«Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահը Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների շեմին պարբերաբար ասուլիսներ է հրավիրում: Պատճառն այն է, որ Այվազյանը դիմում է ներկայացրել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որով ներկայացրել է Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու իր թեկնածությունը: Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազարի Պանախովը, սակայն, օրեր առաջ հերքել էր Այվազյանի դիմումի առկայությունը` նշելով. «Մենք այդ մասին տեղեկացել ենք բացառապես մամուլից, իսկ այդ տեղեկություններով մենք չենք կարող պաշտոնապես թեկնածու գրանցել»: Երեկ հերթական ասուլիսում Այվազյանը վերահաստատեց, որ ինքը պաշտոնապես դիմել է Ադրբեջանի ԿԸՀ-ին, եւ Պանախովի ասածը ապատեղեկատվություն է. «Մենք «Հայփոստից» ճշտել ենք, որ այդ նամակը Վիեննայից հասել է Բաքու` տարանցիկ ճանապարհով, հետեւաբար մենք դիմել ենք պաշտոնական ձեւով եւ այժմ սպասում ենք պատասխանի», նշեց Այվազյանը: Իսկ պատասխանի բացակայությունը, կամ դրա բացասական լինելը, ըստ բանախոսի, կնշանակի, որ Ադրբեջանը հերթական անգամ «խայտառակ կլինի ամբողջ աշխարհի առջեւ». «Դրանով Բաքուն եւս մեկ անգամ կապացուցի, որ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք չունի հավակնելու ԼՂ-ին: Ադրբեջանը կխայտառակվի այնպես, ինչպես հայ հովվի գերեվարման եւ սպանության դեպքում», նշեց Այվազյանը: Պատասխանի դրական լինելու պարագայում բանախոսը պատրաստվում է իրականացնել ակտիվ նախընտրական քարոզարշավ. «Մենք աշխարհում ունենք սփռված մեկմիլիոնանոց ադրբեջանահայություն, որոնք կարող են լինել իմ ընտրողները: Նրանց համար ամբողջ աշխարհում պետք է ընտրատեղամասեր բացվեն»:
Իսկ ունի՞ արդյոք Գրիգորի Այվազյանը Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք, պարզվում է` այո, ընդ որումՙ Այվազյանի այդ իրավունքը հաստատված է Ադրբեջանի սահմանադրությամբ. «Համաձայն Ադրբեջանի սահմանադրությանՙ այդ երկրում ծնված մարդը համարվում է ցմահ Ադրբեջանի քաղաքացի, եւ ես ցանկանում եմ հիշեցնել Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Պանախովին, որ իրենց իսկ սահմանադրությունը հստակ սահմանում է, թե ո՞վ է հանդիսանում այդ երկրի քաղաքացի», եզրափակեց Այվազյանը: Հավելենք նաեւ, որ Ադրբեջանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի, ինչպիսին, փաստորեն Այվազյանն է, կարող է մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին: Ի դեպ, Գրիգորի Այվազյանը նաեւ այդպիսի հավակնություններ ունի:
Հ. Ա.