«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2010-09-25 | #175, 2010-09-28 | #176, 2010-09-29


ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿ-Ի ՄԻՋԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞

Մեր հասարակության մեջ մի փակ շղթա է ստեղծվել. մի կողմից ասվում է, թե քանի ժողովուրդն այսպիսի անտարբերությամբ, անհավատությամբ, մերկանտիլ մոտեցումներով է մասնակցում քաղաքական կարեւորագույն պրոցեսին` ընտրություններին, քանի դեռ փող է վերցնում, փողի դիմաց է քվեարկում, ճնշվում է վարչական ռեսուրսից` երկրում նորմալ ընտրություններ չեն լինի: Մյուս տեսակետով` քանի իշխանություններն իրականացնում են այդ վարչական ճնշումները, կաշառում եւ դրանով այլասերում են ժողովրդին եւ քանի որ նրանք են փչացրել ընտրական համակարգը` էլի ոչ մի բան չի ստացվի: Երկու հաստատատումների մեջ էլ ճիշտ բան կա, բայց որտե՞ղ պետք է կտրել արատավոր օղակը: Այս հարցերը երեկ բարձրացրեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանըՙ Մամուլի ազգային ակումբում հանդիպելով լրագրողների հետ եւ իր այս բարձրացրած հարցերին եւս պատասխան հնչեցնելով. այն մարդիկ, ովքեր ժողովրդի կամ իշխանության կամքի դրսեւորման վրա են հույս դնում` նորմալ քաղաքական համակարգ ձեւավորելու համար, երկուսն էլ սխալ են, քանի որ հենց սկզբից` 90-ականներից սխալ ուղղություն է վերցվել, հետո շարունակվել է նույն կերպ, եւ հիմա այդ վիճակից պետք է դուրս գալ շատ զգուշորեն, երկու կողմի կամքերը հավասարաչափ զարգացնելով: Ըստ նրա` հիմա բոլորն են դժգոհ վիճակից, բոլորը սկսել են հասկանալ, որ աղքատ երկիրը օլիգարխի բեռ չի կարող կրել, նույնիսկ օլիգարխն է հասկացել ու փորձում է ձեւանալ, որ ինքը բոլորովին ուրիշ կերպար է` Քեմբրիջն է ավարտել, պատահմամբ փող ունի, բայց շուտով «կկիսվի» ժողովրդի հետ. «Այ երբ այդ շուտովը տեղի կունենա, երբ կսկսվի վերջապես խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց կամքի դրսեւորումը, որովհետեւ այլ բան պետությունը դեռ չի կարողանում դրսեւորել, հարկերը կսկսեն համալրել մեր բյուջեն, ինչպես պահանջում է օրենքը, այդ ժամանակ մյուս երկու կողմերը` ժողովուրդն ու իշխանությունը կկարողանան դրսեւորել այդ կամքը»: Վ. Հովհաննիսյանն ասում էր, թե երկրում տնտեսական մեթոդներով ոչ միայն ընդերքը, հողերը, գործարաններն են մասնավորեցված, այլեւ քաղաքական իշխանությունը. «Քաղաքական մեթոդներով ստացված իշխանությունը քաղաքական մեթոդներով էլ կտաս: Տնտեսական մեթոդներով շահած իշխանությունը դառնում է շապիկից մոտիկ բան, մարդիկ կարող են ինսուլտ ստանալ, բայց շապիկը չհանել», հեգնեց նա: Ըստ նրա` ընդդիմություն-իշխանություն բաժանումները շատ պայմանական են. Կոնգրեսը սկզբում պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու վերջ, հիմա, ըստ Հովհաննիսյանի, ՀԱԿ-ում ՀՅԴ տերմինաբանությամբ են խոսում` պահանջում են ամբողջական իշխանափոխություն, հասկացել են, որ եթե մենակ Սերժ Սարգսյան ես փոխում, հարց է առաջանում` ումո՞վ, իրենց ձեռք չի տալիս. «Երբ փորձում ես հասկանալ` իշխանության եւ Կոնգրեսի մեջ գաղափարական տարբերությունը ո՞րն է, տեսնում ես, որ առանձնապես չկա. ուղղակի` «դուք գնացեք, մենք գանք նույնն անենք», էդ տեսակի պայքարի մեջ պետք է բացել ժողովրդի աչքերը, որ նա հասկանա` ո՞վ է ընդդիմություն եւ ով` ինչի համար է պայքարում»: Իսկ թե Կոնգրեսը կանցնի՞ խորհրդարան, Վ. Հովհաննիսյանը չգիտի. «Եթե հույսն իմ ձայնն է, ապա` ոչ»:

ՀՀԿ-ական այն հայտարարություններին, որ 100 տոկոսով վստահ են հաղթանակին ապագա խորհրդարանական ընտրություններում` Վ. Հովհաննիսյանն այսպիսի բնորոշում տվեց. «Քաղաքական ուժը, որ 100 տոկոսով վստահ է, վտանգավոր է: Նա պիտի վստահ լինի, որ այնքան լավ է աշխատել, «հաց ու կարագ» հասցրել ժողովրդին, այնպիսի երջանիկ մանկություն է տվել, որ համոզված է իր ընտրվելու մեջ: Երկրորդ, վստահ է, որ կընտրվի կեղծիքների միջոցով: Ես կարծում եմ, որ կոալիցիայից եւ ոչ ոք չի կարող ասել, թե լավ է աշխատել»:

Բանակում մահացու ելքով դեպքերի մասին արտահայտվելիս նկատեց, որ եթե զորամասեր կան, ուր կարգուկանոն չկա, նրանցից մարտունակություն սպասել պետք չէ, նման զորամասերը լուրջ բուժման կարիք ունեն, նույնիսկ` վիրահատման միջոցով: Սակայն նա անթույլատրելի համարեց բանակը քաղաքական հարձակումների թիրախ դարձնել` այնքան անթույլատրելի, որքան եւ քաղաքական գործընթացների մասնակից դարձնելը:

Արտահերթ ընտրությունների ուրվականը դեռ լրագրողները փնտրում էին. «Ամեն ինչ հնարավոր է` ֆորս-մաժոր իրավիճակ ամեն երկրում, ամեն պահի կարող է առաջանալ, բայց Հայաստանում ընտրությունները եթե արտահերթ լինեն` ի՞նչ կփոխեն, դրա համար արտահերթ ընտրությունները որպես մեզ համար նպատակ մենք չենք էլ դիտում, եթե լինեն` կլինեն»:

Ծառուկյան-Սարգսյան հակասությունների մասին որ այդքան խոսում են` Վ. Հովհաննիսյանը չի հավատում դրանց, թերահավատ մարդ է:

Ղարաբաղում փաստահավաք խումբ գալու վերաբերյալ հայկական դիրքորոշումը պետք է լինի ցույց տալ, որ այստեղ ապրում են այն մարդիկ , որոնց արտաքսել են Ադրբեջանից, նրանք փրկելով իրենց կյանքը վերադարձել են իրենց հայրենիք` Քարվաճառ, Բերձոր եւ մնացած տարածքները: Նա անթույլատրելի համարեց, որ Մինսկի խմբի անդամները վերջին անգամ Ադրբեջանի կողմից մուտք գործեցին Ղարաբաղ. փոքր-փոքր զիջումները հետագայում բավականին ծանր հետեւանքների կարող են բերել, Ադրբեջանը հետագայում էլ կարող է պահանջել, որ նույն ճանապարհով գնան, նա դա քաղաքական բավականին լուրջ սխալ համարեց: Երբ Ջուղայի հուշարձանները տեսնել էր պահանջում հայկական կողմը, այն ժամանակ նազուտուզ արեց փաստահավաք խումբը, իսկ մեր պարագայում չգիտես ինչու մերոնք սրտաբաց են ընդունում այդ փաստահավաք խմբերին: Օրինակ, նրա կարծիքով, կարելի էր պատասխանել, թե հարցում կանցկացվի տարածքի բնակիչներից, ուզո՞ւմ են փաստահավաք խումբ տեսնել, թե՞ ոչ: Փաստահավաք խմբի առջեւ էլ պետք է այլ խնդիր դրվեր` եկեք տեսնելու, թե ո՞նց ենք ապրում, ի՞նչ պայմաններում, եւ ինչո՞ւ դուք չեք ճանաչում մեր ընտրությունները, երբ մենք փորձում ենք ժողովրդավար պետություն կառուցել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4