Երեկ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանըՙ մասնակցությամբ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Մերձբալթյան երկրների, Վրաստանի վերահսկիչ մարմինների ղեկավարների, Լեհաստանի Վերահսկիչ պալատի նախագահի (Յացեկ Եզիերսկին նաեւ Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահն է): Նստաշրջանը գումարվել էր «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում» թեմայով, օրակարգում էին բազմաթիվ հարցեր, այդ թվում` համատեղ վերահսկողական միջոցառումների վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում, խորհրդի գործունեության արդյունքների մասին զեկույցներ, տարածաշրջանային երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցության վերաբերյալ ծրագրերի բարձրաձայնում:
Ըստ կառավարության մամուլի ծառայության` կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցող խորհրդի նիստում երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել եւ խոսել վերահսկիչ մարմինների դերի մասին պետության կառավարման գործում. «Վերահսկիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացումը կնպաստի կառավարության աշխատանքների, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, առավել թափանցիկ աշխատելուն: Դա կառավարությանը սեփական ռեսուրսների բացահայտման հնարավորություն կտա: Հենց այս առումով վերահսկիչ պալատի դերը մեծ նշանակություն է ստանում: Մեզ համար հետաքրքրական է նաեւ վերահսկիչ մարմինների միջազգային փորձը: Այդ առումով կարեւորում ենք միջազգային համագործակցությունը տարբեր երկրների վերահսկիչ մարմիների հետ»:
Վարչապետը նաեւ ասել է, որ կառավարությունն արդյունավետ համագործակցում է Վերահսկիչ պալատի հետ, հատկապես պետական գերատեսչություններում ֆինանսական միջոցների արդյունավետ գործածման ուղղությամբ:
Համաժողովի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ ստուգումների ծրագրի մասին. ըստ ՌԴ-ի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի , ով այդ մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում, այդ ստուգումներն ըստ միջպետական պայմանավորվածությունների կանցկացվեն նաեւ ՌԴ-ի ռազմաբազայի գործունեության տարբեր բնագավառներում: Նա խոսեց կոռուպցիոներներին բռնելու եւ դատական պատասխանատվության ենթարկելու մասին եւ չզլացավ ասել, որ Մոսկվայում եւս շատ հայ կոռուպցիոներներ կան: «Այս համագումարի շրջանակներում ՌԴ-ի հետ ստորագրելու ենք համատեղ ստուգումների ծրագիր: Հաջորդ տարի համատեղ ստուգելու ենք ՎՏԲ բանկի հայաստանյան մասնաճյուղի, «Գազպրոմ»-ի գործունեությունը, նաեւ անդրադառնալու ենք ռազմակայաններում տեղակայված գույքի տնօրինման վերաբերյալ հարցերին», ելույթ ունենալով խորհրդի նիստումՙ ասաց Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը :
Մ. Խ.