«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2010-10-01 | #179, 2010-10-02 | #180, 2010-10-05


ՎԱՇԱՁԵՆ ՉԻ ԸՆԿԱԼՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ՋԱՎԱԽՔԸ

Վերին Լարսը բաց է, բայց նաեւ փակ է` «տեխնիկական պատճառներով»

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն Երեւանում ամենայն անբարյացակամությամբ արձագանքեց հարցերից մեկին, որում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի անվանված տարածաշրջանը լրագրողը կոչեց Ջավախք:

Հասկանալի է վրաց արտգործնախարարի դժկամությունն ու դժգոհությունը, երբ Վրաստանի համար տհաճ հարցերից մեկին են անդրադառնում` հղում անելով այդ տարածաշրջանում առկա խնդիրների առնչությամբ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանային կոնվենցիան այդպես էլ չվավերացրած վրացական պետության պարտավորություններին:

Իհարկե, վրաց նախարարը կարող է իրեն թույլ տալ բավականին դժգոհ արձագանքել «Ջավախք» անվանմանն ու անգամ հայտարարել, թե նման աշխարհագրական վայր գոյություն չունի:

Սակայն եթե Վրաստանը վավերացրած լիներ իր համար այդքան չարաբաստիկ շրջանակային կոնվենցիան ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության էլի մի քանի բավականին ուժ ունեցող փաստաթղթեր, ապա հաստատապես ոչ միայն իրեն թույլ չէր տա, այլեւ իրավունք չէր ունենա գոյություն չունեցող ներկայացնելու մի տեղանուն, որը այդ տարածքում համապարփակ ապրող փոքրամասնության լեզվով է եւ փոքրամասնության կողմից է տրված:

Մասնավորապես, ԵԱՀԿ մակարդակով ընդունված Օսլոյի հանձնարարականները ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների վերաբերյալ նշում են, որ այն շրջաններում, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնություններին պատկանող մեծաթիվ քանակությամբ անձինք, եւ պահանջարկն էլ բավարար է, հանրային մարմինները բնակիչների համար պետք է ապահովեն տեղական անվանումները, փողոցների անունները եւ տեղագրական ուղեցույցները նաեւ փոքրամասնության լեզվով:

Դժվար թե բավականին գեղեցիկ եւ գրագետ անգլերենով ելույթ ունեցող Գրիգոլ Վաշաձեն անտեղյակ է, որ մի որեւէ պահից հաստատապես Վրաստանը ստիպված կլինի կատարել բոլոր այն անհրաժեշտ պահանջները, որ ներկայացվում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Ամեն դեպքում, սեփական երկրում առկա փոքրամասնությունների հանդեպ հարգանքից ելնելով անգամ հարկ էր, որ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ավելի կոռեկտ գտնվեր «Ջավախք» տեղանվանն արձագանքելու հարցում: Նույն տրամաբանությամբ վրաց նախարարը կարող էր հարցականի տակ դնել, թե ինչու ենք հայերս Վրաստանը կոչում Վրաստան, այլ ոչ, ասենք, Սաքարթվելո, ինչպես դա հնչում է վրացերենում, կամ Ջորջիա, ինչպես այդ երկրի որոշ ներկայացուցիչներ իրենց «բոցավառ» ելույթներում աշխարհին առաջարկում են անվանել իրենց հայրենիքը: Կամ ո՞ր օրենքով են իրենք Հայաստանը կոչում Սոմխեթիա:

Սակայն մինչ այդՙ Վրաստանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-4-ին Երեւանում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` նախարարին եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպելու: Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում էլ Վաշաձեն հնարավորինս կարճ ու ընդհանրական պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Հարցին, թե ինչպես եւ ինչ էր ի վերջո ասել Վրաստանի արտգործնախարարը ռուսաստանյան ռազմաբազայի` Հայաստանում տեղակայումը 49 տարով երկարաձգելու առնչությամբ, Վաշաձեն բարձրագոչ մի քանի արտահայտություն արեց, թե ով եւ ինչում է ինքնիշխան: Հետո էլ ավելացրեց, թե Հայաստանի անվտանգության առնչությամբ որեւէ մեկնաբանություն ինքը չի արել, ասել է, թե ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ ապատեղեկատվություն էին տարածել:

«Հայաստանն ինքնիշխան է եւ իրավունք ունի որոշելու իր անվտանգության հարցերը: Վրաստանն էլ ինքնիշխան իրավունք ունի մեկնաբանելու, թե ռազմաբազան ինչ սպառնալիք է Վրաստանի համար: Բայց Հայաստանի անվտանգության առնչությամբ որեւէ մեկնաբանություն չի արվել», շեշտադրեց Վաշաձեն:

Երկար պատմություններից, նորոգումներից ու վերանորոգումներից հետո ի վերջո գործարկված Վերին Լարսի անցակետը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերջին երկու շաբաթվա ընթացքում քանիցս փակվել ու բացվել է: «Ազգի» տեղեկություններով, ավելի քան 50 մեքենա արդեն քանի օր սպասում է անցակետում, իսկ այն փակ է: Այս առնչությամբ «Ազգի» հարցին նախ նախարար Նալբանդյանը պատասխանեց, որ այդ հարցը նախարարների հանդիպմանը քննարկվել է, պարզաբանմամբ, որ անցակետը փակ է տեխնիկական պատճառներով եւ եթե արդեն իսկ բաց չէ, ապա կբացվի մի քանի ժամից:

Վաշաձեն էլ իր հերթին ավելացրեց, որ իրեն եւս երեկ հայկական կողմը տեղեկացրել է այդ խնդրի մասին, որից հետո Վաշաձեն կապվել է Թբիլիսիի հետ: Վրաց նախարարը խոստացավ, որ լուր ունենալու դեպքում անմիջապես կտեղեկացնի, չնայած անցակետն, ըստ Վաշաձեի, երեկվա դրությամբ էլ բաց էր:

Անցակետի` տեխնիկական պատճառներով փակ լինելու պատճառաբանությունը բավականին հետաքրքրական եզրակացության կարող է հանգեցնել, եթե հաշվի առնենք, որ այդ իսկ անցակետը մի երկար ժամանակ նորոգում, բարենորոգում, վերանորոգում էին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ Վերին Լարսի անցակետը բաց է եւ տեղաշարժըՙ վերականգնված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4