Ասում է Արմեն Հարությունյանը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ: Արմեն Հարությունյանի գլխավորությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը համալրվել է քաղաքացիական հասարակության ոլորտը ներկայացնող նոր փորձագետներով: Աշխատանքային խումբը բաղկացած է լինելու 10 հոգուց: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի առաջին նիստը կայանալու է հոկտեմբերի 11-ին: «Կարծում եմ` օրենքի կատարելագործման ուղղությամբ այս աշխատանքային խումբը կկարողանա լուրջ քայլեր անել», հավելեց օմբուդսմենը: Վերջինս նաեւ ներկայացրեց ՄԻՊ գրասենյակի այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը: 9 ամիսների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ավելի քան 2272 դիմում-բողոք , որոնցից 857-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 43-ը կոլեկտիվ դիմում-բողոքներն են: Պաշտպանին գրավոր դիմում-բողոքներով դիմած անձանց թիվը կազմում է 1725: Նշված ամիսների ընթացքում դիմում-բողոքներով պաշտպանին դիմել է 3140 անձ: Ըստ վիճակագրական տվյալների` 38 դիմում-բողոք դրական լուծում է ստացել, որի արդյունքում էլ վերականգնվել են 256 անձանց խախտված իրավունքները: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՄԻՊ գրասենյակից պետական մարմիններին ուղղված նամակների թիվը կազմում է 702:
Երեկ Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաեւ հանրահավաքներին վերաբերող օրենքի նախագծին. «Մենք արդեն պատրաստել ենք հանրահավաքների հետ կապված օրենքը»: 2 շաբաթ առաջ ՄԻՊ գրասենյակն օրինագիծն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովին, օրինագիծը գտնվում է նաեւ ԵԱՀԿ-ում: «Մեր օրենքի նախագծերի փորձագիտական ուսումնասիրությունով հիմնականում զբաղվում են այս երկու կազմակերպությունները:: Հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի 2 փորձագետներ են հրավիրվել Հայաստան, որպեսզի այստեղ աշխատենք նրանց հետ: Երբ կունենանք այդ փորձագետների վերջնական կարծիքը, ըստ դրա էլ կհամապատասխանեցնենք օրենքի վերջնական նախագիծը, որն էլ կներկայացնենք խորհրդարանին ու կառավարությանը», ասաց Արմեն Հարությունյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսներին, Արմեն Հարությունյանը նշեց, որ աշխատանքից հեռացված դասախոսների դիմումին իրենք պատասխանել են. «Մենք արձագանքել ենք, սակայն մեր օրենքով, եթե որեւէ հարց քննվում է դատարանում, ապա դրանով մենք այլեւս չենք զբաղվում»: Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դասախոսները միաժամանակ դիմել են նաեւ դատարան.«Քանի որ նրանց գործով զբաղվում էր դատարանը, ապա մենք դրանով զբաղվելու իրավունք այլեւս չունեինք»:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաեւ բանակում զինծառայողների մահվան դեպքերին, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել: ՄԻՊ գրասենյակը կատարել է ուսումնասիրություններ, որոնք պատրաստվում է ներկայացնել պաշտպանության նախարարությանը: «2-3 օր առաջ եմ հանդիպել պաշտպանության նախարարին: Բանակը մեր հասարակությունից դուրս չի գործում, բանակը խտացված հայելին է մեր հասարակության: Մենք պետք է զբաղվենք ամբողջ հասարակության առողջացմամբ», ասաց Արմեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում բանակից ստացել են 39 բողոք 40 անձից: Խոսելով բանակում կատարվող ինքնասպանության դեպքերի մասինՙ Արմեն Հարությունյանը նշեց, որ դա բոլորիս համար էլ մտահոգիչ է, եւ նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գերի ընկած Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքներին, Ա. Հարությունյանն ասաց. «Ադրբեջանի օմբուդսմենը կտրականապես չի համագործակցում մեզ հետ, ստիպված դիմում ենք միջազգային կառույցներին»: Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով Հայաստանի ՄԻՊ-ը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ