«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2010-10-07 | #183, 2010-10-08 | #184, 2010-10-09


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Գնահատականներ են տալիս պատգամավորները

Հոկտեմբերի 10-ին կլրանա մեկ տարի, երբ Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Այժմ արձանագրությունները սառեցված են, սակայն գտնվում են ՀՀ ԱԺ խորհրդարանի օրակարգում:

Երեկ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ամփոփեցին եւ գնահատականներ տվեցին հայ-թուրքական արձանագրություններին: «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբՙ «Հայաստանի խորհրդարանն իր օրակարգում պահում է արձանագրությունները, սակայն օրակարգ չի ներառում ԼՂՀ օրինագծի ճանաչման հարցը: Իհարկե, դրսից կարող են պարտադրել հայ-թուրքական հարաբերություններ, հարկային պարտավորությունների հարաբերակցություն, բայց Հայաստանը իր ներսում չի կարողանում համարձակություն ունենալ եւ իր ազգային շահերից բխող օրինագիծ մտցնել օրակարգ»:

Անդրադառնալով արեւմտյան մամուլում Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական նոր գործընթացի սկսման վերաբերյալ լուրերին, Սաֆարյանն ասաց, որ հանդիպել է հոդվածների նաեւ իտալական մամուլում:

«Թե ինչպիսի որակ ունի իտալական մամուլն ըստ Էդվարդ Նալբանդյանիՙ չեմ կարող ասել, սակայն ակնհայտ է, որ մեռելածին արձանագրությունները կենդանություն են առնում, եւ միտումներ կան Գյուլի խոսքերով լուռ դիվանագիտությամբ լուծելու հայկական հարցը»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մեկնաբանությամբՙ հայ-թուրքական հարաբերություններն ու արձանագրությունները նպաստեցին երկրի հեղինակության բարձրացմանը: «Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա բոլորս էլ համոզվեցինք, որ դրանք նախապայմաններ չեն պարունակում»:

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ Հայաստանն ընկալվեց որպես տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովող պետություն եւ վստահելի գործընկերոջ հեղինակություն ձեռք բերեց:

Նամակ միջազգային կազմակերպություններին` դատապարտելու հայ գերու մահը

«Ժառանգություն» խմբակցությունը Ադրբեջանում գերի ընկած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ նամակ է գրել ՄԱԿ, ԵԽԽՎ, ԵԽ եւ ԵԱՀԿ նախագահներին: Նամակը, որի տակ իրենց ստորագրությունն են դրել խորհրդարանական բոլոր ուժերը, պահանջում է անցկացնել արդար հետաքննություն Հայաստանի համապատասխան մարմինների ընդգրկմամբ: Խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբՙ թեպետ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում ներկայանում է ոչ թե որպես միջազգային կազմակերպության նախագահ, այլ Թուրքիայի իշխանական կուսակցության պատգամավոր, սակայն անգամ Չավուշօղլուի ազգության պարագայում պետք է պահանջել եւ ստանալ համապատասխան արձագանք:

«Մանվել Սարիբեկյանն ինքնասպանություն չի գործել, նրան տանջամահ են արել: Պետք է անհապաղ պարզել կատարվածի մանրամասները, որովհետեւ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն», ասաց Հովհաննես Մարգարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4