«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2010-10-08 | #184, 2010-10-09 | #185, 2010-10-12


«ԵՐԵՎԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ»

Նշվեց Երեւանի հիմնադրման 2792-ամյակը

Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2792-ամյակին նվիրված տոնակատարությունը կիրակի առավոտ մեկնարկեց «Էրեբունի» պատմական արգելոց-թանգարանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ: Թատերական ներկայացումը պատմում էր Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի, Արգիշտի թագավորի կյանքի ու Էրեբունու հիմնադրման պատմության մասին:

Ելույթի խոսքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարեւորեց Երեւանի ծննդյան տարեդարձը միասին տոնելու անհրաժեշտությունը: «Որպեսզի տոնը մեր մեջ նոր լիցքեր առաջացնի Երեւանը շենացնելու եւ զարգացնելու համար», ասաց Գագիկ Բեգլարյանը շնորհավորելով երեւանցիներին եւ համայն հայությանը մայրաքաղաքի 2792-ամյակի կապակցությամբ:

Այնուհետեւ Արգիշտի թագավորի գլխավորած զորախումբը քայլերթով շարժվեց Երեւանի քաղաքապետարան, Հանրապետության հրապարակ` ազդարարելու Երեւանի տոնի մեկնարկը:

Կիրակնօրյա Երեւանը վերածվել էր բացօթյա տոնական հսկայական հրապարակի:

«Երեւանը մենք ենք» խորագրով բազմազան միջոցառումները նախատեսված էին յուրաքանչուր տարիքի եւ նախասիրության երեւանցու համար: Ջազային, ռոք, դասական, էստրադային երաժշտությունից մինչեւ նորաձեւություն, պարաօլիմպիական խաղեր, ավանդական կոխի, նորաձեւության եւ ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն:

Երեւանը մանուկների քաղաքն է: Մայրաքաղաքի տոնը մանուկների հետ Կիրովի անվան մանկական այգում նշում էին ծաղրածուները, աճպարարները, խաղավարներն ու հեքիաթի հերոսները` տիկնիկային ներկայացումներով եւ զվարճալի խաղերով գունազարդելով տոնը:

Երեւանը նաեւ այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների մայրաքաղաքն է: Իրենց երկրորդ մայրաքաղաքին երկրում ապրող ազգային փոքրամասնությունները` ռուսներ, հույներ, ուկրաինացիներ, շնորհավորեցին ազգային երգերով ու պարերով: Մոսկովյան պուրակում էլ տիրում էր ռոմանտիկ մթնոլորտ: Ռուբեն Հախվերդյանի հետ երգում էին նաեւ հավաքված հարյուրավոր երիտասարդները: Հյուսիսային պողոտայում «Վարպետաց քաղաք» խորագրով ցուցադրվում էին քանդակներ, հուշանվերներ, ձեռագործ տիկնիկներ:

Երեւանի տոնը շնորհավորելու նպատակով Երեւան էին ժամանել բազմաթիվ հյուրեր Սանկտ Պետերբուրգից, Խարկովից, Մարսելից, Լիոնից, սփյուռքից:

Երեւանում էր նաեւ Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Բայդակովի գլխավորած պատվիրակությունը: Այցելության ժամանակ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ քննարկվել են 2008-2011թթ. համագործակցության ծրագրի հարցեր: Սերգեյ Բայդակովը Երեւանը շատ է հավանել: «Քաղաքը շատ մաքուր է: Լույսն է ավելացել, շատ են նորակառույցները, զարգացումն ակնհայտ է: «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը մշակութային իրադարձություն է դարձել երեւանցիների կյանքում», ասաց նա:

Անջելա եւ Փիթեր Սմիթները Հայաստանում առաջին անգամ են: Հայաստանի եւ Երեւանի մասին լսել են Լոնդոնում ազգությամբ հայ հարեւանից: «Մեր հայ հարեւանը շատ լավն էր: Նա շատ է պատմել Հայաստանի, հայերի, ձեր ողբերգական անցյալի մասին: Դրա համար էլ որոշեցինք աշնանային կարճատեւ արձակուրդը անցկացնել Երեւանում: Չգիտեինք, որ ձեր մայրաքաղաքն այսքան հին պատմություն ունի եւ նման ոգեւորությամբ են նշում: Տպավորությունները հրաշալի են», ասաց Անջելա Սմիթը:

Փիթեր Սմիթն էլ հավելեց, որ չափազանց կարեւոր է երբ քաղաքի տոնը նշում են ոչ միայն երիտասարդները, այլեւ տարեցները: Ամուսինների վրա հսկայական ազդեցություն են թողել հատկապես Էրեբունի ամրոցն ու այնտեղ թատերական ներկայացումը: «Իսկ համեղ կերակուրներն ու հյուրասիրությունն ուղղակի զարմանալի էին», ասաց նա:

Տոնական միջոցառումների եզրափակիչ ակորդը Հանրապետության հրապարակում էրՙ հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարության գլխավորությամբ, բազմահազար մասնակիցներով, համերգով եւ շքեղ հրավառությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4