Երեկ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով չի կայացել Հայ ազգային կոնգրեսի նախատեսած երթը: Երթը պետք է մեկնարկեր Սարյանի արձանին հարող պուրակիցՙ դեպի ԵԽԽՎ երեւանյան գրասենյակ:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ մի քանի պատվիրակների գլխավորությամբ ԵԽԽՎ երեւանյան գրասենյակին է հանձնվել նամակ-պահանջը, որը Կոնգրեսը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 29-ի քաղխորհրդի նիստում: Այդ նամակ-պահանջում առաջարկվում է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հոկտեմբերի 4-ի իր նիստում քննարկել ՀԱԿ-ի ներկայացրած ժամանակացույցը, որում ներառված են հետեւյալ պահանջներըՙ «քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ա1+ հեռուստաընկերության վերաբացում, հանրահավաքների, երթերի ազատության ապահովում, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: Նամակի հանձնումից հետո ՀԱԿ-ի համակիրները հավաքվել են Մ. Սարյանի արձանի մոտ:
Ի դեպ, երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ ՀՀ-ում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:
Հ. Ա.