Միջազգային կառույցները միտում ունեն դիտավորյալ չխոսելու ադրբեջանահայ փախստականների մասին: Այսպիսի կարծիք հայտնեցին «Իրատես դե ֆակտո» ակումբի երեկվա բանախոսները` Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանը եւ կոնսուլտատիվ խորհրդի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը : «Ռասիստական Ադրբեջանի հանդեպ ադրբեջանահայերս պահանջատիրություն ունենք», ասաց Մարիամ Ավագյանը: Ադրբեջանի 1988-94 թվականների ռասիստական գործողությունների հետեւանքով բազմաթիվ ադրբեջանահայեր ենթարկվեցին բռնությունների եւ ստիպված լքեցին իրենց տները` գաղթելով ինչպես Հայաստան, այնպես էլ ուրիշ երկրներ: Ադրբեջանահայերը կրել են ե՛ւ նյութական, ե՛ւ բարոյական վնասներ: «Միջազգային հանրության առաջ մենք բարձրացնելու ենք այս հարցերը», ավելացրեց Մարիամ Ավագյանը:
Հրանուշ Խառատյանն էլ նշեց. «Միջազգային կառույցները ոչ թե իրավունքի, այլ պարզապես կամք թելադրելու համար են: Հայ փախստականություն բառը ոչ մի անգամ չի հնչել Մինսկի խմբի շրջանակներում:
Ասուլիսի ընթացքում նաեւ ներկայացվեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի փորձագիտական եզրակացությունը: Ըստ նշված եզրակացության` աշխարհում սփռված ավելի քան 420 հազար ադրբեջանահայ փախստականները ո՛չ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցություններում, ո՛չ էլ տարածաշրջանի գործընթացներում չեն դարձել քննարկվող գործոն:
Հրանուշ Խառատյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեն բաց կառույց է ադրբեջանահայ բոլոր փախստականների համար:
Ի. Պ.