«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2010-10-08 | #184, 2010-10-09 | #185, 2010-10-12


ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ 9 ՁԵՌԱԳԻՐ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի ձեռքով գրված Ավետարաններից ընդօրինակված ձեռագրերը տարին բուն ցուցադրվում են Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ցուցասրահում եւ միայն Սուրբ Թարգմանչաց տոնին են տեղափոխվում երկրորդ ցուցասրահ ու դրվում կողք կողքի` իբրեւ հայ թարգմանական արվեստի փառահեղ վկայություններ:

Տոնն այս տարի առիթ դարձավ նույն սրահում ցուցադրելու նաեւ Ամստերդամում 1660 թվականից ի վեր տպագրված հայերեն հնատիպ գրքերից քսանը` Աստվածաշունչը, Շարակնոցը, Գիրք սաղմոսացը, Մովսես Խորենացու «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան», Ներսես Շնորհալու «Յիսուս որդի» ստեղծագործությունները, Շրեոդերի «Արամեան լեզուին գանձ» գրաբարի ձեռնարկը` լատիներենով, հայատառ առաջին քարտեզը` «Համատարած աշխարհացույցը» եւ այլն: Ցուցադրությունը կրում է «Սուրբ Էջմիածնի լույսը Ամստերդամի հայոց տպարանից» խորագիրը, որի ներքո Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց (հոկտեմբերի 7-9) Ամստերդամի հայոց տպարանի 350-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողով, որը եւ եզրափակվեց Մատենադարանում բացված նույնանուն ցուցահանդեսով:

«Այս գրքերը պահվում են աշխարհի տարբեր գրադարաններում, եւ դրանց մասին շատ քիչ է գրվում: Հայոց տպագրության հիմնադրման 500-ամյակին ընդառաջ բացված այս ցուցահանդեսի նպատակն է դրանք դուրս բերել գրադարաններից, ցույց տալ մարդկանց, վերստին արժեւորել ու հիշել բոլոր հայ տպագրիչներին` անուն առ անուն», ասաց Հոլանդիայում հայ հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ վարդապետ Հակոբյանը:

Ցուցահանդեսի բացմանը նախորդեց նշանակալի իրադարձություն` եգիպտահայ Սուրեն Բայրամյանը Մատենադարանին նվիրաբերեց 9 ձեռագիր, որոնցից մեկը բացառիկ է այն առումով, որ պարունակում է լեհահայոց համայնքի արտագաղթի վերաբերյալ կարեւոր մանրամասներ:

«Ամեն անգամ հայրենիք այցելելիս ինձ հետ բերում եմ տարբեր տարիներին ձեռք բերած ձեռագրեր ու հնատիպ գրքեր` հանձնելու Մատենադարանին, Ազգային գրադարանին, Ազգային արխիվին, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գրադարանին: Մատենադարանին նվիրած այս ձեռագրերը վերջին 50 տարիների ընթացքում Կահիրեից արտագաղթած հայ ընտանիքներից գնված հավաքածուից են: Այդ մասունքները ձեռք եմ բերում հնավաճառներից եւ ամեն այցիս ժամանակ որոշակի քանակություն բերում եմ Հայաստան: Այս անգամ բերած ձեռագրերի հիմնական մասը երաժշտական են, բացառությամբ 25-էջանոց մի ձեռագրի, որն առնչվում է 1600-ականներին Լեհաստանից ծայր առած հայերի արտագաղթին», ասաց Բայրամյանը:

Մատենադարանին միանգամից ինը ձեռագիրը նվիրաբերելը այն հազվադեպ իրողություններից է, որ սովորական օրը վերածում է տոնի. «Մատենադարանի գլխավոր գործառույթը նոր ձեռագրեր ձեռք բերելն է, դրանք պահպանելն ու գիտական շրջանառության մեջ դնելը: Ձեռագրերի հոսքը Մատենադարան ավելացել է. այս տարի արդեն ձեռք ենք բերել 80 ձեռագիր եւ առաջիկա ամիսներին սպասում ենք նոր նվիրատվությունների», ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Սուրեն Բայրամանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն հայ գրի եւ գրականության ու նաեւ մամուլի հանդեպ սերը նրան ստիպել է հիմնական աշխատանքից զատ զբաղվել դրանցով ու դառնալ «Յուսաբեր» օրաթերթի խմբագիրը, եգիպտահայ գաղութում ծավալել մշակութային բարեսիրական գործունեություն, 1975-ից ի վեր լինել Կահիրեի թեմական ազգային խորհրդի անդամ` իբրեւ ատենադպիր:

Եգիպտահայ մամուլին նվիրած երկար տարիները 2005-ին ծնունդ են տվել «Հայ մամուլը Եգիպտոսում» գրքին, որն ընդգրկում է Եգիպտոսում 1865-2005 թթ. լույս տեսած 169 անուն թերթերի մատենագիտական տվյալները: Հիմա աշխատում է «Հայ գիրքը Եգիպտոսում» գրքի վրա, որը ներառում է 1888-ից առ այսօր հայատառ գիրք տպող 40 տպարաններում լույս տեսած ավելի քան 1200 գրքերի վերաբերյալ տեղեկություններ:

«Պիտի ջանամ այս գիրքն ավարտել երկու տարի հետո, որպեսզի հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակին իմ ներդրումը բերեմ հայ մշակույթին», ասաց Բայրամյանը:

Մատենադարանին նվիրաբերած մեծարժեք ձեռագրերի եւ եգիպտահայ մամուլի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար եգիպտահայ մտավորականը Հրաչյա Թամրազյանից ստացավ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը, խոստանալով, որ մոտ ապագայում իր կողմից կլինեն նոր նվիրատվություններ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4