը հովանավորող ընկերությունը: Հայկական տաղավարի ամենահետաքրքրական նախագիծը «Աշխարհի քաղաքն» է: Այս նախագծի միջոցով կարելի է միավորել աշխարհի ժողովուրդներին: Նախագիծը ցույց է տալիս, թե համերաշխության հիմքի վրա ինչպես կարելի է կառուցել ապագայի քաղաքը: Հայկ Խանջյանն ուրախությամբ հավելեց, որ հայկական տաղավարի շուրջը գոյացած մարդկանց հերթերը խոսում էին Հայաստանի տաղավարի մեծ հաջողության մասին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4