«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2010-09-30 | #178, 2010-10-01 | #179, 2010-10-02


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Ասում է ամերիկացի հանրահայտ երգիչ Դանիել Դեքերը

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրան համերգասրահում համերգային ծրագրով հանդես է գալու ամերիկացի երգիչ, երգահան Դանիել Դեքերը: Հայ հասարակության մեջ Դանիել Դեքերի անունը հայտնի դարձավ «Մուշ» ստեղծագործությունից հետ: Այնուհետեւ Դեքերը գրեց իր «Ադանա» երգը, որը հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած նրա սիրո ու հարգանքի յուրահատուկ դրսեւորումն է: «Ադանա» ստեղծագործությունը թարգմանվել է տարբեր լեզուներով, 19 ազգեր արդեն երգում են «Ադանան»: Այս երգի մեջ Դանիել Դեքերը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Ամերիկացի երգիչը հիմա Հայաստանում է: Երեկ «Դե ֆակտո» ակումբում նա հանդիպեց լրագրողների հետ: «Ոսկե կամուրջ» մշակութային միջոցառումների մեկնարկը լինելու է հենց Դանիել Դեքերի համերգով հոկտեմբերի 9-ին: Ամերիկացի երգիչը պատմեց, որ առաջին անգամ հայկական երաժշտությանը նա ծանոթացել է կոմպոզիտոր Արա Գեւորգյանի միջոցով: «Առաջին անգամ լսելով հայկական երաժշտությունը` հասկացա, որ յուրահատուկ բան կա ոչ միայն երաժշտության, այլեւ հայերի մեջ: Այդքան դժվարությունների միջով անցած ժողովուրդը զարմանալի է, որ կարող է այսքան ուժեղ լինել: Իմ նպատակն է քաջալերել ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհում ապրող հայերին», ասաց Դանիել Դեքերը: Երգչին միշտ հարցնում են, եթե հայ չէ, էլ ինչու՞ է երգում հայերեն: Բացի նրանից, որ երգիչը շատ է սիրում Հայաստանը, նա նաեւ այսպիսի պատասխան տվեց. «Եթե Հայաստանը չափենք ըստ տարածքի, կտեսնենք, որ հայերը փոքր ազգ են: Եթե չափենք սրտի խորությամբ, ապա կտեսնենք, որ հայերը մեծ կայսրություն ունեն»: Դանիել Դեքերը նշեց, որ Հայաստանում ամենից շատ սիրում է հայ ժողովրդին. «Հուսով եմ իմ աշխատանքի միջոցով կարող եմ օգնել հայերին հասկանալու, որ նրանք մենակ չեն»: Որ Դանիել Դեքերը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, բնականաբար, թուրքերը դա խաղաղ ու հանգիստ չեն ընդունի: Երգիչը պատմեց, որ թուրքերը սպառնացել են նրան, բայց դա իրեն ամենեւին էլ չի վախեցնում: Մինչեւ համերգը Հայաստանում լինելու է նաեւ Դանիել Դեքերի «Ընտրությամբ` հայ» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Համերգի գեղարվեստական ղեկավար Արմեն Ատոնցն էլ անդրադարձավ «Ոսկե կամուրջ» մշակութային միջոցառմանը. «Որպես նախագծի գեղ. ղեկավար ասեմ, որ այս նախագծի շրջանակներում ուզում ենք ներկայացնել օտարալեզու այն կոմպոզիտորներին, որոնք առնչություն ունեն հայ երգի, երաժշտության ու մշակույթի հետ»: Ա. Ատոնցը նաեւ տեղեկացրեց, որ այս անգամ միայն մի համերգ է լինելու:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4