«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2010-09-29 | #177, 2010-09-30 | #178, 2010-10-01


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կառավարության արտագնա նիստում խոսեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Կառավարության երեկվա նիստը տեղի ունեցավ Տավուշի մարզում: Մարզի իրավիճակին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Ըստ վարչապետիՙ մարզի առաջին կարեւոր առանձնահատկությունն այն է, որ մարզը սահմանային էՙ համայնքների ու բնակավայրերի 40 տոկոսը սահմանային է, ընդ որում` հինգը գտնվում են ուղղակի կրակի տակ: «Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է գտնվի Տավուշի մարզի բնակչության անվտանգության ապահովման խնդիրը», ասաց Տիգրան Սարգսյանը:

Երկրորդ առանձնահատկությունը, վարչապետի հավաստիացմամբ, այն է, որ այլ մարզերի համեմատ` այստեղի ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են, եւ բնակչությունը դա նկատում է: Դրական ազդեցություն են թողել նաեւ 2010-ին կատարված լայնամասշտաբ աշխատանքները: Երրորդ առանձնահատկությունն այն է, որ հիմնական մտահոգող խնդիրը ոչ թե գործազրկությունն է, ինչպես այլ մարզերում, այլ բնակչության կենցաղային պայմանները: «Բոլոր քաղաքացիներն այս խնդիրն են համարում առաջնահերթ: Պատահական չէ, որ մտահոգող հարցերի շարքում անտառներում, անտառային տնտեսությունում ստեղծված իրավիճակն է», նշեց վարչապետը: Նա նաեւ առանձնացրեց առողջապահության նկատմամբ Տավուշի բնակչության ավելի խստապահանջ վերաբերմունքը: «Դա էլ բացատրվում է նրանով, որ եթե անվտանգության խնդիրներն առաջնային են, ապա մարզում պետք է լինեն որակյալ բուժհիմնարկներ, որպեսզի մարդիկ կարողանան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ստանալ հենց մարզում», շեշտեց Տիգրան Սարգսյանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4