Ազգային ժողովում երեկ քննարկվող օրինագծերից մեկը` «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագիծը, բավական թեժ հակադարձումների արժանացավ պատգամավորների կողմից: Ըստ կառավարության այս նախաձեռնությունը ներկայացնող Սուրեն Կարայանի ` հիմնական փոփոխություններն իրականացվում են երեք ապրանքատեսակների` սպիրտային խմիչքների, բենզինի եւ դիզվառելիքի հարկման ռեժիմների փոփոխության ուղղությամբ: Փոփոխության իմաստն այն է, որ հաստատագրման ռեժիմից կառավարությունն ուզում է անցնել հարկման ընդհանուր համակարգի, այսինքն` ըստ տնտեսական գործունեության արդյունքի հարկման, որը, ըստ նախագծի հեղինակների, ավելի արդարացի հարկում է` ի տարբերություն հաստատագրված վճարների. որքան շատ արտադրանք ունենա, այնքան շատ կհարկվի, կոնկրետ քանակից է կախված հարկման չափը:
Ըստ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի` միջին արժեքը եւ թանկարժեք ծախախոտը կթանկանան 10-15 դրամով: Փոփոխություններն արժանացան հակադարձության` Կարեն Վարդանյանը նկատեց, որ սա կբերի թանկացումների ոչ թե 10-15 դրամով, այլ մանրածախ ոլորտում` 25-30 դրամով, ինչն իր կողմից կարող է բերել աշխատատեղերի կորստին, ներքին արտադրողների արտադրական ծավալների կրճատմանը, մի խոսքով` տեղական արտադրողին խեղդելուն: Այս օրենքի առաջին եւ երկրորդ ընթերցումները առաջարկվում էին 24 ժամում կազմակերպել, հրատապության կարգով. սա եւս կրքեր բորբոքեց. «Անցած ուրբաթ այդպիսի բան չէր ասվում, ի՞նչ պատահեց մեկ գիշերում մեր արտաքին տնտեսական հարաբերությւններում», հարցրեց Արա Նռանյանը , իսկ Վահան Հովհաննիսյանն այս օրենքը բացահայտորեն համարեց արտաքին տնտեսական ճնշումների (ռուսական) արդյունք: Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրում էր, թե հաշվարկվա՞ծ են այդ քայլի քաղաքական հետեւանքները: Հարակից զեկուցող, գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կրկնեց հնչող հարցը` կա՞ արտաքին ճնշում, եւ պատասխանեց, թե մեր պետությունը ե՛ւ պարտավորություններ, ե՛ւ իրավունքներ ունի` թե արտաքին, թե՛ ներքին շուկայում հավասար կարգավիճակում գտնվելու անհրաժեշտություն կա: Այս հարցին դեռ կանդրադառնանք, օրենքը դեռ քննարկվում է:
Մ. Խ.