Իր նախորդ նիստում կառավարությունն առաջարկել էր Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման եւ էլեկտրոնային եղանակով լիցենզավորման ներդրման նախագծերը: Երեկ դրանց մանրամասներին անդրադարձան կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը :
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս լիցենզավորման ենթակա 169 գործունեության տեսակների փոխարեն օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել 96-ը: Ըստ Տիգրան Դավթյանիՙ դա արվում է գործարար միջավայրի բարելավման, լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հատկապես էլեկտրոնային համակարգով լիցենզավորման ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերը գրեթե կզրոյանան:
Դավիթ Սարգսյանը մանրամասներ հաղորդեց էլեկտրոնային լիցենզավորման կարգի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ այսուհետեւ էլեկտրոնային լիցենզավորումը հնարավոր կլինի կատարել կառավարության e-gov.am կայքումՙ ներկայացնելով դիմումը էլեկտրոնային կարգով: Սկզբնական շրջանում էլեկտրոնային լիցենզավորման համակարգը ներդրվելու է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար, իսկ մնացած լիցենզավորման տեսակների համար այս եղանակը հնարավոր կլինի իրագործել առաջիկա 6 ամիսների ընթացքում:
Ա. Մ.