«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ՉՓՈՇՄԱՆԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Մի տեսակ անարձագանք մնաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բաց տեքստով այն ասածը, որ ԲՀԿ-ն պայքարելու է 50+1 տոկոս ձայների համար: Իսկ դա, ինչպես գիտեք, խորհրդարանում պարզ մեծամասնության սովորական հարաբերակցությունն է: Սա կարելի է մարտահրավեր կոչել` ուղղված Հայաստանի մյուս քաղաքական ուժերին եւ հատկապես այժմ խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ին: Թե ինչու դրան չպատասխանեցին կամ հակադիր բաց տեքստով ուղերձ չարեցին ՀՀԿ ամենաբարձր շրջանակներից, դեռեւս տեսանելի չէ:

Գագիկ Մելիքյանը մի թեթեւ ասաց միայն, թե հզոր քաղաքական ուժերը (ՀՀԿ-ն-Մ.Խ.) որեւէ մեկին թուլացնելու նպատակ չեն ունենում, թուլացնել թույլին` ուղղակի հակացուցված է, դա ուժեղին հարիր չէ. նրա այս խոսքը որպես պատասխան ուղղված է եղել լրագրողի` ԲՀԿ-ի վերաբերյալ հարցին: Բայց մեր կարծիքով ԲՀԿ առաջնորդի ասածը չէր կարող աննկատ անցնել անգամ ամենավերին մակարդակներում. կամ նրան տրվելիք պատասխանի ձեւաչափը դեռ հստակեցվում է, կամ դա փոխադրվում է անզեն աչքով անտեսանելի ոլորտներ, այդ թվում` տնտեսական, կամ էլ դեռ վերեւից «դաբրո» չկա այդպիսի պատասխան հնչեցնելու եւ ակամա լարում առաջացնելու իշխանական քաղաքական դաշտում` «վսեմու սվայո վրեմյա»: Իսկ որ ԲՀԿ առաջնորդը շատ լուրջ է տրամադրված, եւ հնարավոր է, որ հընթացս աջակցություն ստանա այլ քաղաքական ուժերից եւս, սա բացառել չի կարելի, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն երկրորդ անգամ է դարձել խորհրդարանական կուսակցություն: ԲՀԿ-ն կադրային խնդիր, ճիշտ է, ունի (Արեւիկ Պետրոսյան եւ Սամվել Բալասանյանի փոխատեղումը ձեզ օրինակ), բայց եղած մի քանի հայտնի կադրերը մեծ փորձառություն են ձեռք բերել, ինչը ՀՀԿ-ականները բոլորովին էլ չեն կարող անտեսել: Իսկ գիտեք, թե ի՞նչ է նշանակում 50+1` իշխող քաղաքական վերնախավի փոփոխություն, կառավարության փոփոխություն, մեծ հաշվով` իշխանափոխություն:

Մի խոսքով` ապագա խորհրդարանական ընտրություններից տարիուկես առաջ սա թերեւս այնքան էլ անտեսանելի հայտարարություն չէ, այնպես որ մեր կարծիքով այս հայտարարության բուն պատասխանը դեռ հնչեցված չէ եւ կհնչեցվի անշուշտ: Մյուս կողմից` սա կարող է տեղավորվել ընդհանուր` հասարակությունում առկա փոփոխությունների պահանջի մեջ: Ճիշտ է, մեր հասարակությունն այնքան ակտիվ չէ, որ իր փոփոխությունների պահանջի տերը լինի, մանավանդ` այդ փոփոխությունները գեներացնող հիմնական քաղաքական ուժը դեռեւս անհայտ է: ՀԱԿ-ի մասին խոսելն ավելորդ է, ՀԱԿ-ն ապացուցեց, որ ի՛նքը չէ այդ ուժը: Որքան էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հետաքրքրություն արթնացնի, թե առաջիկա` հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելու է կոռուպցիայից, նորություն եւ անակնկալ է լինելու, եկե՛ք, ՀԱԿ հանրահավաքները վաղուց կարծես վերածվել են մի խումբ (թող լինի` մեծ խումբ) մարդկանց հավաքի, ուր նրանց լիդերը պարզապես իր ներքաղաքական վերլուծություններն է հրապարակում, ու նրանից կամաց-կամաց հեռանում են անգամ նրան հոգով-սրտով ավելի վաղ նվիրվածները: Իսկ գեներացնելը լրիվ ուրիշ պրոցես է, եւ մանավանդ Հայաստանում լրիվ ուրիշ բան է նշանակում, քան հանդարտ վերլուծելն ու մանավանդ` շատ հարցերում իշխող ուժերին համամիտ վերլուծելը: Հիմա եթե պահանջ կա, տեղը դատարկ է, այդ տեղը կարող է գրավել ով ասես. ստիպված եմ հիշեցնել Արկադի Վարդանյանի մասին, ում համարյա չէին ճանաչում, բայց ով եկավ ամպագոռգոռ խոստումներով, փողով, եւ փոփոխությունների պատրաստ զանգվածը, առանց հասկանալու ինչ է անում` գնաց նրա հետեւից: Հիմա Հայաստանում մի այնպիսի վիճակ է, որ զանգվածը կարող է հերթական անգամ դժվար կողմնորոշվել, հերթական անգամ ոչ ճիշտ պահվածք դրսեւորել (փոփոխությունների մեծ սպասումից) կամ ենթարկվել զանգվածային հերթական հիպնոսին, ու շատ բան կախված է լինելու քաղաքական տեխնոլոգիաների հմուտ մանիպուլյատորներից: Ցավով ենք սա ասում:

Իսկ առայժմ նշենք, որ Գագիկ Մելիքյանի` «թույլին թուլացնելու» թույլ ակնարկին արձագանքել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` հանրապետական կուսակցության գործընկերներին խորհուրդ տալով նույնիսկ ընդհանուր եւ վերացական բնույթի հայտարարություններում շատ զգույշ ու կոռեկտ լինել:

Տեսականորեն փաստորեն չի բացառվում, որ հնուց դեռ պահպանած իր խարիզմը Ծառուկյանը եւ նրան հարող այլ ուժեր (Ռոբերտ Քոչարյանը` ինքը կամ միջնորդավորված, մի շարք մանր կուսակցություններ եւ այլք) դանդաղ եւ օիրինաչափությունների կանոններով օրեցօր ավելի ազատվող քաղաքական դաշտի բաց հատվածը լցնեն` դժգոհների ընտրազանգվածի զգալի շերտ իրենցով անելով: Ահա թե ինչի մասին պետք է մտածեն բոլոր մյուս քաղաքական ուժերը, ովքեր նույնպես Ծառուկյանի քաղաքական հավակնությունները ունեն, օն, ուրեմն առա՛ջ, մրցակցությունը դեռ նոր է սկսվում:

Իսկ ընդհանրապես` երբ տնտեսական դաշտում օլիգարխիկ համակարգ է, կարիք չկա մեծ սպասումներ ունենալ քաղաքական դաշտից, քաղաքական դաշտն ու տնտեսական դաշտը դառնում են միմյանց սպասարկու, որդեգրում միմյանցով պաշտպանվելու բնազդ (էլի ցավով ենք ասում): Վերջին օրենսդրական փոփոխությունը, երբ արտադրողը չկարողացավ պաշտպանել ինքն իրեն, գործարարների համար զգուշացում է` առավել հարմարավետ տեղավորվել քաղաքական դաշտում եւ քաղաքական իշխանության առավել մեծ վեկտորի տիրանալ:

Մնացյալն արդեն տեխնոլոգիաների խնդիր է: Ուրիշ հարց, թե դրանից ինչ կշահի Հայաստանը, նրա հասարակությունը: Եթե ե՛ւ իշխող, ե՛ւ ընդդիմադիր հատվածում հերթական անգամ մտածելու են միայն իշխանություն ունենալու մասին, եթե հերթական անգամ ժողովրդի փոփոխությունների սպասումը երազախաբ են անելու` իր հայացքը վերստին դեպի դուրս հառող հասարակության ներուժ ունեցող զանգվածը ոտքը կախ կգցի մինչեւ այս նոր ընտրությունները, սակայն դրանից հետո զանգվածաբար կարող է լքել Հայաստանը:

Դրանից հետո լուրջ փոփոխությունների անպատրաստ, բայց իշխանություն պահած կամ իշխանության եկած ուժը կարող է փոշմանել անգամ ունեցած իշխանության համար:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4