«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձ արեց ինտերնետում տեղադրված տեսանյութի գործող անձանց եւ բանակում տեղի ունեցող վերջին ցավալի դեպքերին: Ըստ նախարարի` նկարահանողները եղել են այդ դեպքի մասնակիցները, նաեւ ծնողները. «Ի՞նչ է նշանակում սպայի հետ նույն իրավիճակում գտնվել, նկարահանել, հասցնել սպային այդ իրադրությանը եւ այնուհետեւ տարածել: Ասեմ, որ այդ սպայի համար դա շատ վատ իրադրություն է, բայց իմ իմացությամբ հրամանատարական կազմը զեկուցում է, որ տվյալ սպան պատերազմի մասնակից է, եւ սթափ վիճակում բավականին պարտաճանաչ է մոտենում իր պարտականություններին: Սակայն այս դեպքի համար իր արժանի շատ խիստ պատիժը կստանա»:

Այսինքն` նկարողները դիտմա՞մբ են սպային այդ իրավիճակին հասցրել, ճշտեցինք. «Չեմ ուզում այդ եզրակացությանը գալ, որովհետեւ միասին են այդ ճաշկերույթին մասնակցել: Նկարողներին եւ տարածողներին մենք կբացահայտենք. ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ վերջին ժամանակներս ես նկատում եմ նպատակաուղղված հարձակում բանակի եւ բանակի ղեկավարության վրա, եւ ես չեմ հասկանում` ինչո՞ւ է դա կատարվում: Որովհետեւ նմանատիպ դեպքեր եղել են նաեւ նախկինում, դեպքերի քանակությամբ այս տարվա թիվը քիչ է, թեեւ կորուստները շատ են. նախկինում նմանատիպ դեպքեր եղել են, բոլորն էլ բացահայտվել են: Ուզում եմ ձեզ տեղեկացնել` բոլոր դեպքերը հրամանատարությունն ուզում է ինքը բացահայտել, չկա որեւիցե մի դեպք, երբ պաշտպանության նախարարությունը, քննչական ծառայությունը, ռազմական ոստիկանությունն իմանան եւ չզեկուցեն»:

Ո՞վ նպատակ ունի հարձակում ՊՆ-ի դեմ, հո մենք չե՞նք, հետաքրքրվեցինք. «Ձեզ պատվիրողները: Կան թերթեր, որ ոնց որ «Հայ զինվոր» թերթի ֆիլիալը լինեն, ամեն առավոտ արթնանում եւ ՊՆ-ի մասին են գրում»:

Վերջին սպանության մասին տեղեկացրեց, որ կատարողների մեծ մասը բացահայտվել են, դեպքը արդյունք էր միջանձնային հարաբերությունների`ժամկետային զինծառայողների միջեւ ծեծկռտուքի եւ այլն.

«Աշխատում ենք: Ցավոք` մեզ վրա այս հարձակումներից (ԶԼՄ-ներին նկատի ուներ-Մ.Խ.) հետո դեպքերն ավելանում են, եկեք մտածենք` ինչո՞ւ: «Զակոն պոդլստի» հայերեն ո՞նց կլինի` որքան ուզում ես լավ լինի, այնքան լավ չի լինում, եւ կողքից կան թռչող մարդիկ, որ շատ են կռռում...», ասաց:

Ավելի վերն ասվածից լրագրողները եզրակացրին, որ տեսանյութը հեռախոսով նկարողները եւս կպատժվեն. «Քրեական գործով ով որ անցնի, եւ իրավապահ մարմինները եթե տեսնեն, որ նրանք պատժի ենթակա են, նրանք պատժի կենթարկվեն», հաստատեց նախարարը:

Երբ նկատեցինք, որ նկարողներին պատժելը հակառակ ռեակցիան կտա հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում, եւ թափանցիկությունը հենց բանակին է պետք, Ս. Օհանյանն ասաց, որ անտարբեր է գրառումների (երեւի` հրապարակումների-Մ.Խ.) հանդեպ. «Որովհետեւ գտնում եմ, որ հենց այնպես գրել ոչ լիարժեք փաստեր, ենթադրություններով, գրել` մտածելով քամին ո՞ր կողմից է փչում եւ ինչ-որ մի եզրակացության գալ, ճիշտ չէ, որովհետեւ թերթերն այնպիսի բաներ են գրում, որոնց հետ ընդհանուր առմամբ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ նրա ենթակաները կապ չունեն: Ի վերջո` բոլորս պետք է հասկանանք, որ մենք գտնվում ենք «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում, ոչ բոլոր դեպքերն են, որ կարելի է հրապարակավ հանել եւ ներկայացնել, միեւնույնն է, դեպքի հետ կապված մենք առնչվում ենք նրանց ծնողների եւ հարազատների հետ: Դուք ինքներդ պետք է հասկանաք` կարելի՞ է արդյոք սեփական զինուժն այդ կարճ ժամանակահատվածում այդքան ցածրացնել: Այն, ինչ դուք գրում եք, դրանք մեր զորքերի մարտունակությանն այնքան էլ չեն վնասում, որովհետեւ մեր զորքերն այսօր սահմանում կանգնած, որակական եւ մարտունակության հատկանիշների շնորհիվ ուժերի հավասարակշռությունը պահում են, եւ մեր սահմաններն արժանապատիվ ձեւով պահպանվում են: Եթե ուժերի հավասարակշռություն չլիներ, մեր հակառակորդները շուտվանից էին մարտական գործողություններ սկսել, գոնե եթե ոչ Հայաստանում, ապա Արցախում»:

Ընդհանուր առմամբ ընդունելով նախարարի մտահոգությունը, սակայն, շարունակում ենք համոզված լինել, որ թափանցիկությունը, ոչ կանոնադրական հարաբերությունների հրապարակայնությունը բանակում առկա վատ բարքերը մաքրելու միակ միջոցն է, պետք է պայքարել այդ բարքերի դեմ եւ ոչ թե հրապարակայնության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4