Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Արարատ» մշակութային ալիքը, որը եթերում է 2008 թվականի սեպտեմբերի 21-ից, առաջին անգամ կմասնակցի Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելիք չեխական հեռուստատեսության «Զլատա Պրահա» 47-րդ փառատոնին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-20-ը Պրահայի Ժոֆին պալատում: Այս տարի կներկայացվեն Բրազիլիայի, Լեհաստանի եւ Հայաստանի մշակութային հեռուստաալիքները: Իսկ մրցութային բաժնում կներկայացվեն երաժշտական կատարումներով 100-ից ավելի ֆիլմեր, որոնցից լավագույններին ժյուրին կշնորհի մրցանակներ:
«Զլատա Պրահա» փառատոնում հայկական «Արարատ» հեռուստաալիքը կներկայանա ազգային, ժողովրդական, հայկական եւ համաշխարհային դասական երաժշտության լավագույն կատարումների տեսագրություններով: Հոկտեմբերի 17-ին հայկական ծրագիրը կներկայացնեն «Արարատ» ալիքի գլխավոր պրոդյուսեր Արամ Սուքիասյանը եւ Հանրային հեռուստատեսության միջազգային կապերի պատասխանատու Լիանա Սարգսյանը:
Ներկայացվող տեսաշարում Բեթհովենի, Մոցարտի, Վերդիի անմահ ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան հայտնի դաշնակահարներ Արթուր Փափազյանը եւ Սվետլանա Նավասարդյանը, Հայաստանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվը: Հայ դասականների շարքում կներկայացվեն հատվածներ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի սիմֆոնիայից եւ չեխերին քաջ հայտնի Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից: Կհնչեն հայ հայտնի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից: Կցուցադրվի մի հատված «Ներշնչում» երաժշտական ներկայացումից: Կցուցադրվի հայկական ավանդական հարսանիք: Հայաստանի բալետային խմբի կատարմամբ կներկայացվեն Աստոր Պիացոլլայի եւ Բախի ստեղծագործությունները: Կհնչեն հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կատարումները, կցուցադրվի Կոմիտասի անվան լարային քառյակի ելույթը: Հայաստանի պարի պետական անսամբլը կներկայացնի «Ուզունդարա» եւ «Բերդ» պարերը: Էստրադային ծրագրում չեխ ունկնդիրը կլսի Արտո Թունջբոյաջյանի, «Կատուներ» խմբի եւ Տիգրան Համասյանի ջազային կատարումները, Էմ Պի Ռեյ ռոք խմբին:
Փառատոնի Հայաստանի օրվա բացման հանդիսությանը ելույթ կունենա Ավստրիայում եւ Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը: Հայկական օրվա հիմնական հովանավորն է «Միկո Ինթերնեշնլ» ընկերությունըՙ «Մառլենկա» ապրանքանիշով, եւ «Արբատ» մշակութային-առեւտրական կենտրոնը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա