«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ, ԸՍՏ ԱՄՀ-Ի, ԿԼԻՆԻ 4 ՏՈԿՈՍ

Իսկ ԱԱՀ գերավճարները «զավեշտալի բարձր են»

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած առաքելության Հայաստան կատարած երկշաբաթյա այցելության արդյունքներին եւ ներկայացրեց կազմակերպության դիտարկումները Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ:

Գիերմո Տոլոսան նշեց, որ նախորդ տարվա 14-տոկոսանոց տնտեսական անկումից հետո Հայաստանի տնտեսությունն այժմ դանդաղ տեմպերով վերականգնվում է: Արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտները, ըստ նրա, նոր շունչ են առնում, բայց գյուղատնտեսության վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ բնակլիմայական պայմանները: Ելնելով դրանից, ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կկազմի 4 տոկոս, իսկ 2011-ին` 4,5 տոկոս: Տարեկան աճի ցուցանիշը, որ օգոստոսին հասել էր 9,6 տոկոսի, ակնկալվում է, որ կմեղմանա եւ նվազելով, տարեվերջին կկազմի 7 տոկոս:

Ըստ ԱՄՀ ներկայացուցչի, անհրաժեշտ է ամրապնդել հանրային ֆինանսների վիճակը, բյուջեի եւ պարտքի կառավարելիությունն ապահովելու համար: Մատնանշելով Հայաստանի հիմնական գործընկերներ Ռուսաստանի եւ Եվրոպական միության տնտեսական անբարենպաստ հեռանկարները, Գիերմո Տոլոսան կարեւորեց կառուցվածքային բարեփոխումների արագ իրականացումը` մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը բազմազանեցնելու համար:

ԱՄՀ առաքելությունն ակնկալում է, որ կբարելավվեն պետական եկամուտների ցուցանիշները, ինչը հնարավորութւոյւն կտա նվազեցնելու բյուջեի պակասորդը ՀՆԱ մոտ 4,75 տոկոսի չափով; Եկող տարի այդ ցուցանիշը պետք է լինի 4 տոկոսից ցածր, 2012-ին` 3 տոկոսից; Հայաստանի կառավարության այս մոտեցումը պակասուրդի նվազեցման վերաբերյալ Գիերմո Տոլոսան ճիշտ եւ միջազգային փորձին համապատասխան համարեց, նշելով, որ այս ցուցանիշի ավելի արագ նվազեցման դեպքում դա կարող է վնասել տնտեսության վերականգմանը, իսկ դանդաղ իջեցման դեպքում` արտաքին պարտքի կրելիությանը:

Արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ ԱՄՀ ներկայացուցիչն ասաց, որ այս տարվա համար կկազմի ՀՆԱ մոտ 45 տոկոսը, եկող տարի էլ որոշ չափով կաճի, իսկ 2012-ից կսկսի նվազել:

Ավելացված արժեքի հարկի գերավճարների կուտակման վերաբերյալ տրված հարցին պատասխանելովՙ Գիերմո Տոլոսան նկատեց, որ տնտեսվարողներին հետ վերադարձնելու ենթակա այդ գումարները «զավեշտալիորեն բարձր են», եւ իրենք ցանկանում են հասկանալ, թե ինչու է դա այդպես, քանի որ հակախթան է արտահանման համար, մինչդեռ հարկ է զարգացնել արտահանումը Հայաստանից: Համենայն դեպս, ըստ ԱՄՀ ներկայացուցչի, Հայաստանի կառավարությունը հիմնադրամին հավաստիացրել է, որ ջանքեր է գործադրելու այդ իրավիճակն ուղղելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4