«Որեւէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանըՙ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրիՙ Ադրբեջանի վրա: Հրավիրում ենք միջազգային կառույցների, մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապեսՙ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքներըՙ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին:
Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը հանցավոր քայլերի է գնումՙ չարժանանալով միջազգային իրավասու կառույցների պարսավանքին: Հենց այդ անպատժելիության զգացողությունն է սպանել միջազգային նորմերով չպաշտպանված մեր հայրենակցին», նշված է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:
Հ. Ա.