«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2010-09-28 | #176, 2010-09-29 | #177, 2010-09-30


«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՒՄ Է ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԲԱՑՈՒՄՈՎ

Ընկերություն էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը

Հայաստանի սննդի արդյունաբերության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերությունը այս տարի նշում է իր 10-ամյակը: Այս տարի ընկերությունը բացել է նաեւ նորՙ խմորեղենի արտադրամասը: Այս իրադարձությունների կապակցությամբ երեկ ընկերություն այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ծանոթացավ ընկերության արտադրական գործընթացին, նոր արտադրամասի հնարավորություններին:

Լրագրողներին ընկերության անցած տարիների ձեռքբերումները ներկայացրեց «Գրանդ Քենդիի» սեփականատեր Կարեն Վարդանյանը: Տեղեկացնելով, որ ընկերությունը հիմնադրվել է 10 տարի առաջՙ 2000-ին, Կարեն Վարդանյանն ընդգծեց, որ այդ տարիների ընթացքում ձեռնարկությունում աշխատողների թիվը հասել է 2000-ի, ընկերության կողմից պետական բյուջե կատարած վճարումներըՙ ավելի քան 12 մլրդ դրամի, ընկերությունում կատարված ներդրումներն ավելի քան 11 մլրդ դրամի, արտադրատեսականինՙ 350-ի: Ինչ վերաբերում է նորաբացՙ խմորեղենի արտադրամասին, ապա այստեղ ստեղծվել են 200 նոր աշխատատեղեր:

«Մեր նպատակն է յուրաքանչյուր տարի բացել նոր արտադրամաս եւ 2020-ին «Գրանդ Քենդիում» աշխատողների թիվը հասցնել 4000-ի», ասաց Կարեն Վարդանյանը : Այն հարցին, թե ընկերության արտադրանքի արտահանման ցուցանիշներն ինչպիսի՞ն են, «Գրանդ Քենդիի» ղեկավարը պատասխանեց, որ արտահանում են Վրաստան, բայց ընդհանրապես արտահանումը դժվարությունների է հանդիպում, քանի որ բոլոր երկրներում առկա է չերեւացող պետական հովանավորությունը տեղի արտադրողների հանդեպ:

Ընկերության գործունեությանն անդրադարձավ նաեւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ՙ ասելով, որ «Գրանդ Քենդին» այն ընկերություններից է, որը կարողացավ բավականին լավ ցուցանիշներ ցույց տալ անցածՙ ճգնաժամային տարում: Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ ընկերությունը բավականին մեծ թվով աշխատատեղեր է ապահովում եւ փոխարինում է ներմուծմանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4