Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը նախատեսում է հոկտեմբերի 30-ին Երեւանում աշխատանքի տոնավաճառ կազմակերպել: Գործակալության պետ Սոնա Հարությունյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նախնական տվյալներով տոնավաճառին մասնակցելու են շուրջ 100 գործատուներ: Վերջիններս ներկայացնելու են արտադրության, առեւտրի, սպասարկման եւ այլ ոլորտների թափուր աշխատատեղերը: Տոնավաճառի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Տոնավաճառի նպատակն է կազմակերպել աշխատանք փնտրողների եւ թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հանդիպումը: Այս տարվա ընթացքում Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի միջոցով աշխատանք է գտել 97 , Վանաձորում` 41, Իջեւանում` 15, Գյումրիում` 38 մարդ: Ըստ նախնական տվյալների` հոկտեմբերի 27-ին աշխատանքի տոնավաճառ կազմակերպվելու է նաեւ Կոտայքի մարզում:
Ի. Պ.