«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՍՈՎՈՐԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ

Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց մի օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակ Ռուզան Առաքելյանը (ՀՅԴ) առաջարկում էր օրենսդրորեն հնարավորություն տալ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին տասը տարում մշտապես Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային առանձին կարգով անվճար նախնական (արհեստագործական) միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու: Մրցութային ընդունելությունը միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ կլինի, մրցույթի կարգը պետք է սահմանի կառավարությունը:

Այս օրինագիծը ողջունվեց խորհրդարանական ուժերի կողմից, սակայն մտահոգություններ կային սահմանման առումով: Օրինակ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մտահոգություն ուներ, որ բարձրլեռնային շրջանները Հայաստանում շատ են, կառավարության կողմից օրենքի ընդունումը կարող է ֆինանսապես խնդիր դառնալ: Նա առաջարկում էր առաջնահերթություն սահմանել, թե ո՞ր սահմանամերձ բնակավայրերը կարող են այս օրենքով այդ հնարավորությունը ստանալ` երկրորդ առաջնահերթությունը միայն թողնելով բարձրլեռնային շրջաններին: Ուրիշ պատգամավորների կարծիքով` օրենքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում` բնակավայրերի սահմանամերձի եւ բարձրլեռնայինի սահմանման մեջ հայտվելու տեսակետից: Այս իմաստով լուծում էր Արտյուշա Շահբազյանի այն առաջարկությունը, թե կառավարությունը ոչ միայն սահմանի այն բնակավայրերը, որն ուսանողներ է ուղարկելու, այլեւ մասնագիտությունները, թե ո՞ր բնակավայրին ի՞նչ մասնագետ է պետք: Այսպես թե այնպես` գաղափարը լավն էր, առաջին ընթերցումից հետո նախաձեռնության հեղինակը խոստացավ արտացոլել վեր նշված առաջարկները եւս:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4