«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ԳՈՒՆԱՅԻՆ ԿԱՄՐՋՈՒՄ. ՄՈՆՐԵԱԼԻՑ ՓԱՐԻԶ

«Այսօրվա երեւանյան սքանչելի ձեռնարկներից մեկն է այս ցուցահանդեսը. ուղղակի պատիվ կբերե մեր երկրին ալ, մեր մայրաքաղաքին ալ: Ինքը երիտասարդ, շատ տաղանդավոր նկարիչ է, արդեն կրնանք ըսելՙ հասուն-կայացած: Սքանչելի զգում է, իբրեւ նկարիչ եմ ասում, գույնը, տարածությունը, սքանչելի կազմակերպում է իր նկարները: Իր նկարները նայիլը հաճույք մըն է, որովհետեւ որեւէ ճիգ չի պահանջում քեզնից, բոլորովին չի փորձում տարօրինալ ըլլալ: Կարծում եմՙ որքան ժամանակը անցնի, մատուցվելիք գործերն ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ կըլլան: Պատվավոր շարունակողն է Էլիբեկյան նշանավոր ընտանիքի ավանդույթների, որը մի քանի սերունդ արդեն հարստացնում է մեր հոգեւոր կյանքը, մեր մշակույթը»:

Հակոբ Հակոբյան

«Երբ իր սերը հանդեպ վրձինը դառնում էր արտացոլանք, իրեն տեսա Կանադայում, որտեղ ապրում էր: Միասին եղել ենք Փարիզում, եւ ականատես եմ եղել այս բնանկարներից մեկի նկարելուն: Այսինքնՙ գիտեմ իր նկարչական հոգու բուն ձգտումը. իրականությունը ներկայացնում է ճիշտ այնպես, ինչպես կարող ես տեսնել, բայց այդ տեսածի մեջ հավելում է այն կոլորիտային գեղեցկությունը, ինչ ինքըՙ նկարիչն ունի. կոլորիտային գեղեցկություն, որ երաժշտական տրամադրություն է ստեղծում: Գույնի զգացողություն, գույնի ներդաշնակությունՙ մթնոլորտ ստեղծող գրավիչ, առինքնող, բնությանը մերձեցնող տրամադրություն. սա է ամենագնահատելին»:

Շահեն Խաչատրյան


Կյանքում պատահական չէ որ ոչինչ չի լինում: Եվ պատահական չէր կարող ընտրված լինել Արեգ Էլիբեկյանի անհատական առաջին ցուցահանդեսի վայրըՙ Փարիզը: Վաղուց արդեն որպես արվեստների մայրաքաղաք կնքված Փարիզը, որքան էլ արդիական ու հարուստ թանգարաններիՙ ուրիշ քաղաքներում գոյության, շարունակում է մնալ այդպիսին: Դա մթնոլորտ է արվեստային-արտիստիկՙ «թրծված»-լցված քաղաքի այնքա՜ն հարուստ անցյալով: Անհնար է պարզապես արվեստի ոգու թեկուզ դույզն-ինչ կայծն ունենալ եւ չշոշափել օդի մեջ թափառող անտես գույները, չզգալ աներեւույթ-թափանցիկ գեղեցիկի այդ միրաժը:

Փարիզը, ինձ թվում է, նախեւառաջ նկարիչների քաղաք է. նրա մթնոլորտն է նկարչական... Արեգ Էլիբեկյանի նկարչական հոգին շատ ուժեղ զգացել-որսացել է դա ու գուցե վաղուց իր ներսում փայփայել այս քաղաքի գույները, եւ նկարներն էլ փարիզյան շունչ ունեն: Փարիզյան վերպատկերումներում ակնհայտ է ներքին հարազատությունը, ակնհայտ են նկարչի երկար դեգերումներըՙ որոնելու փարիզյան փողոցների ու սրճարանների մտերմությունը, գնալու ավելի խորքերը, ճանաչելու քաղաքի բուն ոգին: Նա գտել է դա ու գույնի լեզվով թարգմանելով ստեղծել իր Փարիզը: Նրա փարիզյան պատկերաշարը իրականության հետ խոսում է ճշմարիտ զգացողությամբ, նա որսացել է քաղաքին բնորոշ ներքին հանդիսավոր հանդարտության տակ թաքնված լարված, ասես դրամատիկ սպասումը, որ թափառում է Փարիզի ամեն անկյունումՙ ինչ-որ մոգական, ինչ-որ առեղծվածային մի բան իր մեջ պահած. դա զգում ես, հատկապես, երբ հայացքդ երկարում է Սենի թախիծի վրայով: Իսկ Արեգը հատկապես պատկերում է գետն իր կամուրջներով, նավարկող նավերով, որոնք նկարից նկար քեզ են նայում այդ նույն սպասողական հանդարտությամբ: Փարիզը «կարդացել է» նա դետալ առ դետալ, մտել քաղաքի պատմության շերտերը, զգացել նրա անորսալի հմայքն ու գեղեցկության անհասանելիությունըՙ հոգեկան երկվություն ծնող քաղաքի ակնարկըՙ նետված երկրային կյանքի ճամփորդներիս...

Գույնի այն տոնայնությունը, որով նկարիչը հարաբերվում է քաղաքին, նույնպես կրում է նրա մթնոլորտին բնորոշ վիճակներ. դա բաց-մոխրակապտավունն էՙ կամուրջների, գետի, նավերի գույնը, իսկ քաղաքային-կյանքային պատկերներում հողագույնի տարաշերտերի հարուստ ներկապնակ է բացումՙ փողոցներից աստիճանաբար դեպի շենքերի տանիքները մգվող: Փարիզյան կյանքը (միայն ճարտարապետությունն ու պուրակներն արդեն բավարար են) ինքնին գեղեցիկ է, հատկապես սրճարանների առավոտըՙ առանձնակի ճիգեր չպահանջող: Եվ նկարիչը սիրում է այդ իրականությունը, գուցե եւ իր նկարակալով հաճախ միանում դրան, դառնում մի մասնիկն այդ կյանքի:

Արեգ Էլիբեկյանը աչքը բացել է գեղեցիկի, գեղարվեստի միջավայրում. պապըՙ Վաղարշակ Էլիբեկյանը բնածին էսթետ էր, հայրըՙ Ռոբերտ Էլիբեկյանը եւ հորեղբայրըՙ Հենրի Էլիբեկյանը նույնպես: Նկարիչների երեք տարբեր սերունդներՙ յուրաքանչյուրը սեփական ձեռագրի ինքնատիպությամբ: Իր խորին հարգանքով դեպի ընտանեկան ավանդույթները, Արեգը, բնականորեն, նկարչության ճանապարհի անհատական իր արահետն էր բացելու, կրելով, իհարկե, հոգեւոր այդ ժառանգության սաղմերը:

Նկարչի առաջին ցուցահանդեսը, ինչպես ասվեց, բացվեց Փարիզում, 1998 թվականին, եւ սրանով իսկ քաղաքը նրա համար ճակատագրական եղավ: Կյանքի հանգամանքները տարիներ առաջ նրան տարել էին Մոնրեալ, բնակություն հաստատել էր այստեղ 1992-ից: Աշխարհի մեծ քաղաքների մեծ հորիզոնականներին դժվար է ինքնահաստատման կայուն ուղի գտնել. Արեգը դա փորձում է անել քայլ առ քայլ, խորանալով կյանքի բազմազանության մեջ, պահպանել, սակայն, իր ներքին ձայնի ճշմարտությունը, ապավինել իր զգացողություններին, իր տաղանդին: Արդիական արվեստի, նրա ավանգարդ ձեւերի հետ շփվելու մերձությունը ճանաչողական փորձ է իհարկե, սակայն նկարչի վրձինը թաթախված է իրականության ջրերում: Նրան հարազատ են անցյալի ֆրանսիական (թերեւս հետիմպրեսիոնիզմի) նկարիչների գունաոճային մոտեցումները. վրձնահարվածներիՙ հարթ մակերեսներից ստեպ-ստեպ տեղափոխումները շերտ-շերտ քսվածքների դաշտՙ դիտողի միտքը ներքին, ավելի խոր ապրումների մղելով: Այդպիսին է Մոնրեալյան շարքը, որտեղ նրա երփնապնակը շատ ավելի ցայտուն-վառ դրսեւորումներ է բացում, գույներն ավելի թանձր են, խիտՙ կուտակումների մեջ անգամ լուսե:

Փարիզի առինքնող-գերող մթնոլորտից ազդվածՙ տարիների հետ խորացող փարիզյան շարքից հետո նկարչական դիմագծի մի նոր արտահայտություն նա գտավ Մոնրեալում, դարձյալ ֆրանսիական շնչով մի քաղաք, որտեղ նա որոնում էր, ինչպես ֆրանսիացիներն են սիրում ասել, կյանքի արվեստը:

Մոնրեալը նրա նկարչական ձեւերի մեջ ավելի բնապատկերային արտահայտությամբ է ներկա, որոնց հիմնական բնորոշիչը գունային կենսական զվարթությունն է: Որքան գեղեցիկ է նրա մոնրեալյան ձմեռը, իսկ աշնանային պեյզաժները ուղղակի վարակիչ են, զարմանալի գունագեղ, թարմության բռնկուն շնչով, վաղ աշնան ծառերի դեղնակարմրի գրգիռների շիկավուն, հրավառ տոնահանդեսով: Այնպես որ անհնար է մոռանալ մոնրեալյան նրա աշունը: Նմանապես բնապատկերներում կանաչը ծաղկում է ամենահյութեղՙ գույնի արտակարգ գրավիչ թանձրությամբ: Մոնրեալյան շարքի քաղաքային պատկերներն ու մի քանի դիմանկարներըՙ արտահայտիչ-սլացիկ, նույնպես իրենց ուրույն հմայքն ունեն:

Այս տպավորությունները Արեգ Էլիբեկյանի երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսից են, որ այս օրերին ընթանում է Գեղագիտության ազգային կենտրոնի Աբովյան փողոցի ցուցասրահում:

Մոնրեալ-Փարիզ ցուցահանդեսային խորագրով Արեգ Էլիբեկյանը գունային կամուրջ է նետում իրեն հոգեհարազատ այս երկու հրաշալի քաղաքների միջեւ. Երեւանը, իհարկե, հայրենիք է, խարիսխ եւ այստեղ էլ ներքաղաքային ուրիշ կամուրջ է նետվածՙ այս նույն օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Վաղարշակ Էլիբեկյանի գողտրիկ-գեղեցիկ ցուցահանդեսի միջեւ: Գուցե սա նույնպես պատահական չէ, որովհետեւ Արեգը, այնուամենայնիվ, նկարչական ներքին հարազատություն ունի հենց նրա հետ: Եթե Վաղարշակ Էլիբեկյանն ընտրել է հին Թիֆլիսի անկրկնելի մթնոլորտն ու քաղաքային կյանքի պատկերումը, ապա թոռըՙ Փարիզի ու Մոնրեալի: Սակայնՙ նկարչական մտածողության, արտահայտչաեղանակների ու ոճերի ակնհայտ տարբերությամբ: Արեգը պարզ-նկարագրականից թափանցում է բնակավայրի ու կյանքի ավելի խորքերը: Եվ հատկապեսՙ նրա նկարչության մեջ բացակայում են Վ. Էլիբեկյանին բնորոշ բեմական կեցվածքներն ու ձեւերի թատերայնությունը, առավելապես ֆոլկլորային բնույթը: Արեգ Էլիբեկյանի քաղաքային միջավայրը կյանքային բուն, իրական վիճակներում է, առանց դեկորացիաների, սակայն արտիստիկ: Հույս ունենաք, որ Փարիզ-Մոնրեալ այս շարքի երեւանյան հաջող փորձը կզարդարի նաեւ այդ քաղաքների ցուցասրահները:

Իր արվեստի մասին Արեգը խոսում է այնպես, ինչպես կյանքի բնականոն ընթացքի, առանց բարձր տոնայնության, աշխատում սեփական ձեռագիրը հաստատել իրականության զգացողությամբ. «Տարիների ընթացքում բախտ է վիճակվել տարբեր երկրներում թե՛ խմբակային, թե՛ անհատական ցուցահանդեսներ ունենալ: Սակայն երեւանյանը հատուկ նշանակություն ունի. առաջին անգամ եմ հանդես գալիս իմ երկրում, իմ հարազատ քաղաքում, հայրենակիցներիս առաջ եւ շատ մեծ պատասխանատվություն եմ կրում: Միշտ հետաձգում էիՙ հնարավորինս ավելի աշխատելու, զատելու գործերս, որպեսզի ավելի լրջորեն Երեւանում հանդես գամ: Կարծում եմՙ ժամանակը հասունացել է, մանավանդ այս տարի ինչ-որ ձեւով Էլիբեկյանական տարի է: Հորեղբորսՙ Հենրի Էլիբեկյանի 75-ամյակին, մեծ հայրիկիս 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներին ցանկացա ես էլ իմ խոսքը բերել»:

Նկարչությունն Արեգ Էլիբեկյանի համար ապրելաձեւ է, մտածելակերպ. «Նկարիչը պետք է իր հոգեկան աշխարհին հարազատ մնա: Կարծում եմՙ նկարչության յուրաքանչյուր ձեւի մեջ կարելի է ժամանակի հետ համահունչ լինել»: Սա է, ի վերջո, ճշմարիտը, որովհետեւ, այնուամենայնիվ, արվեստի յուրաքանչյուր գործի հմայքը նախեւառաջ ապահովում է նրա հաղորդականությունը, որը կայանում է, երբ անկեղծ է ստեղծագործողն իր զգացամտային աշխարհի դրսեւորումների մեջ: Եվ սա միշտ է ակտուալ. երբ որոնում ես ոչ թե զուտ ձեւեր, այլ դրանց ներքին էությունն ես փորձում հայտնաբերել կամ գտնել քեզ դրանց մեջ: Այդպիսին է Արեգ Էլիբեկյանի արվեստը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4