«Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ», նկատել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին տված հարցազրույցում: Ի դեպ հարցազրույցը կայացել է Ստեփանակերտում, ինչը նշանակում է, որ ուկրաինացի լրագրողը, հակառակ Բաքվի կամքի, այցելել է ԼՂՀ: «Օրակարգում Լեռնային Ղարաբաղի անկախության վերջնական ճանաչումն է, իսկ Հայաստանի հետ միանալու հարց չկա: Հակամարտությունն սկսվել է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ Բաքուն կարողացավ դրա մեջ ներգրավել Հայաստանին: Հայաստանը դեռ չի ճանաչում Ղարաբաղը, դրանով ցույց տալով իր պատասխանատվության աստիճանը: Նրանք չեն ցանկանում խանգարել բանակցային գործընթացին: Ես առաջարկել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբինՙ կազմակերպել իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ: Բայց նրանք առայժմ ի վիճակի չեն ապահովելու նման ձեւաչափ` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Այնտեղ ասում են. «Չկա նման պետություն: Դա Ադրբեջանի մի մասն է, եւ մենք կարող ենք բանակցություններ վարել ԼՂ-ի հայկական համայնքի հետ»: Մենք տասնյակ անգամներ տարբեր առաջարկություններ ենք արել, մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելու կապակցությամբ: Բայց մեր բոլոր նախաձեռնությունները ընդունվում են հիստերիայով: Ընդհանուր առմամբ, պահպանվում է լարվածության միջին մակարդակըՙ ոՙչ պատերազմ, ոՙչ խաղաղություն: Մենք պետք է այդ փոխզիջումների մասին խոսելու հնարավորություն ունենանք, իսկ բանակցային գործընթացն ընթանում է առանց Ղարաբաղի մասնակցության: ԼՂ-ի անկախությունն ու անվտանգությունը չեն կարող փոխզիջման առարկա լինել», հայտարարել է Սահակյանը:
ԼՂՀ նախագահը նաեւ մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Մոսկվան պատրաստվում է զենք վաճառել Ադրբեջանին. «Մենք հավաստի տվյալներ չունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է զենք վաճառել Բաքվին: Ռուսաստանի շնորհիվ ձեռք է բերվել այս խաղաղությունը, թեկուզ հարաբերական»:
Վերջում Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի եւ այլ պետությունների միջեւ հարաբերություններ հաստատելու կարեւորությանը. «Ցավոք, կոնկրետ Ուկրաինայի հետ կապեր չունենք: Մենք կուզենայինք ապահովել տնտեսական, մշակութային, կրթական համագործակցություն: Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՌԴ-ի, ո՛չ էլ ԵՄ-ի հետ: Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Մեդվեդեւի, ոչ Յանուկովիչի հետ», ասել է Սահակյանը:
Հ. Ա.