«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում: Դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի Մայր տաճարին, որ աղոթազրկվել է Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսովՙ թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը եւ հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը: Սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման», ասված է հոկտեմբերի 2-ին Մայր աթոռի տարածած հաղորդագրությունում:
Հ. Ա.