«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2010-10-02 | #180, 2010-10-05 | #181, 2010-10-06


ՀԱՅ 20-ԱՄՅԱ ՀՈՎՎԻՆ ԳՏԵԼ ԵՆ ԿԱԽՎԱԾ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 5-ին` գիշերվա ժամը 3-ին, ադրբեջանական կալանատան իր խցում ինքնասպան է եղել Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը, որը, ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները. «Ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին, հայ-ադրբեջանական ռազմաճակատի հյուսիսարեւելյան մասում, երբ ադրբեջանական կողմը դիմագրավել է հայկական դիվերսիոն խմբի հարձակմանը»: Ադրբեջանական կայքը նաեւ մեջբերում է այդ երկրի պաշտպանության նախարարության ու գլխավոր դատախազության հաղորդագրությունը. «Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել` կախվելով սավանի միջոցով: Նրա դին դատաքննության ենթարկելիս որեւէ այլ տեսակի մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Հենց սկզբից նկատենք, ցավալի է, երբ հարեւան երկրի լրատվամիջոցը հայ-ադրբեջանական սահմանն անվանում է «ռազմաճակատ»: Հիշեցնենք, սեպտեմբերի 12-ին «ձերբակալվել է հայ դիվերսանտ» բղավելով նաեւ նշեցին, որ Սարիբեկյանը ձերբակալվել է իբր թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Սրանից անմիջապես հետո ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ «Սարիբեկյան Մանվել Մամիկոնի անվամբ զինծառայող ԼՂՀ-ի այդ հատվածում առհասարակ չկա»: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցների նշած հատվածը հենց այն ուղղությունն է, որտեղ հունիսի 18-ին, օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը իրականացրել է դիվերսիոն հարձակումներ:

Ամեն ինչ պարզվում է հետեւյալից` սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել Թթուջուր գյուղի բնակիչ Սիրանուշ Սերգոյի Բալյանը, որը տեղեկացրել է, որ իր որդինՙ Մամվել Մամիկոնի Սարիբեկյանը (ծնված 27.02.1990), սեպտեմբերի 11-ին, ժ.19.30-ի սահմաններում, անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել տնից, գնացել Տավուշի մարզի Քեղուտ կոչվող սարամաս, որը գտվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում, եւ այլեւս չի վերադարձել:

Փաստորեն ակնհայտ է դառնում, որ Սարիբեկյանը ոչ թե «դիվերսանտ-զինծառայող էր», այլ հասարակ գյուղացի հովիվ` քաղաքացիական անձ, խաղաղ բնակիչ: Նրան ձերբակալելուց հետո ադրբեջանական քարոզչամեքենան համացանցով մի տեսանյութ տարածեց, որտեղ հայ երիտասարդը պատմում էր, թե իրեն հատուկ գործուղել են Ադրբեջան ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ կադրերում, սակայն, պարզ երեւում էր, որ երիտասարդի դեմքը պատված է կապտուկներով, հետեւաբար հարեւան երկրի ՊՆ-ի եւ դատախազության համատեղ «դատաքննչական փորձագիտությունը», եթե անցկացվել է, ապա` բավական թերի:

Դրանց արդյունքներով Ադրբեջանը կարծես արդարանում է. «Տեսեք` մենք մեղք չունենք, հայն ինքն իրեն է սպանել, մենք նրան բոլորովին էլ ճնշումների չենք ենթարկել»: «Խայտառակ երեւույթ է, երբ Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացիական անձը կարող է վերջ տալ իր կյանքին», Tert.am-ին ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը : Ըստ նրաՙ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է լուրջ պատասխան պահանջի Ադրբեջանից այսպես կոչված «ինքնասպանության» հանգամանքների վերաբերյալ: «Ես չեմ հիշում մի դեպք, երբ հայկական կողմում գերության մեջ գտնվող որեւէ ադրբեջանցի զինծառայող ինքնասպանության փորձ արած լինի: Կատարվածի պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանը: Եթե նա ինքնասպան է եղել, այդ ի՞նչ ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի է հանդիպել: Ի՞նչն է մարդուն ստիպել դիմել այդ քայլին», եզրափակել է Սաքունցը:

Իր հերթինՙ Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակից տեղեկացնում են, որՙ «Այժմ Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում ինչպես երիտասարդ Սարիբեկյանի դին վերադարձնելու, այնպես էլ այլ հարցերով»: Կարմիր խաչից չեն մանրամասնել, թե որո՞նք են «այլ հարցերը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4