«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԵՎ ՄՈՏԱԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ»

Ազգային ժողովում երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի, Գագիկ Սելիքյանի եւ Շիրակ Թորոսյանի հարցերին:

Ինչո՞ւ են ՄԱԿ-ի երկու փորձագետ ուղեկցում ԵԱՀԿ դաշտային առաքելությանը, Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցություններ կա՞ն. այս հարցերին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարն ասաց, երեկ Երեւան ժամանած եռանախագահները նախապես Ադրբեջանում էին, հետո Երեւանից կգնան Ստեփանակերտ եւ կսկսեն իրենց դաշտային առաքելությունը: Նրանք իրենց դաշտային օգնականների հետ են, նրանց ուղեկցելու են ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակից մեկ-երկու ներկայացուցիչ: ՄԱԿ-ի որեւէ այլ կառույցից մասնակից, ուղեկցող չի լինելու, ինչպես որոշ թերթերում է գրվել, թե արտգործնախարարը մի բան է հայտարարում, այլ բան է լինում, այդպիսի բան չկա. «Երբ արտգործնախարարը հայտարարություն է անում, դա պաշտոնական հայտարարություն է: Սա փաստահավաք առաքելություն չէ, այլ դաշտային առաքելություն, որն ուսումնասիրելու է իրավիճակը տարածաշրջանում. հիշեցնեմ, որ եռանախագահներից երկուսը նոր են, չեն եղել տարածաշրջանում եւ ծանոթ չեն մանրամասն այդ իրավիճակին` կծանոթանան: Ինչ վերաբերում է փախստականներին` ապա փախստականներ կան ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմից, գիտեք, մենք խոսել ենք 400 հայ փախստականների եւ տեղահանված անձանց մասին: Այդ հարցը կարող է քննարկվել, երբ մենք լուծումների գնանք, երբ համապատասխան անվտանգության երաշխիքներ ապահովվեն», ասաց Է. Նալբանդյանը: Իսկ ինչ վերաբերում է Շվեյցարիայի արտգործնախարարության հայտարարության վերաբերյալ այն հարցին, թե Հայաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում, արտգործնախարարը տեղեկացրեց, որ թղթակիցներից մեկը («Կարծեմ` «Ազգի» թղթակիցը», նշեց նա) զանգել է Շվեյացարիայի արտգործնախարություն, հարցնելով ընթացող ինչ-որ բանակցությունների մասին: Այնտեղից պատասխանել են, որ Շվեյցարիայի արտգործնախարարն այդպիսի բան չի ասել:

«Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Երեւան-Անկարա հեռախոսազրույցների մասին», պնդեց Ս. Սաֆարյանը . «Ճաշակի հարց է` ո՞ւմ հղում անել, բաց վստահեցնեմ, որ որեւէ բանակցություն թուրքական կողմի հետ վերջին ամիսների ընթացքում չկա եւ մոտակա ամիսներին չի նախատեսվում, որովհետեւ բանակցություններն առաջ կընթանան, երբ որ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը», թեման եզրափակեց նա:

Բաքվի բանտում հայ երիտասարդ հովվի` Մանվել Սարիբեկյանի սպանության փաստին արտգործնախարարի արձագանքն այսպիսին էր. «Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե՛ իր էությամբ, թե՛ ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը...Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից... Միգուցե, իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել, եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

Շիրակ Թորոսյանն իր հարցում խոսում էր Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում ԱԳՆ արտաքին քաղաքականությունը վերանայելու մասին` Վերին Լարսը փակում են-գալիս այստեղ բացում են (Վրաստանի արտգործնախարարի այցի ընթացքում լրագրողի հարցուպատասխանի արդյունքում բացելու փաստին մասին էր խոսքը): Ի պատասխան` Նալբանդյանը նկատեց, թե ավելի վաղ էլ Վերին Լարսի անցակետը երկու անգամ տեխնիկական պատճառներով փակվել է, իսկ էմոցիոնալ մոտեցումներով եւ մեկմեկու գնահատական տալով հարց չեն լուծում, հարցերը լուծվում են հանգիստ պայմաններում, պրագմատիկ բանակցություններով, եւ, ըստ նախարարի, Ջավախքի եւ ջավախահայության խնդիրները միշտ քննարկվել եւ քննարկվում են:

«Մենք քննարկել ենք այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են վիրահայությանը, եւ դրա մասին ասում են ոչ միայն թերթերը, այլեւ հայտարարել եմ եսՙ Վաշաձեի հետ ասուլիսի ժամանակ, իր ներկայությամբ: Այդ բոլոր հարցերը, որոնք մտահոգում են, բարձրացվում են, եւ տեղյակ են ԱԳՆ-ումՙ քննարկվել եւ շարունակում են քննարկվել մեր վրացի գործընկերների հետ, եւ որոշ հարցերին էլ լուծումներ են տրվել: Քննարկվել են եւ՛ եկեղեցուն, եւ՛ դպրոցներին վերաբերող հարցեր: Ինչ վերաբերում է այն տարբեր անվանումներին, որ տրվեցին Ջավախքին հայ լրագրողի եւ արտգործնախարարի կողմից, ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ արտգործնախարարը պետք է խառնվեր այդ հարցուպատասխանին: Անգամ հորդորներ կային, թե պետք է հայտարարվեր, որ ինչ-որ մեկը անգրագետ է, եւ այսպիսի ինչ-որ ռազբորկաներ անեի մամլո ասուլիսի ժամանակ: Չեմ կարծում, որ դա արտգործնախարարին հարիր ոճ է: Բանակցությունների ժամանակ Վրաստանի արտգործնախարարը խոսք տվեց, որ ժամերի ընթացքում կլուծվի, օրինակի համար, Լարսի անցակետի բացման հարցը, եւ դա արվեց: Կարծում եմՙ սրա նման լուծումներ են պետք», հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4