«Կոնգրես» հյուրանոցում երեկ քննարկում էր կազմակերպվել «Որդեգրման եւ թրաֆիքինգի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: «People in Need» ծրագրի համակարգող Տաթեւիկ Բեժանյանը տեղեկացրեց, որ քննարկումը կազմակերպվել էր «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագիրը սկսվել է 2009 թվականին Եվրոմիության ու Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի, «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության եւ Հայ օգնության միության միջոցով: «Փորձ է արվել բոլոր հնարավոր դաշտերում անցկացնել դասընթացներ», նշեց Տաթեւիկ Բեժանյանը: Թրաֆիքինգի դեմ պայքարելու համար հարկավոր է բարձրացնել նաեւ մարդկանց իրազեկությունը: «Հենց այս նպատակով են անցկացվում դասընթացները», ավելացրեց Տ. Բեժանյանը, ապա ընդգծեց. «Հայ ժողովուրդն իրեն համարում է երեխասեր ազգ, բայց, ցավոք, մենք ունենք նաեւ երեխաների թրաֆիքինգի դեպքեր: Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանն էլ նշեց, որ թրաֆիքինգի հիմնախնդիրները շարունակական մեկնաբանման եւ բացահայտման կարիք ունեն: «Մեզանում այս երեւույթը սկեց առաջանալ անկախությունից հետո, երբ տնտեսական պայմանները ստիպեցին մարդկանց աշխատանք փնտրել արտերկրում», ասաց Ձյունիկ Աղաջանյանը : Թրաֆիքինգը խաբեության, հարկադրանքի, տարբեր խոստումների միջոցով, նաեւ տեղափոխման ճանապարհով մարդկանց շահադիտական նպատակներով շահագործման ենթարկելն է: «Թրաֆիքինգը շահագործման վատագույն դրսեւորումն է, որն այսօր նույնիսկ կոչվում է ստրկության նոր ձեւ», ավելացրեց Ձյունիկ Աղաջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը սկսվել է 2002 թվականից: Հայաստանում տնտեսական ոչ բարվոք պայմանները թրաֆիքինգը խթանող հիմնական գործոններն են: Սոցիալ- տնտեսական ծանր պայմանների պատճառով մարդիկ շարունակում են մեկնել օտար երկրներ լավ աշխատանք գտնելու հույսերով եւ պատահական մարդկանց խոստումներին վստահելով` համալրում թրաֆիքինգի զոհերի շարքը: Թրաֆիքինգի շատ զոհեր խուսափում, ամաչում են հասարակության մեջ երեւալուց ու մարդկանց հետ շփվելուց: Թրաֆիքինգից տուժածների հանդեպ շրջապատի մարդիկ պետք է ուշադիր եւ հոգատար լինեն, չի կարելի հոգեբանորեն հետեւել նրանց: Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ 2008 թվականին գրանցվել է թրաֆիքինգի 34 զոհ, 2009-ին` 60 զոհ, 2010-ի առաջին կիսամյակում` 6 զոհ, որից մեկը եղել է անչափահաս: Թրաֆիքինգի զոհերի մեջ գերակշռող մաս են կազմում սեռական շահագործման ենթարկվածները: Որքան էլ ցավալի է, Հայաստանը զերծ չէ նաեւ ներքին թրաֆիքինգի դեպքերից, այսինքն` թրաֆիքինգի երեւույթը կատարվում է հենց երկրի ներսում:
Քննարկման ընթացքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության, երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Ելենա Հայրապետյանն անդրադարձավ որդեգրմանը վերաբերող խնդիրներին: «Եթե միեւնույն ժամանակ, միեւնույն երեխային որդեգրման համար ընտրել են ե՛ւ Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացին, ե՛ւ օտարերկրյա քաղաքացին, ապա նախապատվությունը տրվում է ՀՀ քաղաքացուն», տեղեկացրեց Ելենա Հայրապետյանը: Ամեն տարի վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաներին ավելի շատ որդեգրում են տեղացիները, քան օտարերկրացիները: «Որդեգրողների 60 տոկոսը կազմում են տեղացիները, իսկ 40 տոկոսը` օտարերկրացիները», հավելեց Ե. Հայրապետյանը, ապա տեղեկացրեց, որ որդեգրման ենթակա առողջ երեխաներն ընդամենը 15-ն են, որոնց 70 տոկոսն էլ արդեն մեծ են 10 տարեկանից: Որդեգրել ցանկացողները, սակայն, նախապատվությունը տալիս են ավելի փոքր տարիքի երեխաներին, նորածիններին, որպեսզի որդեգրման գաղտնիքը պահպանվի: Ելենա Հայրապետյանը տեղեկացրեց. «Վերջին տարիներին կենսաբանական ծնողները հիմնականում հրաժարվում են այն երեխաներից, որոնք ունեն առողջական խնդիրներ»: Այսօր որդեգրման ենթակա երեխաների մեծ մասն ունի առողջության հետ կապված խնդիրներ: Ե. Հայրապետյանի փոխանցմամբ` տարվա ընթացքում երեխա որդեգրել ցանկանում են ՀՀ առնվազն 200 քաղաքացիներ. «Երեւի մի այդքան էլ օտարերկրացիներ»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ