«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2010-09-30 | #178, 2010-10-01 | #179, 2010-10-02


ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑԸ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆՆ Է

Հայաստանում ողնաշարային հիվանդությունները, կարելի է ասել, այսօր չափազանց տարածված են: Դրանց առաջացման պատճառները բազմաբնույթ են:

18-ամյա աղջիկը, որը չուզեց իր անվան հրապարակումը, մինչեւ անցյալ տարի ունեցել է ողնաշարային հիվանդություն` սկոլիոզ: Նրա սկոլիոզը շատ բարդացած չի եղել ու կարճ ժամանակում բուժվել է: Բժիշկներն ասել են, որ աղջկա սկոլիոզն առաջացել է դպրոցական պայուսակն անընդհատ մի ուսին կրելու պատճառով:

Կեցվածքի շեղումներ` սկոլիոզ, խորացած ախտաբանական լորդոզ եւ կիֆոզ

Կեցվածքի շեղումները տարածված են հիմնականում դեռահասների ու երեխաների մեջ: Սկոլիոզի ժամանակ ողնաշարն իր ուղիղ առանցքից թեքվում է աջ կամ ձախ: Սկոլիոզի սկզբնական շրջանում, երբ հետեւից նայում ես ողնաշարին, այն ունենում է «C» տառի ձեւ: Ժամանակի ընթացքում առաջանում է ողնաշարի 2-րդ կորությունը` արդեն հակառակ ուղղությամբ, եւ ողնաշարը նմանվում է «S» տառի:

Ողնաշարային հիվանդություններ են նաեւ խորացած ախտաբանական լորդոզն ու կիֆոզը: Առողջ ողնաշարն ունի առաջ ու հետին ֆիզիոլոգիական կորություններ, ինչը համարվում է նորմալ: Դեպի առաջ ընկած կորությունը կոչվում է լորդոզ, դեպի հետ ընկած կորությունը` կիֆոզ: Եթե այս կորությունները խորացված են, ուրեմն մարդն ունի կեցվածքի շեղում` խորացած ախտաբանական լորդոզ կամ կիֆոզ:

Կինեզիոթերապեւտ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ դպրոցականների մեջ կեցվածքի շեղումներ են առաջանում սեղանի մոտ, համակարգչի ու հեռուստացույցի առջեւ սխալ դիրքով, այսինքն` կռացած նստելու պատճառով: «Նստելիս մեջքը պետք է ուղիղ պահել, ուսերը` հետ: Կարեւոր է նույնիսկ աշակերտական սեղանի լավ լուսավորվածությունը, որպեսզի երեխան պարապելիս չլարվի. սեղանի լույսը պետք է ընկնի ձախից: Դպրոցական պայուսակն էլ հարկավոր է կրել ոչ թե մեկ, այլ երկու ուսով», զգուշացնում է կինեզիոթերապեւտը: Դեռատի աղջիկների մեջ կեցվածքի շեղումների պատճառ կարող է դառնալ նաեւ երկար ժամանակ բարձրակրունկ կոշիկներ հագնելը: Տ. Պետրոսյանը տեղեկացնում է, որ երեխաների ոչ ճիշտ մարզվելը նույնպես կարող է հանգեցնել ողնաշարային հիվանդության: Օրինակ` երեխայի ողնաշարը կծռվի, եթե նա մարզագնդերն անընդհատ բարձրացնի ու իջեցնի միայն մի ձեռքով:

«Կան նաեւ երեխաներ, որոնք հակված են ունենալու կեցվածքի շեղումներ` կախված իրենց կառուցվածքային առանձնահատկություններից: Նման դեպքերում սխալ դիրքով նստելը կեցվածքի շեղումների առաջացման համար ոչ թե պատճառ, այլ խթանող հանգամանք է դառնում», ասում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը :

Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել եւ առաջին իսկ շեղումները նկատելիս երեխայի հետ դիմել բժշկի: Եթե բուժումը շուտ սկսվի, ավելի արդյունավետ կլինի: Օրինակ` սկոլիոզը կարող է բարդանալ. առաջին աստիճանից հասնել չորրորդի, ծանր դեպքերում կեցվածքի շեղումներն ուղեկցվում են ցավերով, ուստի բժշկի պետք է դիմել ժամանակին:

Դեգեներատիվ (այլակերպային) հիվանդություններ` օստեոխոնդրոզ եւ միջողնային սկավառակի ճողվածք

Ողնաշարային հիվանդությունները կարելի է բաժանել խմբերի` վնասվածքների, ուռուցքային (լինում են նաեւ ողնաշարի ուռուցքներ), դեգեներատիվ հիվանդությունների, կեցվածքի շեղումների եւ այլն: Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններն ընթանում են հյուսվածքների (աճառային, ոսկրային) քայքայումով: Օստեոխոնդրոզն ու միջողնային սկավառակի (աճառի) ճողվածքը կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «ողնաշարի գռիժան» ձեռքբերովի հիվանդություններ են:

51-ամյա Լաուրան ողնաշարի հետ կապված առաջին գանգատներն ունեցել է դեռ 28 տարեկանում: Դիմել է բժշկի ու գնացել է բուժման: Մի քանի ներարկումներից հետո իրեն համեմատաբար լավ է զգացել: Այնուհետեւ տիկին Լաուրայի համար ծանր տարիներ են սկսվել: Նա 4 երեխաների է մեծացրել: «Անընդհատ կռացած լվացք էի անում: 90-ական թվականներին ջուր էլ չունեինք: Դույլերով ջուր էի կրում ու 7 հարկ ոտքով բարձրացնում,- պատմում է տիկին Լաուրան,- 40 տարեկանում արդեն մեջքի ուժեղ ցավեր ունեցա, հետո` գլխացավեր: Շուտ էի հոգնում, անընդհատ պառկել էի ուզում»: Տիկին Լաուրան նորից գնացել է բուժման, որը տեւել է 3 տարի: Բժիշկներն ախտորոշել են ողնաշարի ճողվածք ու նստանյարդի բորբոքում, որը հենց ողնաշարի ճողվածքի հետեւանքն է: Ըստ բժիշկների` տիկին Լաուրայի հիվանդությունն առաջացել է անընդհատ ծանրություն վերցնելու, բարձրացնելու պատճառով: «Չնայած այս հիվանդությունն ամբողջովին չի բուժվում, բայց մանուալ թերապիայի գնալուց հետո ինձ ավելի լավ եմ զգում: Հիմա գոտկատեղի ցավեր միայն ծանրություն վերցնելիս եմ ունենում», պատմում է տիկին Լաուրան:

Ֆիզիկական ծանր աշխատանքն ու մեծ ծանրություն վերցնելը ողնաշարի ճողվածքի առաջացման հիմնական պատճառներն են: Ըստ նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանի ` արդեն ապացուցված է, որ ծխելը եւս նպաստում է օստեոխոնդրոզի ու ողնաշարի ճողվածքի առաջացմանը: «Ոչ թե քիչ ծխել, այլ պետք է ընդհանրապես չծխել», ասում է Դ. Պատրիկյանը:

Ողնաշարի ճողվածքի ժամանակ հիվանդն ունենում է ոտքերի ու գոտկային ուժեղ ցավեր, ցավից չի կարողանում անգամ նորմալ քայլել, հազիվ է քարշ տալիս ոտքերը: «Ծանրագույն դեպքերում կարող են լինել նաեւ ակամա միզարձակություն ու արտաթորում», նշում է կինեզիոթերապեւտը:

Ողնաշարի ճողվածք շատ են ունենում հատկապես ծանրամարտիկները:

Դեգեներատիվ հիվանդություն է նաեւ օստեոխոնդրոզը, որը տարածված է ողնաշարի բոլոր հատվածներում` սկսած պարանոցային հատվածից, վերջացրած պոչուկայինով: Մարդիկ երբեմն ասում են, թե օստեոխոնդրոզը ողնաշարի աղային կուտակում է: Տիգրան Պետրոսյանը բացատրում է, որ օստեոխոնդրոզն աղային կուտակումների հետ ոչ մի կապ չունի. «Օստեոխոնդրոզը միջողային սկավառակների (դիսկերի) քայքայումով ու տձեւացումով ընթացող հիվանդություն է, որի ժամանակ ողերում կարող է առաջանալ ոսկրային գերաճ»: Շոշափելով ողնաշարի կոշտացումները` շատ անգամ հիվանդներն ասում են, թե դրանք աղային կուտակումներ են: «Այդ կոշտացումները ոչ թե աղային կուտակումներ, այլ օստեոֆիտներ են` ոսկրային կոշտուկներ», ասում է Տ. Պետրոսյանը:

Օստեոխոնդրոզի առաջացմանը նպաստող գործոններից են ֆիզիկական ծանր աշխատանքը եւ համակարգչի առաջ երկար ժամանակ աշխատելը: Օստեոխոնդրոզն առաջանում է հիմնականում 30-40 տարեկանից հետո: «Տարիների ընթացքում մկանները թուլանում են, մանավանդ հայերիս դեպքում, քանի որ չենք զբաղվում սպորտով: Եթե մկանները թույլ են, բնականաբար, ծանրությունն ընկնում է արդեն ողնաշարի վրա, -բացատրում է կինեզիոթերապեւտը,- հենց այդ ծանրությունից էլ միջողնային սկավառակները վնասվում ու այլակերպվում են` պատճառ դառնալով օստեոխոնդրոզի առաջացման համար»:

Օստեոխոնդրոզի հիմնական ախտանշանները ցավերն են: «Եթե հիվանդը երկար ժամանակ բժշկի չի դիմում ու չի բուժվում, օստեոխոնդրոզը գցում է նրա կյանքի որակը: Մարդը չի կարողանում նստել, քայլել, ֆիզիկական աշխատանք կատարել», ասում է Դավիթ Պատրիկյանը:

Ողնաշարի ճողվածքի եւ օստեոխոնդրոզի կողմնակի բարդություններից է ռադիկուլիտը, որի դեպքում հիվանդը ձեռքերի կամ ոտքերի ցավեր է ունենում: Երբեմն վերջույթները թմրում են, եւ հիվանդը դրանք նորմալ ձեւով շարժել չի կարողանում:

«Ըստ մեր բաժանմունքի վիճակագրական տվյալների` ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններն ավելի տարածված են մինչեւ 55-60 տարեկան տղամարդկանց մեջ, քան նույն տարիքի կանանց: Դրա պատճառն այն է, որ մինչեւ 55-60 տարեկան դառնալը տղամարդիկ ֆիզիկական աշխատանք ավելի շատ են կատարում, քան կանայք», տեղեկացնում է Դավիթ Պատրիկյանը: 55-60 տարեկանից հետո արդեն կանայք ավելի շատ են ունենում ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ, քան նույն տարիքի տղամարդիկ: Դ. Պատրիկյանը բացատրում է, որ 55-60 տարեկանից հետո կալցիումի քանակը կանանց մեծ մասի մեջ պակասում է, տեղի է ունենում դեկալցինացիա, ինչի պատճառով էլ ողնաշարային հիվանդություններ ունեցող կանանց թիվը մի փոքր ավելանում է:

Ողնուղեղի վնասվածքը` ծանրագույն ախտորոշում

Ողնաշարային հիվանդությունների առանձին խումբ են կազմում ողնաշարի վնասվածքները, որոնք կարող են լինել պարանոցային, կրծքային ու գոտկային հատվածներում: «Տարբերակում ենք 2 ձեւի կոտրվածքներ` բարդացած ու չբարդացած: Եթե կա ողնուղեղի վնասվածք, դա համարում ենք բարդացած կոտրվածք», ասում է նյարդավիրաբույժը եւ ցավով նշում, որ բարդացած կոտրվածքներ ունեցող հիվանդների մեծամասնությունը հաշմանդամ է մնում: «Ողնուղեղի վերականգնումը շատ բարդ գործընթաց է, սակայն սխալ է ասել, թե ողնուղեղի վնասվածք ունեցողներից ոչ մեկին հնարավոր չէ փրկել հաշմանդամությունից: Երբ ողնուղեղի վնասվածքով հիվանդ ենք ընդունում, ոչ ոք իրավասու չէ կանխորոշելու հիվանդի ապագան` արդյոք նա կկարողանա՞ քայլել, թե՞ ոչ», ավելացնում է նյարդավիրաբույժը: Եթե կոտրվածքը բարդացած չէ, այսինքն` չկա ողնուղեղի վնասվածք, հիվանդների վիճակն ավելի բարվոք է լինում. «Մի քանի ամիս հետո աստիճանաբար վերադառնում են իրենց սովորական կենսակերպին», ասում է Դ. Պատրիկյանը: Վնասվածքներ մարդիկ կարող են ստանալ հարվածների, վթարների, բարձրությունից ընկնելու, աղետների ժամանակ: Օրինակ` 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո հաշմանդամների թիվը Հայաստանում կտրուկ ավելացավ:

Եթե վնասվածքները լինում են գոտկային ու կրծքային հատվածներում, հիվանդը չի կարողանում շարժել ոտքերը, կարող է խանգարվել նաեւ միզարձակության ֆունկցիան: Պարանոցային հատվածի վնասվածքների ծայրահեղ դեպքերում չորս ծայրանդամներում էլ հիվանդն ունենում է շարժումների բացակայություն:

Ողնաշարի վնասվածքներով հիվանդներին արագ ու կազմակերպված օգնություն ցուցաբերելը շատ կարեւոր հանգամանք է: Հիվանդանոցները պետք է ապահովված լինեն համապատասխան պայմաններով ու կադրերով: Դավիթ Պատրիկյանն ասում է, որ մեր հիվանդանոցներն ապահովված են բոլոր այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են ողնաշարի` տարբեր մակարդակների վնասվածքներով հիվանդների բուժումը կազմակերպելու համար: «Ասեմ ավելին` վիրահատությունից հետո Կարմիր խաչի հիվանդանոցում հիվանդները կարող են վերականգնողական բուժում ստանալ: Կարմիր խաչի հիվանդանոցի հետվնասվածքային կենտրոնում է կազմակերպվում վերականգնողական բուժումը», տեղեկացնում է նյարդավիրաբույժը:

Ողնաշարի վնասվածքը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Միշտ չէ, որ հիվանդները կարողանում են շրջանցել հաշմանդամությունը: Չկարողանալով քայլել` նրանք ընկնում են սոցիալ-հոգեբանական ծանր վիճակի մեջ: «Ողնաշարի վնասվածքներով հիվանդների ոչ միայն բուժման հարցերն են կարեւոր, այլեւ նրանց մեր կյանքի ու առօրյայի մեջ լիարժեք ընդգրկելու գործընթացը, - նշում է Դավիթ Պատրիկյանը,- այս ուղղությամբ շատ քայլեր արդեն արվում են, չնայած դրանք բավարար մակարդակից դեռեւս հեռու են»: Նյարդավիրաբույժը նկատել է, որ փողոցների մայթեզրերն անցումների մասում այլեւս բարձր չեն կառուցվում: Արդեն կան գետնանցումներ, խանութներ ու շենքեր, որտեղ սայլակներով մարդիկ կարողանում են ինքնուրույն ելումուտ անել: «Այս ամենն օգնում է, որ վերականգնողական բուժումից հետո մարդիկ ինքնուրույն ապրել կարողանան», հավելում է Դ. Պատրիկյանը:

Կոտրվածքները, իհարկե, պատահականության հետեւանքն են. վթարներն ու աղետները չկանխատեսված են: Այնուամենայնիվ, բժիշկ Պատրիկյանը խորհուրդ է տալիս զգույշ լինել. «Պետք է խուսափել բարձր տեղերից թռչելուց: Թռչելիս ծանրությունը ոչ միայն ոտքերի վրա է ընկնում, այլեւ ողնաշարի»:

Ողնաշարային հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը

«Օրինակ` կեցվածքի շեղումները կանխարգելելն ավելի հեշտ գործ է, քան դրանք բուժելը, ուստի դեռ փոքր տարիքից ողնաշարի հետ երեխան պետք է ճիշտ վարվի», նշում է Տիգրան Պետրոսյանը, ապա բացատրում. «Երեխան պետք է նստի մեջքն ուղիղ, կատարի չափավոր մարմնամարզություն»: Առհասարակ, մարմնամարզությամբ պետք է բոլորս զբաղվենք. չափավոր մարզումները զարգացնում, ուժեղացնում են մկանները, ինչի շնորհիվ ծանրությունը միայն ողնաշարի վրա չի ընկնում: «Լողը, վազքը, տարբեր ձեւերի սպորտային խաղերը շատ օգտակար են առողջության համար», հավելում է Դավիթ Պատրիկյանը:

Ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների առաջացումն օրինաչափ ու բնականոն գործընթաց է: «Դեգեներատիվ գործընթացը մենք չենք կարող ընդհատել կամ վերացնել, բայց դանդաղեցնել կարող ենք», բացատրում է բժիշկ Պատրիկյանը: Մարմնամարզությունը, չծխելը, առողջ ապրելակերպը կարող են դանդաղեցնել դեգեներատիվ գործընթացները եւ օգնել, որ վիրահատության կամ այլ տեսակի բուժումների կարիք չզգացվի: Նյարդավիրաբույժը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից ու մեծ ծանրություն վերցնելուց. «Ողնաշարը վերամբարձ կռունկ չէ: Ես չեմ ասում` մարդն ընդհանրապես չպետք է կատարի ֆիզիկական աշխատանք, իհարկե, պետք է կատարի, բայց չափավոր` ոչ թե իր ուժերի ներած չափով, այլ ուժերի ներածից էլ քիչ»: Կարեւոր հանգամանք է նաեւ չգիրանալը, որովհետեւ ողնաշարի վրա գիրությունն ավելորդ ծանրաբեռնություն է:

Տիգրան Պետրոսյանը նշում է, որ հազվադեպ է հնարավոր լինում ամբողջովին բուժել կամ շտկել ողնաշարային հիվանդությունները. «Հաճախ մնացորդային երեւույթներն անխուսափելի են անգամ վիրահատությունց հետո»:

Ամբողջ աշխարհում այսօր բուժման մեջ առաջնային տեղ են տալիս ֆիզիկական մեթոդներին` շտկող ֆիզիկական վարժություններին, ֆիզիոթերապիային, մերսումներին ու մանուալ թերապիային: Դեղորայքային բուժմանը դիմում են այն ժամանակ, երբ հիվանդն ուժեղ ցավեր է ունենում: «Եթե կա ցավ կամ նյարդի բորբոքում, որը ողնաշարային հիվանդության հետեւանքն է, ապա առաջնահերթը դեղորայքային բուժումն է: Բոլոր դեպքերում էլ մինչեւ ցավը չանցնի, չես կարող մտածել ֆիզիկական վերականգնման մասին», ասում է կինեզիոթերապեւտը: Ինչ վերաբերում է վիրաբուժական միջամտությանը, Տ. Պետրոսյանը նշում է. «Ողնաշարի ճողվածքի ժամանակ, եթե կան երկարատեւ, ուժեղ ցավեր, միզարձակության խանգարումներ, արդեն դիմում են վիրահատության»: Դավիթ Պատրիկյանի փոխանցմամբ` «Արմենիա» բժշկական կենտրոնում ողնաշարի ճողվածքի մեկ վիրահատության արժեքը 130 հազար դրամ է, եւ ըստ բժշկի` սա ամենաէժան գինն է ամբողջ հանրապետությունում: Դ. Պատրիկյանը նշում է, որ մարդիկ սկսել են բժիշկներին ավելի շատ դիմել. «Լինում է, որ շաբաթական ողնաշարի ճողվածքի 2-3 վիրահատություն ենք անում, իսկ տարեկան կտրվածքով` 100-ից ավելի վիրահատություն»:

Վիրաբուժական միջամտությանը դիմում են նաեւ կեցվածքի բարդացած շեղումների դեպքում, երբ հիվանդությունն արդեն խանգարում է սրտի աշխատանքին ու շնչառությանը:

Տիգրան Պետրոսյանը խորհուրդ է տալիս ողնաշարային հիվանդությունների ժամանակ խուսափել ինքնաբուժումից: Սխալ մերսումներն ու ֆիզիկական վարժությունները, ոչ համապատասխան դեղորայքը կարող են հիվանդի վիճակն ավելի վատացնել: Հաճախ մարդիկ դիմում են «ժողովրդական բժիշկների», օրինակ` հեքիմների օգնությանը, ինչը կարող է չօգնել հիվանդին: «Բարդություններից խուսափելու համար լավ կլինի միանգամից պրոֆեսիոնալ բժիշկների դիմել», հավելում է բժիշկ Պետրոսյանը, ապա ընդգծում. «Մասնագետին էլ պետք է հնարավորինս շուտ դիմել` առաջին իսկ ախտանշանները նկատելիս»:

Ողնաշարային հիվանդությունների բուժման տեւողությունը խիստ անհատական է` կախված հիվանդի վիճակից ու տարիքից:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4