Կոռուպցիան այդ շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացրած «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների 2009 թ. հետազոտությանը» մեկ անգամ արդեն անդրադարձել ենք («Ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի տնտեսության զարգացման համար», «Ազգ», 15 սեպտեմբերի 2010): Այս անգամ կներկայացնենք Հայաստանում տիրող ընդհանուր վիճակի վերաբերյալ մեր հասարակության ընկալման մասին անցկացված հարցումների արդյունքները:
Ըստ հետազոտության, տնային տնտեսություններում (բնակչության) հարցվածների մեծամասնությունը բացասական կարծիքի է Հայաստանի ընդհանուր եւ տնտեսական իրավիճակի մասին: Ընդ որում, 2009-ին այդ իրավիճակը դրական համարողների թիվը 2008-ի համեմատ նվազել է, ինչը թերեւս տրամաբանական պետք է համարել, նկատի ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա բացասական ազդեցությունը մեր երկրի վրա: Մասնավորապես, 2009-ին երկրի ընդհանուր իրավիճակից բավարարված չէ հարցվածների 73 տոկոսը, 2008-ի 61 տոկոսի փոխարեն: Երկրի իրավիճակով 2009-ին բավարարված է եղել հարցվածների 27 տոկոսըՙ 2008-իՙ 38 տոկոսի փոխարեն: Հետազոտության տվյալներով, որոշակի կապ գոյություն ունի երկրի իրավիճակով բավարարված լինելու ցուցանիշի եւ կրթամակարդակի միջեւ: Կրթամակարդակի նվազման հետ նվազում է նաեւ իրավիճակով բավարարվածության զգացումը: Այսպես, երկրի իրավիճակով բավարարված չեն թերի բարձրագույն եւ ավելի ցածր կրթամակարդակ ունեցողների 47 տոկոսը, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների ընդամենը 26 տոկոսը:
Հարցվածների կեսից ավելին հետաքրքրված չէ քաղաքականությամբ եւ կառավարման համակարգի խնդիրներով: Այս ոլորտի նկատմամբ շատ կամ մասամբ հետաքրքրվածների ցուցանիշը 2008-ին եւ 2009-ին մնացել է անփոփոխՙ 42 տոկոս: Այստեղ նույնպես որոշակի կապ գոյություն ունի կրթամակարդակի եւ այս ոլորտով հետաքրքրության միջեւ: Եթե միջնակարգ կրթություն ունեցողների 44 տոկոսին քաղաքականությունն ու պետական կառավարման համակարգի խնդիրները չեն հետաքրքրում, ապա բարձրագույն կրթություն ունեցողների միայն 17 տոկոսին չեն հետաքրքրում:
Կոնկրետ երկրի տնտեսական իրավիճակի մասին գնահատականներից գերակշռում է «միջին» գնահատականը: Հայաստանի տնտեսության իրավիճակն այդպես են գնահատել հարցվածների 45 տոկոսը 2009-ին եւ 50 տոկոսըՙ 2008-ին: «Վատ» գնահատականը 26 տոկոս է ու անփոփոխ է մնացել 2008-ին ու 2009-ին, «շատ վատ» գնահատականը 2009-ին եղել է 23 տոկոս, 2008-ինՙ 17 տոկոս: «Լավ» եւ «շատ լավ» են գնահատել հարցվողները տնտեսական իրավիճակը 2009-ինՙ 6 տոկոսը, 2008-ինՙ 7 տոկոսը:
Հայաստանի գլխավոր հիմնախնդիրները, հետազոտության արդյունքների համաձայն, նույնպես տնտեսական բնույթի են: Մասնավորապես, Հայաստանի գլխավոր հիմնախնդիր 2009-ին հարցվածների 65 տոկոսը մատնանշել է գործազրկությունը: Նրանց 30 տոկոսը մատնանշել է աղքատությունը, 23 տոկոսըՙ ընդհանուր բնույթի տնտեսական խնդիրները եւ 20 տոկոսըՙ գնաճն ու բարձր գները: Այս պատասխանների կազմն ու կառուցվածքը չնչին փոփոխություններով 2008-ի համեմատ մնացել են նույնը: Նշենք, որ այս հարցին պատասխանողներին տրվել էր մինչեւ 3 պատասխան տալու հնարավորություն: Գործազրկությունն ու աղքատությունը որպես գլխավոր հիմնախնդիր ավելի շատ նշել են Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում եւ գյուղերում բնակվողները:
Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրներից կոռուպցիան զբաղեցրել է 5-րդ տեղըՙ հարցվածների 15 տոկոս անփոփոխ ցուցանիշովՙ 2009-ին եւ 2008-ին: Կոռւոպցիայի ընկալման, այդ խնդրի լրջության եւ այլ հարցերի վերաբերյալ հետազոտության արդյունքների մասին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակմամբ: