Ազգային ժողովի նիստը երեկ կառավարության նիստերի դահլիճում մի հինգ րոպե չէր սկսվում, սկսվելուց մի քսան րոպե հետո էլ եւս մի քսան րոպեով ընդհատվեց տեխնիկական պատճառներով: ԱԺ նախագահը դեռ նիստի սկզբում, երբ պատգամավորները չէին կարողանում գրանցվել, հույս տվեց, որ դիմանան, վերջին նիստն է այս հին դահլիճում, հաջորդ նիստն արդեն նոր, օվալաձեւ դահլիճում է լինելու: Տեսնենք:
Երեկ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը պաշտոնապես ներկայացրեց իր հրաժարականը: Լրագրողների ուշադրությունը գրավել էր այն, որ իր խոսքում Ա. Պետրոսյանը հաշվետվության նման ներկայացրեց, թե երեք տարի Ազգային ժողովում բարեխիղճ ու ակտիվ աշխատել է (իսկ ԲՀԿ-ականներն ասում են` ակտիվ չէ, դրա համար ենք փոխում), երկու տասնյակ օրինագիծ է հեղինակել, ի նպաստ ԱԺ գործունեության` փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչի համար իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց: Նա նաեւ պատմեց, որ ժամանակին ընտրություններին մասնակցել եւ պատգամավոր է դարձել ոչ թե պաշտոն զբաղեցնելու համար. հակառակը, պատգամավոր դառնալու համար ինքը հրաժարվել է մի պաշտոնից, որի ժամկետը մինչեւ 2013 թվականն էր: Կուսակցության անուն ելույթում չտրվեց: Ինչո՞ւ, այս մասին, պատասխանելով լրագրողների հարցերին, Ա. Պետրոսյանը նկատեց, որ Ազգային ժողովի ամբիոնը պետության եւ հանրության խնդիրները բարձրաձայնելու եւ քաղաքական այլ ուժերի հետ հարաբերակցությունների հետ կապված հարցեր ճշտելու համար է, այդ պատճառով էլ հարկ չի համարել ներկուսակցական խնդրից խոսել: Նա շարունակելու է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եւ շարունակելու օրենսդրական գործունեություն ծավալել: Ի վերջո ո՞րն էր նրա հրաժականի պատճառը. նա հաստատեց, որ քննարկում եղել է կուսակցությունում, կուսակցության ղեկավարի հետ, նա հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, բայց մեկնաբանելու ցանկություն չուներ` կուսակցության որոշում է եղել, ընդունել է: Սահմանադրական դատարանի անդամ դառնալու` մամուլում տարածված լուրին էլ այսպես արձագանքեց. «Կարծում եմ` ակնկալում եք անկեղծ պատասխան. այդ տեղեկատվությունն ինձ համար նորություն էր, պետք է նշեմ, որ դրական եմ ընդունում, որովհետեւ իրեն հարգող յուրաքանչյուր իրավաբանի համար սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է»: Նեղացած չէ՞ կուսակցությունից. «Նեղանալն արդյո՞ք քաղաքական կատեգորիա է, ոչ»:
Ա. Պետրոսյանի դիմումն ընդունված կհամարվի, եթե նա երեք օրվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, իսկ նոր թեկնածուն, այսինքնՙ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կառաջադրվի միայն այդ երեք օրից հետո, այսինքն` հինգշաբթի:
Բայց այդ նոր թեկնածուին լրագրողները չէին պատրաստվում հանգիստ թողնել: Նրանք կալմեջ էին արել նրան ու հիշեցնում էին, թե ո՞նց էր ժամանակին ասել, թե իր ճակատին ՕԵԿ է գրված: Վերջինս վերախմբագրեց ժամանակին ասածը, թե իր ճակատին ոչ թե «Օրինաց երկիր», այլ օրենքների երկիր է գրված եղել, հիմա էլ գրված է օրինաց երկիր` առաջ, Հայաստան` բարգավաճ Հայաստան: Ահա այսպիսի «ճակատագրական» մեկնաբանություն:
ՀՀԿ-ականների հետ մեր մասնավոր զրույցներից պարզ դարձավ, որ նրանք հինգշաբթի սատարելու են կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին, Ս. Բալասանյանին ԱԺ փոխնախագահ դարձնելու գործում: ԲՀԿ-ին մերձ աղբյուրների հետ զրույցներից էլ կարելի էր եզրակացնել, թե ինչո՞ւ են նրանք կանգ առել, ասենք, ոչ թե Արամ Սաֆարյանի, Նաիրա Զոհրաբյանի կամ Վարդան Բոստանջյանի վրա, այլ հենց Ս. Բալասանյանի. նախ, որ նա ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավարն է եւ իր կապերով, ռեսուրսներով կարող է ավելի հզորացնել այդ կառույցը` ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրներ ստեղծելով ՀՀԿ-ի համար, ասել է թեՙ մյուս թեկնածուների հետեւում չկար այդպիսի մեծ կառույց: Մյուս կողմից, սակայն, նրա թեկնածությունը վտանգ էլ ունի իր մեջ, քանի որ հենց Ս. Բալասանյանի` ԱԺ փոխխոսնակի պաշտոնում հաջողել-չհաջողելուց կախված կլինի, թե նա Գյումրիում առավել կամրապնդի՞ իր եւ ԲՀԿ-ի վարկը, թե՞ հակառակը. եթե «պռոմախներ» տա` հակառակ գործընթաց կարող է լինել, եւ ԲՀԿ-ն Բալասանյանի վարկի հետ ԲՀԿ կառույցի վարկն էլ վտանգի տակ կդնի, ստանալիք ձայներն էլ` խորհրդարանական ընտրություններին: Այսինքն` ամեն ինչ կախված է լինելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ս. Բալասանյանի դրսեւորվելուց: Կապրենք-կտեսնենք:
Երեկ քվեարկությամբ օրակարգ մտավ «Հանրակրթության մասին» եւ հարակից մի շարք օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխությունների փաթեթը, որի օրակարգ մտնելու հարցին քվեարկելուց ձեռնպահ մնաց ՀՅԴ-ն` իր մտահոգությունները դեռեւս փարատված չհամարելով: Այսօր հավանաբար կքննարկվի ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը, որը խմբակցությունն արտահերթ էր ճանաչել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ