Ինչպես նշել էինք, հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը: Երեկ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանն ընդունել է իրանցի գործընկերոջը: Կայացած առանձնազրույցի ընթացքում կարեւորվել են երկկողմ բարեկամական հարաբերությունները, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաեւ տարածաշրջանային հարցերին:
Առանձնազրույցից հետո հայ-իրանական հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Իրանի պաշտպանության նախարարըՙ Բաքվում
Ադրբեջանական «Թրենդ»-ի փոխանցմամբՙ երեկ Բաքու է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Աղբյուրի համաձայն` «այցի ընթացքում կքննարկվեն հարցեր Ադրբեջանի ու Իրանի ռազմական եւ անվտանգության հարցերում համագործակցության վերաբերյալ»:
Հիշեցնենք` Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցներից հետո շատ երկրներ, այդ թվումՙ Ռուսաստանը, հետաձգել են իրենց համատեղ ծրագրերը Թեհրանի հետ:
Հ. Ա.