Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեռեւս սեպտեմբերի 24-ին ԱԳՆ է հրավիրել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգին` հանձնելու իր բողոքի նոտան: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանը ԱՄՆ-ին նոտա է հղել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգներում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Հովարդ Բերմանի հետ:
Նույն ադրբեջանական աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը պետքարտուղարությունից հավաստիացրել են, թե Ղուլյանը Միացյալ Նահանգներում է գտնվել որպես մասնավոր անձ, որպես Հայաստանի քաղաքացի ու պաշտոնական հանդիպումներ չի ունեցել:
Չնայած ԱՄՆ պաշտոնական նման արձագանքին, Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղն իր անկախ եւ ինքնուրույն քաղաքականությամբ ու առկայությամբ գոյություն ունի, եւ այդ առնչությամբ Ադրբեջանը հաստատապես ոչ մեկին նոտա հղել չի կարող:
Ա. Հ.