Երեկ, երբ Սամվել Բալասանյանը փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահ էր դառնում (նա ընտրվեց 74 կողմ, 6 դեմ ձայներով), ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եկավ քվեարկելու, ապա եւ լրագրողների հարցերին պատասխանեց: Մի շարք հետաքրքրական հատվածներ այդ խոսքուզրույցից ներկայացնում ենք:
Գ. Ծառուկյանը նախ պաշտպանեց Ս. Բալասանյանին լրագրողական այն դիտարկումներից, թե նա դուրս եկավ ՕԵԿ-ից, երբ այս կուսակցությունն ընդդիմադիր էր դարձել. ասաց` տղամարդկային պահվածքը եղել է մինչեւ վերջ, կուսակցությունում մնացել է ընդդիմադիր դարձած ժամանակ, ի տարբերություն ուրիշների, որոնք թողել-գնացել են: Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի պատճառների մասին նա այսպես արձագանքեց. «Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործվ զբաղվի` լիարժեք, հօգուտ մեր ծրագրերի, մեր աշխատանքների: Արեւիկ Պետրոսյանի մասին իր աշխատանքի առումով ես բան չունեմ ասելու` շատ գրագետ պատրաստված է, բայց կուսակցական աշխատանքի առումով Հայաստանում ոչ մեկն էլ չգիտե, որ Արեւիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր ներկայացնում. պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին լիներ, եւ կուսակցության անունից խոսեր ծրագրերի եւ մեր նախաձեռնությունների մասին, որը եւ ընդհանուր որոշել ենք իր համաձայնությամբ հարցերը կարգավորել»: Նա ավելացրեց, որ Ա. Պետրոսյանը մնալու է որպես պատգամավոր. «Նրան առաջարկվել են ուրիշ բաներ, համապատասխան մենք կնայենք` ոնց կլինի, իր համար ավելի լավ, ինքը ոնց կուզի, ընենց էլ կլինի, ինքը մեր դիմագիծն է, մեր կուսակից անդամն է»:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի եւ Գ. Ծառուկյանի հակամարտության հետ կապված հարցին ի պատասխան` նա մի շարք մեղադրանքներ ուղղեց Ա. Ավետիսյանին. «Ալիկը ծախել ա կիմանոներ աշակերտներին, այն դեպքում, որ դա ինքը պետք է բաժաներ: Որ մենք առնում-բերում ենք` պիտի բաժաներ, վաճառել է անհատ մարդու, ու էդ մարդու տանը դրած ա: Ալիկը ծնողներից գումարներ ա վերցրել` էդ գումարները որ պարոն Ծառուկյանը օլիմպիական կոմիտեից հանձնել է ծնողներին, որ էս պետությունը այդ գումարները տրամադրում է` մոտավորապես ինքն ունի 87 մլն գումարի բյուջե: Իմ օլիմպիական կոմիտեի նախագահ լինելուց այդպիսի բաներ չեն եղել: Որը ասել եմ` հարցերի պատասխանը չի կարողացել տալ, ամբողջ անձնակազմը դեմ է քվեարկել նրան, այսօր աշխարհի ֆեդերացիայի նախագահն է գալիս` տեսնելու, թե ի՞նչ է կատարվել»: Նա հավելեց, որ սպորտում խնդիր ունենք աշխարհին ճանաչել տալու երկիրը, արդյունք ցույց տալու` նշելով Թուրքիայում մեր ծանրամարտի հաղթանակը:
Տեղական արտադրողի իրավունքները սահմանափակող օրենքի քվեարկության ժամանակ կողմ քվեարկող ԲՀԿ-ականներ են եղել. այս հարցին ի պատասխան ԲՀԿ ղեկավարը նշեց, թե իրենց պատգամավորներին ինքնուրույնություն է տրված օրինագծերին ծանոթանալու եւ ըստ իրենց կարծիքի քվեարկելու: ՀՀԿ-ԲՀԿ լարվածության մասին հարցին ի պատասխան. «Կոալիցիոն գործընկեր ենք, բայց ամեն մեկս պայքարում ենք մեր կուսակցության համար, այսօր ավել-պակաս խոսակցությունները, էս տեղը-էն տեղը` այդ որոշողը ժողովուրդն է: Մենք աշխատում ենք, որ կարողանանք լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել: Մենք առաջարկել ենք մեր ծրագիրը. որ մենք փոքրամասնություն լինենք` չենք կարող անցկացնել: Այսօր պայքարում ենք, որ ունենանք 50+1, որ կարողանանք մեր որոշումները, մեր ծրագրերն իրականության կոչել, որ կարողանանք «մեր խոսքը գործ է»` այդ քայլերով շարժվել: Մնացածն ինչ կասի-ինչ կանի, դրանք հեքիաթներ են, մարդիկ տունը քնում-ելնում են, առավոտ երազ են տեսնում-խոսում են: Մենք աշխատում ենք, որ լիարժեք կարողանանք 50+1»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ի ձայները նվազեցվելու են մինչեւ 8 տոկոս, նա պատասխանեց. «Ասողները գլուխները պատին են տալիս, իրենց տանը, իրենց կնիկներն իրենց ձայն չեն տա»:
Ծառուկյանի դեմ մահափորձի մասին խոսակցությունները նա չգիտե, թե ովքեր են տարածում` այդպիսի բան չկա, այս խառնաշփոթն ո՞վ է ստեղծում: «Բա երկրորդ պարիսպն ինչո՞ւ եք սարքում (լրագրողը նկատի ուներ Ծառուկյանի տան շուրջը, սարի վրա շարված պարիսպը) հարցն այս պատասխանն ունեցավ. «Երկրորդ պարիսպը եկեղեցու համար է, որ կարողանանք համապատասխան կենդանիներ բաց թողնենք, գեղեցկացնենք, ջրենք, ծառեր տնկենք: Մի քիչ լավատես եղեք, կարող ա դու ինձ չսիրես, բայց կարեւորը` իմ արած գործը պարտավոր ես սիրել եւ գնահատել: Երկու եկեղեցի է կառուցված, համապատասխան մարդիկ գալիս են, հարսանիքներ, կնունքներ են անում, որ ավելի ընդլայնենք, ավելի գեղեցկացնենք, կանաչապատել ենք... որ սարն այդպես չոր մնար, ինչի՞ նման կլիներ»:
Վիկտոր Դալլաքյանի հայտնի հայտարարությունում անուն չէր նշված, ինչո՞ւ է Ծառուկյանի կողմնակիցներից այդպիսի հակազդեցություն եղել. այս հարցին ի պատասխան Գ. Ծառուկյանը սկսեց խոսել բարեգործության մասին, որ վաստակած գումարից պետք է կարողանալ ուրիշներին բաժին հանել եւ չփնովել.«Մենք մեր վրա չենք վերցրել, մենք բարեգործի անունից ենք խոսել: Ավելի շատ դուք եք այդ խառնաշփոթը սարքել, մենք խոսել ենք միայն բարեգործի անունից, երբ այսօր Հայաստանում ասում են բարեգործ, առաջինը հասկանում են Ծառուկյան Գագիկ: Բայց պարոն Դալլաքյանն ասում է, որ ես իրա արածները հարգում եմ, մնացածը մարդիկ թող իրենց վրա վերցնեն, որ ձենները կտրել են, թող ուրիշները պատասխան տան... Աստծո տված շնորհ է` ինչքան շատ բաժանես, այնքան աստված շատ կտա. ոչ թե բաժանես-սպասես, որ տա, այլ ի սրտե, լիաթոք պետք է տաս, աստված հարյուրապատկում է»: Վարդան Բոստանջյանի` քավորությունից հրաժարվելու մասով էլ ասաց, թե «էդ մարդը գիտի, որ իրա ղեկավարն ու կուսակցության ղեկավարը բարեգործություն ա կատարում, բարի գործ կատարելը ամեն մեկը պարտավոր է հարգել, գնահատել եւ ընդունել»:
Անդրադարձ եղավ ժամանակին ԲՀԿ-ական սոցապնախարարի հրաժարականին. «Գեւորգ Պետրոսյանը կյանքում չէր կարող պատկերացնել, որ ինքը նախարար կարող է դառնալ, ինքն էր մասնագետը, երիտասարդ կադր, մենք էդ հնարավորությունն ստեղծեցինք: Եթե ինքը լիարժեք չէր կարողանում աշխատել, դա չի նշանակում, որ ինքը պետք է իրեն լավ զգա, բայց ամբողջ 3 մլն ժողովուրդ տանջվի: Այսպես պետք է վերաբերվել բոլոր ոլորտներին, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից եւ պաշտոնի են անցնում. պետք է մտածի ժողովրդի համար եւ ոչ թե անձնականի համար: Մենք աշխատողին գնահատում եւ մեծարում ենք»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ