Աշխարհի շատ երկրներում, նաեւ Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերն այսօր տուժում են փտախտ վարակից: Այս մասին երեկ տեղեկացրեց նորարար, հողագետ Հրաչիկ Նազարյանը: «Փտախտը պայմաններ է ստեղծում նաեւ այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման եւ բազմացման համար: Գյուղատնտեսության համար սա ողբերգություն է», ասաց Հրաչիկ Նազարյանը : Փտախտը սպառնում է հողերի բերրիությանն ու բերքատվությանը, սակայն փտախտը բերրի հողերի համար միակ խնդիրը չէ:
Էկոլոգ, փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ «Արմատ» ակումբում նշեց, որ մեր երկրի հողային շերտը վնասվում է նաեւ սողանքների ու լանջային էռոզիայի պատճառով. «Կորցնում ենք մեր բերրի հողային շերտը, ընկնում է հողային ռեսուրսների բերքատվությունը»:
Հրաչիկ Նազարյանի խոսքով` փտախտը կանգնեցնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր: Բոլոր թունաքիմիկատներն ունեն պիտանիության ժամկետ, ուստի դրանք անընդհատ պետք է փոխել: «Այս հիվանդության դեպքում նախ պետք է սկսել պրոֆիլակտիկ բուժումներից եւ հողերն ախտահանելուց», ասաց հողագետը եւ տեղեկացրեց. «Ունենք դեղամիջոցներ, որոնք հողը մաքրում են սնկերից»: Հրաչիկ Նազարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հիվանդ ցանքատարածությունների բերքը ժողովրդին վաճառել չի կարելի. «Պետք է բարձրաձայնել այս մասին: Օրինակ` երեւանցին ի՞նչ իմանա, որ կարմիր պոմիդորը ստացվել է հիվանդ հողից»: Նորարար գյուղատնտեսը «բիոկոմպլեքս» անվանումով նոր դեղամիջոց է առաջարկում. «Արդեն փորձարկումներ ենք արել 10 հա խաղողի երիտասարդ այգում եւ ստացել ենք գերազանց արդյունք»:
Ի. Պ.