Հոկտեմբերի 14-ը ստանդարտների միջազգային օրն է: Ամեն տարի` արդեն 41-րդ անգամ, միջազգային գիտատեխնիկական հասարակությունը նշում է ստանդարտացման միջազգային օրը: Այսօր ստանդարտացման միջազգային օրը նշվելու է նաեւ Հայաստանում` Ստանդարտների ազգային ինստիտուտում: Ամեն տարի ստանդարտացման միջազգային կառույցները որոշում են այսօրվա նշանաբանը: Այս տարի ամբողջ աշխարհում ստանդարտացման միջազգային օրն անցնելու է «Ստանդարտներն օգնում են ձեւավորել աշխարհը, որը մատչելի է բոլորին» նշանաբանով:
Այս մասին երեկ «Դե ֆակտո» ակումբում տեղեկացրեց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը : Ընտրված է այս նշանաբանը, քանի որ մատչելիությունն արտադրանքի եւ ծառայությունների համար հետզհետե համընդհանուր խնդիր է դառնում: Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման բաժնի պետ Արթուր Ստեփանյանի բացատրությամբ` ստանդարտացումը նորմաների սահմաններում իրականացվող գործունեություն է, որի նպատակը չափորոշիչներ սահմանելն է: Բացի արտադրանքի, ծառայությունների որակն ու անվտանգությունն ապահովելուց, ստանդարտները նպաստում են նաեւ առեւտրի զարգացմանն ու ռեսուրսների խնայողությանը: Որպեսզի առեւտրային գործընթացում նվազեն խոչընդոտները, ըստ Արթուր Ստեփանյանի` «Մեր խնդիրն է մեր ստանդարտները ներդաշնակեցնել միջազգային ստանդարտներին»: Հարկավոր է սահմանել այնպիսի նորմաներ, որ մեր արտադրանքը միջազգային շուկայում եւս մրցունակ լինի: Արթուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ ստանդարտներ մշակողը համապատասխան տեխնիկական հանձնաժողովն է: Հայաստանում ստանդարտացման աշխատանքներ իրականացվում են էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհային տրանսպորտի, շինանյութերի, շինարարության, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության եւ այլ ոլորտներում: Ինչ վերաբերում է մեր ձեռնարկատերերին եւ արտադրողներին, Արթուր Ստեփանյանը նշեց, որ նրանցից ոչ բոլորն են եկել այն գիտակցությանը, որ ստանդարտներն անհրաժեշտ են իրենց: «Ամբողջ աշխարհում արտադրողներն իրենք են ֆինանսավորում, որպեսզի իրենց արտադրանքը կարողանա դուրս գալ գլոբալ շուկա», հավելեց Ա. Ստեփանյանը:
Հայաստանում, այնուամենայնիվ, ստանդարտացման ոլորտում կա առաջընթաց: «Ստանդարտներն օգնում են ձեւավորել աշխարհը, որը մատչելի է բոլորին» նշանաբանին համապատասխան Հայաստանում մի շարք ազգային ստանդարտներ են մշակվել, որոնք կարգավորում են տարեց եւ հաշմանդամ քաղաքացիների սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները, տեսողության խնդիրներով հաշմանդամների համար աշխատատեղերի մշակման եւ արդիականացման ընթացակարգը եւ այլն: 2009-2010 թվականների տնտեսության գերակա ճյուղերում ընդունվել եւ գործածության մեջ են դրվել ազգային շուրջ 210 ստանդարտներ, որոնց միայն 60 տոկոսն է ներդաշնակեցված միջազգային եւ եվրոպական ստանդարտներին:
Ի. Պ.