«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2010-10-01 | #179, 2010-10-02 | #180, 2010-10-05


ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհակալության խոսք է ուղղել EuroNews-ի տնօրենությանը` բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների կազմակերպած նամազի մասին EuroNews-ի ճշմարտացի տեղեկատվության համար: Գրիգորյանն ընդգծել է. «EuroNews-ը ոչ միայն նշեց, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլեւ շատ թափանցիկ ակնարկ հղեց Թուրքիային` ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը` ներառելով ողջ Սուրմալուի գավառը»: Ըստ ԵՀՄՖ-ի, որքան Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցած երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի վարած քաղաքականությունը: «ԵՄ-ին անդամակցած երկրները մինչեւ հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցությունները, չեն անդամակցել ԵՄ-ին: Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբբիինգն ավելի է մեծացնելու բոլշեւիկների կողմից առանց որեւէ հիմքի ու բացատրության Արեւելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը` պահանջելով հետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իսկական տիրոջը: Հասունացել է այն պահը, որ Թուրքիայի առջեւ պետք է դրվեն իրավաբանորեն հիմնավորված տարածքային պահանջներն ամբողջ խստությամբ` համոզված, որ լիովին սատարվելու է եվրոպական հանրության կողմից, եւ այս խնդրին խիստ օգնելու է թուրքական իշխանությունների մերժողական քաղաքականությունը», նշված է ԵՀՄՖ-ի տարածած հայտարարության մեջ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4