Բաքվում Սոցինտերնի ժողովին մասնակցած ՀՅԴ պատվիրակության անդամներ Մարիո Նալբանդյանն ու Կիրո Մանոյանը երեկ հանդիպեցին լրագրողներին:
Այն լուրին ի պատասխան, թե համաժողովի վայրի` Բաքվի «Բիզնես-կենտրոնի» շուրջը բողոքի ակցիա է եղել` ընդդեմ այդ ժողովին ՀՅԴ մասնակցության, մասնակիցները պատախանել են, թե այդ ցույցը կամ ցուցարարներին իրենք չեն տեսել, քանի որ մինչեւ իրենց հասնելը նրանք ձերբակալված են եղել, իսկ ընդհանրապես` նրանց անվտանգությունը բավարար քաղաքակիրթ-արարողակարգային մակարդակի է եղել. «Որեւէ միջադեպ չպատահեց, բացի այն, որ չկարողացանք օդանավակայանից անմիջապես դուրս գալ` վիզայի, անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով. գիտեք` տակավին Հայաստանի քաղաքացի չեմ, այդ գործընթացի մեջ եմ», նկատեց Մ. Նալբանդյանը: Ընդհանուր առմամբՙ Կ. Մանոյանը արդյունավետ գնահատեց իրենց այցը: Ժողովի օրակարգում են եղել տարածաշրջանային խնդիրները, այդ թվումՙ ԼՂ հակամարտության, Ռուսաստան-Վրաստան խնդիրները:
Մ. Նալբանդյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալու է Սոցինտերնի խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ ՀՅԴ տեսակետները հնչեցնելու եւ համադրելու առաջարկ է եղել Բաքվում (քանի որ այդ կուսակցության ղեկավար Արազ Ազիմովը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը ԼՂ հարցի թեմայով ժողովի ժամանակ բանավիճել են, իսկ ավելի ստույգ` բանավեճը զարգացել է ադրբեջանական հեռուստատեսության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ). «Եթե համադրվի, ժողովին կներկայացվի բանաձեւի տեսքով», ասաց Մ. Նալբանդյանը` միաժամանակ հավելելով, որ համադրումը պայման չէ, այլ առաջարկ: Իսկ Կիրո Մանոյանի կարծիքով` այդպիսի բանաձեւը ԼՂ հիմնախնդրի լուծման սկզբունքների վերաբերյալ ՀՅԴ-ի եւ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության տեսակետների մերձեցմանը կարող է վերաբերել: Եթե այդպիսի բանաձեւ ընդունվի, դա կլինի Սոցինտերնի որդեգրած տեսակետը. «Եթե մեր ցանկություններով որդեգրվի, կնշանակի, որ 170 անդամ կուսակցություններ ներկայացնող կառույցը նաեւ այդ տեսակետը որդեգրել է: Իհարկե, կարող ենք նաեւ չհամաձայնել, եւ չլինի ոչինչ», ասաց Կիրո Մանոյանը:
Որ Չայլուի դիվերսիոն գրոհի ժամանակ զոհված ադրբեջանցու դիակը մինչեւ հիմա վերադարձված չէ` պատճառը, ըստ Կ. Մանոյանի, Կարմիր խաչի թերի աշխատանքն է, նա այդպիսի տեսակետ հայտնել է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների հետ շփվելիս, նշելով նաեւ Ղարաբաղի պաշտոնական տեսակետը, այն է` դիակը չեզոք գոտում է, ադրբեջանցիք թող գան ու վերցնեն: Իսկ մնացած խնդիրները (թույլ տալու, անվտանգության) լուծելու ուղղությամբ էլ Միջազգային կարմիր խաչը պետք է աշխատի: Ըստ Կ. Մանոյանի` Կարմիր խաչը պետք է աշխատի նաեւ Բաքվում խոշտանգված ու սպանված Մանվել Սարիբեկյանի դիակը վերադարձնելու ուղղությամբ:
Մ. Խ.