Արդեն մեկ տարուց ավելի Բաքվում ամերիկյան դեսպանի բացակայությունը եւ այդ պաշտոնին Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հավակնությունները տեւական ժամանակ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: «Ազգը» տեղեկացրել է, որ նախագահ Օբաման հենց Բրայզային նպատակահարմար համարեց Բաքվում ներկայացնելու ամերիկյան շահերը, մենք նաեւ նշել ենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 21-ին 17 կողմ ձայներով ընդունեց Բրայզայի թեկնածությունը, սակայն սենատորներ Մենենդեսն ու Բոքսերը հայտարարեցին, որ վետո են դնում այս թեկնածուի հաստատման վրա:
Երեկ Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուներ Բրայզայի եւ Ռիկարդոնեի հարցը պետք է վերջնականապես քվեարկվեր Սենատի արդեն լիագումար նիստում: ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը , ըստ Panorama.am-ի, նշել է. «Ձայնային քվեարկությունն այն է, որ նախագահողը հարցնում է` ովքեր են կողմ, եւ «այո» կամ «ոչ» պատասխանների հարաբերակցությամբ էլ հարցը որոշվում է: Բայց որպեսզի այդ քվեարկությունը տեղի ունենա, սենատորները պետք է միաձայնության գան: Ավանդության վրա հիմնված կարգն այնպիսին է, որ եթե մեկ սենատոր անգամ ասի, որ ինքը համաձայն չէ, որ հարցը քննարկվի, ապա չի քննարկվի»: Մանոյանը նաեւ նշել է, որ ամենայն հավանականությամբ հարցը կմնա Սենատի օրակարգում մինչեւ հունվար, այսինքնՙ մինչեւ Սենատի նոր նստաշրջանի մեկնարկը. «Այդ ժամանակ Սպիտակ տունը կամ կվերանշանակի թեկնածուներին, կամ նոր թեկնածուներ կնշանակի», եզրափակել է Մանոյանը:
Հ. Ա.