«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


British Petrolium-Ը ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՀԵՏ

Իր նավթը Բաքու-Թբիլիս-Ջեյհան գազամուղով անցկացնելու ցանկություն է հայտնել ռուսական «Լուկօյլը»

British Petrolium (BP) ընկերության նոր նախագահ Ռոբերտ Դադլին իր նախորդի` Թոնի Հեյվորդի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Դադլին հանդիպումներ կունենա BP-Azerbaijan-ի ղեկավարության հետ, կայցելի նաեւ Սանգաչելի տերմինալ: BP-ի նախկին նախագահ Հեյվորդի այցելության նպատակը հետեւյալն է. նա պետք է Ադրբեջանի նախագահին ներկայացնի Դադլիին, որը, ինչպես արդեն վաղօրոք հայտարարել է, «ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Բաքվի հետ»: «Մենք կշարունակենք եւ ապագայում մեր պարտականությունների կատարումը` որպես Ադրբեջանի նավթագազային ոլորտի գլխավոր օպերատոր», նշել է BP-ի նախագահը:

Դադլին պաշտոնավարման է անցել հոկտեմբերի մեկից:

Միեւնույն ժամանակ ռուսական «Լուկօյլ» ընկերությունը ցանկություն է հայտնել իր նավթը տեղափոխել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն օգտագործելով: Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ վերոհիշյալ գազամուղն օգտագործելու հավանականությունն ընդամենը քննարկվում է, տարբերակներից մեկն է միայն: RusEnergy-ի ներկայացուցիչ Միխայիլ Կրուտիխինը նկատել է, որ այժմ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը այնքան էլ ծանրաբեռնված չէ, եւ կարող է հավելյալ նավթ տեղափոխել: Կրուտիխինը նաեւ նշել է, որ գազամուղն «օգտագործման համար վճարելու» երկու տարիֆ կա. «Առաջինը, երբ դու համագործակցության անդամ ես, եւ երկրորդը` երբ դու կողմնակի ընկերություն ես: Բնականաբար շատ ավելի էժան է առաջին տարիֆը, հենց այս պատճառով էլ «Լուկօյլին» ձեռնտու է մտնել Բաքու-Թբիլիս-Ջեյհան գազամուղը շահագործող ընկերությունների համագործակցության մեջ», նշել է Կրուտիխինը:

Իսկ վերոհիշյալ գազամուղի, որը ունի 1768 կմ ընդհանուր երկարություն եւ անցնում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով, գլխավոր բաժնետեր ընկերություններն են` British Petrolium-ը (30,1 տոկոս), AzBTP (25 տոկոս), Chevron (8,9 տոկոս), Statoil (8,71 տոկոս), TPAO (6,53 տոկոս), Eni (5 տոկոս) եւ այլն:

Ինչպես կարելի է նկատել, այս բոլոր` առավելապես արտասահմանյան ընկերություններին, որոնցից մի քանիսը լուրջ ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսությունում, ամենեւին էլ ձեռնտու չէ ներդրումներ անել մի երկրում, որը «շուտով պատերազմ կսկսի»: Այնպես որ, երբ Իլհամ Հեյդարի Ալիեւը նմանօրինակ կոչեր է շռայլում, թերեւս... նախօրոք զգուշացնում է օտարերկրացի գործընկերներին, որ այդ հայտարարությունները ներքին սպառման համար են, պարզապես խոսքեր:

Բացի սրանիցՙ հատկանշական է նկատել, որ «շուտով պատերազմ»-ի վերաբերյալ հայտարարությունները օգոստոսի 20-ից հետո քչացան, եթե չասենքՙ անհետացան. ինչո՞ւ` ուղղակի հենց այդ օրը Ռուսաստանը պարտավորվեց ՀՀ ԶՈւ-ի հետ մեկտեղ ապահովվել ՀՀ անվտանգությունը` պետական սահմանի ողջ երկայնքով: Պատահական չէ, որ Բաքվում քաղաքագետ-փորձագետներին ուղղվող գլխավոր հարցերից մեկը մինչեւ այսօր էլ մնում է` «Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե մենք հարձակվենք»:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4