Երբ ներքին հայացքդ ի բնե, ի ծնե գեղեցկատենչ է, առավելապես երբ մթնոլորտն էլ նպաստող է, այդ որոնող աչքն ամենաաննշմար տեղում գեղեցկության հետքեր կգտնի:
Լեւոն Լաճիկյանը գեղեցկություն փնտրող էություն ունի: Հնաբույր միջավայրով ու մշակույթով ծննդավայր Գյումրին ադեն իսկ նրա գեղագիտական առաջին զգացողությունները ձեւավորող հոգեհարազատ վայրն է եղել: Տարիներ ի վեր, ուսումնառության ու կյանքային փորձություններով դրանք հղկվել, բյուրեղացել են. «Աչքս բացել եմ մի քաղաքում, ուր ամեն անկյուն պատմություն է ու մշակույթ: Ապրել եմ այդ միջավայրում, բայց չեմ զգացել գեղեցկությունները: Հետագայում, երբ ծննդավայրիցս հեռացա, եւ ավելի ուշ էլՙ երբ Փարիզում, Վենետիկում, Նյու Յորքում եղա, վերադարձա Գյումրի, նորովի գնահատեցի նրա գեղեցկությունը»:
Թերեւս արվեստն էլ այդպես է ծնվում, երբ վերաբերմունքը, սերը գիտակցական-իմացական է դառնում: Այս նոր վերաբերմունքը ծնում է նոր արտահայտչամիջոց: Գյումրին Լեւոնի համար դարձավ իր մեջ մշտապես առկա, գոյող նկարչի ստեղծագործական ներշնչանքը եւ ուրիշ էլ ինչպես, եթե ոչ քաղաքային միջավայրով ներկա պիտի լիներ հայրենի քաղաքը նրա գծանկարներում:
Երբ ասում է, որ քաղաքում քայլելը վայելք է, ու շուրջը շնչահեղձ լինելու չափ գեղեցիկ, ուրեմն որքան է այդ հուզումը, զգացումը լիաբուռ, ջերմ, որից էլ ծնվել է «Գյումրի, իմ սեր» Լաճիկյանի նկարաշարը: Քաղաքային միջավայրն առհասարակ Լաճիկյանի պատկերային արտահայտչաձեւերի հիմնական օբյեկտն է, սակայն ճշգրիտ կամ ուղղակի պատկերավորումների մեջ ներկա է ամենակարեւորըՙ խոհականությունն ու զգացողությունըՙ նուրբ մի աշխարհ, որով նա իր վերաբերմունքն է դրսեւորում կամ ավելի ստույգՙ իր ներաշխարհի գույները (որակները):
Եթե ծննդավայր Գյումրին ներկա է իր ազդեցության անմիջական մեղեդիով, ապա Գորիսըՙ ինչպես է այդքան հարազատորեն ու ջերմորեն ընկալվելՙ միայն իրեն հատուկ ճարտարապետությամբ, շենքերի, բակերի, նուրբ, թրթռացող ելեւէջներով, բանաստեղծորեն, թափանցիկ, պայծառ թախիծով: Այս նույն զգացողությունըՙ սիրո ու գուրգուրանքի, պարուրում է նաեւ Կարսի ամրոցն ու Առաքելոց վանքը, պատմական մեր հայրենիքի լքված սուրբ անկյունները. «Արտասվելու չափ գեղեցիկ է Արեւմտյան Հայաստանը: Եվ եթե բնությունն անխաթար է մնացել, նույնը չես ասի բնակավայրերի մասին»: Եվ նա գծանկարում է այս մնացածը, այսօրվա եղածը. ու սա ժամանակակցի տարեգրության եւս մի եղանակ է, որն արձանագրում-ավանդվում է պատմությանը:
«Նա Արեւմտյան Հայաստանում եղել է մեկ անգամ, բայց հայացքի շրջագիծը ամբողջությամբ ընդգրկել է Արեւմտյան Հայաստանը, ինչպես իր ծննդավայր Գյումրին: Այնքան գեղեցիկ է նրա Կարսի ամրոցը եւ Առաքելոց վանքը, եւ իր տպավորություններն այնքան իրական ու ճշմարիտ են, որ կարող են ընկալվել որպես ժամանակագրություն: Նրա գծանկաներում ոչ մի կոր գիծ չկա: Ուղիղ գծերի միջոցովՙ իրական կյանք: Սա կենսագրություն է նաեւ, որ այս գծագրերի մեջ է դրվածՙ ուղղամիտ ու ճշմարիտ ապրած»:
«Լաճիկյանը մշակութաբան է եւ էսթետ, երկուսն էլ արտահայտված են իր ստեղծագործության մեջ, առկա է թե՛ գեղագիտական իդեալը, թե՛ որոշակի գրական ռոմանտիզմը: Գրաֆիկայի սուղ ատահայտչամիջոցների պարագայում անգամ, նրա սեւ եւ սպիտակ կոնտրաստների մեջ տեսանելի է գույնըՙ երկնքի կապույտը, հողագույնը, կղմինդրների կարմիրը»:
«Նրա տաղանդի տարբերանշանը գեղագիտությունն է, որ լեյտմոտիվի պես արտահայտված է ստեղծագործության բոլոր դրսեւորումներում: Եվ ամենաէականըՙ նրա խոսքն ու գործը համահունչ են: Նա ոչ միայն քննադատում, չափանիշներ է ձեւավորում արվեստի դաշտում, այլեւ հետեւում է իր իդեալների չափանիշներին»:
Այսպիսի տպավորություններ հայտնեցին Ժոզեֆ Ավետիսյանը, Վարդան Դեւրիկյանը, Դանիել Երաժիշտըՙ «Նարեկացի» արվեստի կենտրոնում երեկ բացված Լեւոն Լաճիկյանի նկարչական առաջին ցուցահանդեսին:
Լաճիկյանի նկարչության մեջ գծի մաքրությունն ու տեխնիկական անթերի կատարումը ամենանկատելի որակն է, եւ հետաքրքրական է, որ պատկերին մթնոլորտ ապահովող գույնի բացակայությունն այստեղ լրացնում են իր ներքին զգացողական շերտերի նուրբ ելեւէջումները, որով էլ ապահովվում է հայկական այս քաղաքների ու բնակավայրերի հարազատ մթնոլորտը: Ասվածի վկայությունն է նաեւ իր հայացքի ներքո խաչվող ճանապարհների քաղաքային այլ պատկերներ. ահա Փարիզը, Վենետիկը, Ամստերդամը, Պրահան, Նյու Յորքը: Շատ հաջողված է «Հառաչանք կամուրջը»: Այդ հայացքի շրջագծում Երեւանը, ցավոք, միայն մեկ արտահայտություն է գտելՙ հնի ու նորի կոնտրաստներով: «Չկա Երեւանում այն թաղամասը, որով քայլելիս բանաստեղծական զգացողությամբ համակվես»: Ըստ նրա, հինը պատմություն է, դասագիրք, ու երբ վերացնում են, քաղաքն աղքատանում, դատարկվում է:
2006 թվականին Լեւոն Լաճիկյանն իր «Խաչվող ճանապարհներ» գրքի տպագրության առիթով գծանկարների մի փորձ արեց ու որոշեց գնալ Հակոբ Հակոբյանի մոտՙ խորհուրդ իմանալու: Վարպետը հավանություն տվեց ու հորդորեց շարունակել. «Հակոբյանի խոսքն ինձ քաջալերեց վերադառնալու այն աշխարհը, որտեղ ես միշտ եղել եմ, գուցեեւՙ ենթագիտակցորեն»:
Իսկ վարպետն այսպես է գնահատել Լաճիկյանի անդրանիկ փորձերը. «Անչափ տպավորված եմ Լեւոն Լաճիկյանի գծանկարներով: Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով եւ նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են: Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում»:
Լ. Լաճիկյանի հայացքը, որ նրբաճաշակորեն խաչվում է արվեստի ճանապարհներին նույն անկեղծ ու հուզական դրսեւորումներն ունի թե՛ գրի, թե՛ պատկերագծի ձեւերում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ