Այսպես բնորոշեց 2011-ի պետական բյուջեն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը
Կառավարությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ 2011-ի պետական բյուջեի նախագիծը լրագրողներին ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը : Մինչ բյուջեին անդրադառնալը նախարարը խոսեց Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակի մասին:
Տիգրան Դավթյանը մատնանշեց, որ այս տարի, մեր երկրի տնտեսությունը դուրս գալով ճգնաժամից, մտավ վերականգնման եւ կայուն զարգացման փուլ: Ակնկալվում է, որ տնտեսական աճը կկազմի 3-4 տոկոս, թեեւ կանխատեսված էր ավելի զգուշավոր ցուցանիշՙ 1,2 տոկոս: Ավելի մեծ աճ չարձանագրելու պատճառը գյուղատնտեսության անկումն էր: Նախարարի հավաստիացմամբ, տնտեսական աճին զուգահեռ, կունենանք նաեւ նախատեսված 570 մլրդ դրամ հարկային եկամուտներից շատ ավելի մեծ աճ: Հիմնական մարտահրավերը մնում է գնաճի մակարդակը, որի առնչությամբ Տիգրան Դավթյանը հույս հայտնեց, որ կհաջողվի մինչեւ տարեվերջ զսպել գնաճը եւ արձանագրել նախատեսված գնաճի վերին շեմինՙ 5,5 տոկոսին մոտ ցուցանիշ:
Եկող տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,6 տոկոս աճ է կանխատեսվում: Անվանական ՀՆԱ-ն կկազմի 3,7 տրիլիոն դրամ, եւ այս ցուցանիշով, ինչպես նշեց Տիգրան Դավթյանը, մեր տնտեսությունը կգերազանցի 2008-ի մակարդակը: Նախարարը կարեւորեց այս տարվա ընթացքում դիտարկվող տնտեսության դիվերսիֆիկացումը որպես արդյունք այս ուղղությամբ կառավարության իրականացրած քաղաքականության: Դրա վկայությունն էր արդյունաբերության, էներգետիկայի երկնիշ եւ ծառայությունների ծավալների աճը, մինչդեռ գյուղատնտեսության եւ շինարարության ծավալները որոշ նվազում ունեցան:
Բյուջե 2011-ին անդրադառնալովՙ ֆինանսների նախարարը հայտնեց, որ ծախսերի մասով նախատեսված է 998,6 մլրդ դրամ, որը 63 մլրդ դրամով ավելի է այս տարվա նախատեսվածից եւ բնորոշում է կայուն տնտեսական զարգացման միտումները: Ելնելով դրանիցՙ նախարարն այս տարվա բյուջեն հենց այդպես էլ անվանեցՙ կայուն տնտեսական զարգացման բյուջե: Եկամուտների մասով նախատեսված է մոտ 850 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներըՙ 650 մլրդ դրամ, այս տարվա 570 մլրդ դրամի փոխարեն: Հարկեր-ՀՆԱ հարաբերությունը նույնպես կբարելավվի եկող տարի: Անցյալ տարի այն 16,8 տոկոս էր, այս տարի կլինի 17,1, իսկ եկող տարի ակնկալվում է եւս 0,2-0,3 տոկոսային կետով ավելացում:
Այս տարվա բյուջեի դեֆիցիտը կկրճատվի, ինչը կառավարության առաջիկա տարիների ֆինանսական քաղաքականության նպատակներից է: Եթե անցյալ տարի բյուջեի դեֆիցիտը 235 մլրդ դրամ էր, ապա եկող տարի կկազմի 148 մլրդ դրամ: Այս տարի նախատեսված էր, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 6 տոկոս, բայց հավանական է, որ ցածր կլինի 5 տոկոսից, իսկ 2011-ին ծրագրված է, որ այդ ցուցանիշը կկազմի 3,9 տոկոս: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում, Տիգրան Դավթյանի հավաստմամբ, բյուջեի դեֆիցիտը կհասցվի ընդունելի մակարդակիՙ 3 տոկոսից ցածր: Ինչ վերաբերում է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներին, ապա դրանք կլինեն ինչպես արտաքին, այնպես ներքին աղբյուրներից: Ավելին, ներքին աղբյուրներից ֆինանսավորումը կգերազանցի արտաքին աղբյուրներին, մասնավորապես 30 մլրդ դրամը կստացվի պետական պարտատոմսերից, 27 մլրդ դրամըՙ կայունացման հիմնադրամից եւ այլն: Արտաքին աղբյուրներից կստացվեն արդեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված միջոցները, եւ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտություն չի լինելու: Ըստ նախարարի, արտաքին պարտքի ընդհանուր մակարդակն այս տարի կկազմի բյուջեի 42-44 տոկոսը, որը չի հասնում մտահոգությունների համար հիմք հանդիսացող 50 տոկոսի սահմանը:
Եկող տարվա բյուջեն կպահպանի սոցիալական ուղղվածությունը եւ կապահովի երկրի պաշտպանության եւ անվտանգության հետ կապված միջոցառումները: Ընդհանուր ծախսերի 24-25 տոկոսն ուղղվելու է սոցիալական ծախսերին, իսկ սոցիալ-մշակութային ծախսերինՙ 45 տոկոսըՙ շուրջ 43 մլրդ դրամ: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ավելացել են երկրի պաշտպանությանը հատկացվող միջոցները ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած հայտերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող աջակցությունը: Եկող տարի շարունակվելու են ավանդների փոխհատուցման հատկացումները: Այդ նպատակով կտրամադրվի 1,6 մլրդ դրամ: Գիտության հատկացվող գումարը կավելանա 12 տոկոսով կամ 1 մլրդ դրամով, առողջապահության ծախսերըՙ 9 մլրդ դրամով: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը կավելանան 15 տոկոսով: Կրթությանը կտրվի 163 մլրդ դրամ, որը կուղղվի միջին մասնագիտական դպրոցի, ավագ դպրոցների ստեղծմանը, ուսուցիչների աշխատավարձերին եւ դպրոցաշինությանը:
Պատասխանելով հարցին, թե բյուջեում նախատեսվա՞ծ է գազի գների հնարավոր բարձրացման հանգամանքը, ֆինանսների նախարարն ասաց, որ այս տարի, երբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացումը, կառավարությունն արձագանքեց դրանՙ ավելացնելով թոշակներն ու նպաստները: Նման հնարավորություն կգտնվի նաեւ, եթե եկող տարի սակագների բարձրացում լինի: Խոսելով կենսաթոշակներին հատկացվող միջոցների մասինՙ Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ բյուջեի 20 տոկոսից ավելինՙ շուրջ 200 մլրդ դրամը, ուղղվում է թոշակներին: Հաջորդ տարի այդ գումարը կավելանա եւս 26 մլրդ դրամով:
«Նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունների համար բյուջեից հատկացումներ նախատեսվո՞ւմ են» հարցին ֆինանսների նախարարը բացասական պատասխանեց, ասելով, որ նման նախագծերին մասնակցությունը արտացոլված չէ բյուջեով, եւ դա արվելու է այլ միջոցներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ