«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2010-10-12 | #186, 2010-10-13 | #187, 2010-10-14


«Ե՛Վ ՀՈՒՅՆԵՐԸ, Ե՛Ւ ՀԱՅԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»

ԱԺ նախագահի հանդիպումները Հունաստանում

«Ազգը» հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մեկնել էր Հունաստան: ԱԺ լրատվական ծառայությունը մանրամասներ է հաղորդում այդ այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մասին: Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը , հանդիպելով ԱԺ նախագահին, բարձր է գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարերից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները` պայմանավորված նաեւ պատմական ընդհանրությամբ եւ ճակատագրերի նմանությամբ. «Ե՛վ հայերը, ե՛ւ հույները տուժել են Թուրքիայից», նշել է Հունաստանի նախագահը` հավելելով, թե ափսոսում է, որ մինչեւ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից` Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես որ նացիստների իրականացրած Հոլոքոսթի համար Գերմանիան ներողություն խնդրեց: Հունաստանի նախագահը նաեւ կարեւորել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը Մինսկի խմբի շրջանակում:

ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն իր կողմից նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձեւավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա: Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Հայաստանի ԱԺ նախագահը նաեւ շեշտել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների եւ խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արեւելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար:

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ընթացքում հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման առումով Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ դեր է վերապահել օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Կարեւոր համարելով եվրոինտեգրման գործընթացում Հունաստանի փորձըՙ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է քննարկել նաեւ փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից 1996 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:

Հունաստանի խորհրդարանի նախագահն էլ կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացումը: Նրա համոզմամբ` երկու երկրների ավանդական բարեկամությանը մեծապես նպաստում է համայնքների գոյությունը ե՛ւ Հունաստանում ե՛ւ Հայաստանում:

Պարոն Պետսալնիկոսը, բարձր գնահատելով Հայաստանի ջանքերնՙ ուղղված Եվրոմիության հետ հարաբերությունների խորացմանը եւ ողջունելով Հայաստան-Եվրոմիություն բանակցությունների ընթացքը, նշել է, որ Հունաստանը մշտապես Հայաստանի կողքին է եւ ամեն ինչ կանի Հայաստանին օժանդակելու եվրոինտեգրման գործընթացում:

Հանդիպման վերջում Հ. Աբրահամյանն իր հույն գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Ֆիլիպոս Պետսալնիկոսը Հ. Աբրահամյանին պարգեւատրել է Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4