Ադրբեջանցի լրագրողների հերթական սուտը
Սեպտեմբերի 25-ի համարում «Ազգը»` «Բաքվի «մոսկվացի տղերքը»» հոդվածում հրապարակեց ՌԴ ԱԳՆ 4-րդ բաժանմունքի պետ Անդրեյ Կելինի հայտարարությունները` արված ադրբեջանական «ԱՊԱ»-ի հետ զրույցում: Մենք նախապես ներողություն խնդրեցինք ընթերցողներից, եթե ստիպված լինեինք հերքել Կելինի խոսքերը, քանի որ «ԱՊԱ»-ն հայտնի է ամենատարբեր պաշտոնյաների հայտարարությունները խեղաթյուրելու վարպետությամբ: Այսպես. ռուս դիվանագետը, ըստ ադրբեջանական գործակալության նշել էր. «Անվանել Ղարաբաղը բանակցությունների երրորդ կողմ` անհնար է: Մի ժամանակ Երեւանում կային մարդիկ, որոնք պահանջում էին դա, սակայն հետո հասկացան, որ եռակողմ բանակցություններից հնարավոր չէ արդյունք ակնկալել. շատ ավելի հեշտ է բանակցել երկուսով»: Իսկ թե ինչ է իրականում ասել Կելինը, հայտնի դարձավ երեկ դիվանագետիՙ News.am կայքին ուղղած պատասխան նամակից. «Առաջին հերթին, նշեմ, որ մտադիր չեմ մեկնաբանել այն, ինչ չեմ ասել, կամ այս, կամ այն մեկնաբանությունները: Ցավոք, հայտնաբերել եմ եւ այլ սխալներ, որ հրապարակվել են նորությունների հեռագրային գործակալությունների կողմիցՙ սեպտեմբերի 24-ին հարավկովկասյան պետությունների լրագրողների մեծ խմբի հետ իմ զրույցի վերաբերյալ: Զրույցը Ռուսաստանի ԱԳՆ-ում տեւել է մոտ մեկուկես ժամ: Մենք ամենատարբեր թեմաներ ենք քննարկել: Հիմնականումՙ 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների հետեւանքները, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ հարաբերությունների հեռանկարները: Եղել են մի քանի հարցեր ղարաբաղյան կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, որոնք մերթընդմերթ են հնչել: Լավ հիշում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի թեման այդ հարցերում չի արծարծվել: Իսկ ձեւաչափի մասին, որով ընթանում են կարգավորման բանակցությունները, իսկապես խոսվել է: Ես պատասխանել եմ այն իմաստով, որ բանակցությունները մոտ 20 տարի ընթանում են, ունեն իրենց բարդ պատմությունը, եւ դժվար թե որեւէ մեկը հիմնավոր գիտի այդ մանրամասները: Այս ընթացքում փոխվել է նաեւ ձեւաչափը: Սկզբնական փուլում, որքան հայտնի է, Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցություններին մասնակցել են: Սակայն վերջին շրջանում դա այդպես չէ: Կողմերը թերեւս եկել են այն համոզման, որ այսպիսի ձեւաչափը այս փուլում ավելի ռացիոնալ է: Վստահ եմ, որ նաեւ այսօր ղարաբաղցիներն ամենաակտիվ կերպով գործակցում են Երեւանի հետ այդ բարդ խնդրում: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հետագայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցելու բանակցային գործընթացին: Այն մասին, թե երբ այդ պահը կգա, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը: Լրագրողներին էլ խորհուրդ կտայի ավելի ուշադիր լինել արտահայտություններ ընտրելու հարցում, առավել եւսՙ նման զգայուն խնդրում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, եւ սենսացիաներ, ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել», նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այն ժամանակ, երբ Բաքուն պաշտոնական եւ անդրկուլիսյան մակարդակներով փորձում է մոսկովյան պաշտոնյաների գրավել, նրանցից ոմանք հերքում են այն, ինչ իրենց փոխարեն ասում են ադրբեջանական կայքերը:
Հ. Ա.