Ինչպես տեղեկացանք Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների շարքում: Այս 12 ամերիկյան ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների առաջադրած 78 հավակնորդների շարքից: «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունն առաջադրվել է այս մրցանակին որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերով եւ աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար: Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակը շնորհվում է 1999-ից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները:
Ա. Մ.