«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2010-10-13 | #187, 2010-10-14 | #188, 2010-10-15


ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԴԵՌ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸՙ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Շուտով Թուրքիան նախագահելու է ԵԽ նախարարների կոմիտեում (Ահմեդ Դավութօղլուն), ԵԽԽՎ նախագահն էլ Չավուշօղլուն է, այդպիսով, ըստ կանխատեսումների, Հայաստանի համար բավականին լուրջ մարտահրավերներ են լինելու եվրոպական կառույցներում, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը ի՞նչ է հակադրելու այդ թուրքական տանդեմին: Պատասխանելով այս հարցին, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ նկատեց, թե հնարավոր է, որ այդ երկու գործիչները, օգտագործելով իրենց զբաղեցրած դիրքը, իրենց օրակարգում իսկապես ունենան թուրքական հարցեր. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կատարում է այն, ինչ այդ պահին համարում է անհրաժեշտ, որպեսզի իր քաղաքական օրակարգն առաջ տանի, մենք էլ պատրաստվում ենք անել նույնը: Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք», ասաց նա:

Ընդհանրապես նա եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանն ու Հերմինե Նաղդալյանը հանդիպել էին լրագրողներին` պատմելու վերջին նստաշրջանում մերձհայկական զարգացումների մասին: Նստաշրջանի օրակարգը շատ չէր վերաբերում Հայաստանին, Հայաստանի համար ավելի կարեւոր էին մոնիտորինգի հանձնաժողովի լսումները հոկտեմբերի 5-ին, որտեղ առաջին անգամ նման ձեւաչափով (սովորաբար մոնիտորինգի հանձնաժողովի նիստերը դռնփակ են) Հայաստանի պատվիրակության բոլոր անդամներին հնարավորություն է ընձեռվել ներկայացնելու իրենց տեսակետները: Դ. Հարությունյանի տեղեկատվությունը վերաբերել է ընտրական օրենսգրքին եւ նրա վրա հետագա աշխատանքին, ոստիկանության մասին ռեֆորմին, արդար դատաքննության իրավունքին, հավաքների ազատությանը: Վերջինիս հետ կապված Դ. Հարությունյանը վիճակագրություն է ներկայացրել մոնիտորինգի հանձնաժողովում` ՀԱԿ-ի օրինակով. տարեսկզբից 15 երթի հայտ է եղել, որոնք բոլորն էլ ի գիտություն են ընդունվել, բայց փաստացի տեղի է ունեցել միայն 9: 13 դիմում է եղել հավաք կազմակերպելու վերաբերյալ, որոնցից մեկը մերժվել է, երկուսն անփոփոխ թույլատրվել են, իսկ 10-ի վերաբերյալ այլ վայր է առաջարկվել: Ռադիոյի եւ հեռուստատեսության օրենքի ու առաջիկայում սպասվող մրցույթների վերաբերյալ եւս տեղեկատվություն է ներկայացվել մոնիտորինգի հանձնաժողովում, իսկ հանձնաժողովականների այն մտահոգությունը, թե դրական որոշում կլինի՞ Ա1+-ի վերաբերյալ, հայկական կողմը «այո» է պատասխանել, որը բխել է, ըստ Հարությունյանի, «Մելտեքսի» վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից, ինչպես նաեւ կոնվենցիայի 10-րդ հոդվածից:

Թե ինչու մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հերթական անգամ չեկան Հայաստան` Դ. Հարությունյանը կապեց հոկտեմբերի 19-21-ը Հայաստանում անցկացվելիք ժողովրդավարության ապագայի վերաբերյալ ֆորումի հետ. ԱԺ նախագահը դիմել էր մոնիտորինգի հանձնաժողովին` խնդրելով հետաձգել համազեկուցողների նախատեսվող այցելությունը, ապահովելու համար բարձր մակարդակի հանդիպումները (Հայաստանի նախագահի, ԱԺ նախագհի հետ), ինչը բավարարվեց:

Հայաստանի հարցով զեկուցողի փոփոխություն տեղի չի ունեցել, թեեւ Գորան Լինդբլադը Շվեդիայում պատգամավոր չի ընտրվել, եւ լավագույն սցենարի դեպքում անգամ նա իր զեկուցումը չի կարող ներկայացնել մոնիտորինգի հանձնաժողովում: Ողջամիտ կլիներ, որ նա հրաժարվեր, բայց դա տեղի չի ունեցել, այնպես որ երբ Շվեդիայի խորհրդարանը ներկայացնի իր նոր պատվիրակության կազմը, երեւի այդ ժամանակ էլ կքննարկվի, թե ո՞վ է լինելու զեկուցողը:

Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ավանդական հանդիպումը ԵԽԽՎ նախագահի մոտ եւս տեղի է ունեցել, քննարկվում էր հիմնականում 1416 բանաձեւով նախատեսված եւ Մինսկի խմբի աշխատանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, սա ադրբեջանական կողմն է առաջարկում (ինչը Դ. Հարությունյանն անարդյունավետ է համարում, իսկ ադրբեջանական պատվիրակությունը շարունակում է պնդել) եւ հնարավոր փոխհամագործակցությունը` խաղի կանոնների սահմանմամբ:

  Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է տարբեր խնդիրներ (ԼՂՀ-ի, տեղահանված անձանց, Նոր Նախիջեւանում ադրբեջանցիների կատարած մշակութային վանդալիզմի մասին): Մոնիտորինգի հանձնաժողովի լսումներին նա անդրադարձ է կատարել փոփոխված ընտրական օրենսգրքին` նշելով ԲՀԿ տեսակետը, այն է` ազատ-արդար ընտրությունների անցկացում եւ օրենսդրական նախաձեռնություն` ընտրական կեղծարարության համար պատժամիջոցները առավելագույնս խստացնելու ուղղությամբ. «Դա մեր սկզբունքային առաջարկն է, որ պատժվեն ոչ միայն մանր սլաքավարները, այլ նաեւ նրանց հրահանգավորողներն ու պատվիրատուները»: Զոհրաբյանը նաեւ անդրադարձ է արել լսումներում Ա1+-ի հարցին` ասելով, որ հեռուստաընկերությունը մրցունակ փաթեթ է ներկայացրել եւ հուսով է, որ դեկտեմբերին կհաղթի մրցույթում:

Հերմինե Նաղդալյանը նստաշրջանի ընթացքում փոխանցել է հայկական կողմի անհանգստությունը` Ադրբեջանի միլիտարիզացիայի վերաբերյալ, որպես ռեգիոնալ անհանգստության աղբյուր, եւ նախարարների կոմիտեի անունից ստացել հուսադրող պատասխան, որ ջատագովն են կոնֆլիկտի խաղաղ կարգավորման, Մինսկի խմբի շրջանակում:

  «Ազգի» հարցին, թե փոփոխված ընտրական օրենսգրքում ընտրական հանձնաժողովները ձեւավորելու ընտրված մոդելը դեմոկրատական չէ եւ խոչընդոտում է արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությանը ընտրական հանձնաժողովներում` նախ չհամաձայնեց Ն. Զոհրաբյանը` մատնացույց անելով ԲՀԿ-ի ներկայացնելիք առաջարկները ընտրակեղծարարների համար պատժամիջոցներն ընդլայնելու վերաբերյալ, իսկ Դ. Հարությունյանը, խոսելով հանձնաժողովների կազմավորման մասնագիտական եւ կուսակցական մոդելների թույլ ու ուժեղ կողմերից, նկատեց, թե մենք դեռ պատրաստ չենք առաջինին: Իսկ ընտրված կուսակցական մոդելը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովը ներկայացնող փորձագետների հետ, որոշակի առաջարկություններ եղել են, այդ առաջարկներն ընդունվել են: Այսինքն` առաջարկվող նախագիծը փորձագետների հետ քննարկման արդյունք է, չնայած նոր փորձագիտական եզրակացություն եւս ակնկալվում է` նախագիծը վերջնական տեսքով կրկին փորձաքննության է ներկայացվելու:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4