«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2010-10-13 | #187, 2010-10-14 | #188, 2010-10-15


ՏԱԹԵՎԸ ԴԱՐՁՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հոկտեմբերի 16-ին կգործարկվի աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Տաթեւում նախապատրաստական վերջին միջոցառումներն են: Բանվորների մի հսկայական խումբ գյուղի փողոցներն ու Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհներն է ասֆալտապատում, մասնագետներն էլ փորձարկում են աշխարհի ամենաերկար ճոպանուղին ու վերջին ցուցումները տալիս: Վանական համալիրի շրջակայքում բեմն են պատրաստում եւ համապատասխան սարքավորումները տեղադրում: Հոկտեմբերի 16-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ տեղի կունենա «Տաթեւի վերածնունդ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում կգործարկվի նաեւ ճոպանուղին:

Թե ինչ է սպասվում այդ օրը, կազմակերպիչները լռում են: «Կգաք, կտեսնեք, կհիանաք», հավելում են նրանք:

Որոտան գետի կիրճի վրայով 5,7 կմ ձգվող Տաթեւի ճոպանուղին աշխարհի ամենաերկար օդային անցուղին է: Ճոպանուղին պահում են երեք հենարաններ, որոնք տեղադրված են երկու կայանների միջեւ: Կայաններից մեկը գտնվում է Հալիձոր գյուղի վերեւում, մյուսը` Տաթեւ գյուղ տանող ճանապարհի վրա: Ճոպանուղու առավելագույն արագությունը կազմում է 37 կմ/ժ: Մեքենայով շուրջ 40 րոպե ձգվող ճանապարհն այսուհետեւ հնարավոր է անցնել 11 րոպեում: Ճոպանուղու բարձրությունը 360 մետր է: Յուրաքանչյուր ուղղությամբ կերթեւեկի մեկական տրամվայ, որը կարող է տանել մինչեւ 25 ուղեւորի:

Եռամյա «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությունն է: Ծրագրում ներառված են Տաթեւ, Հալիձոր, Տանձաթափ, Սվարանց, Խոտ, Շինուհայր, Խնձորեսկ գյուղերը:

Այստեղ կան բոլոր նախադրյալները, որպեսզի տարածքը վերածվի հանրապետության հարավի զբոսաշրջության լավագույն կենտրոնի:

Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 18-րդ դարում Տաթեւի վանական համալիրում կառուցված հանրապետության ամենամեծ ձիթանը: Հոկտեմբերի 16-ին այցելուները հնարավորություն կունենան տեսնելու արդեն վերանորոգված ձիթանի շենքը:

«Նախկինում ձեթի հսկայական արտադրամաս է եղել: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ձիթանի մասնաշենքը, որը նույնպես ամբողջապես վերանորոգված է: Այժմ ձիթանի շենքը գործում է որպես թանգարան: Վանական համալիրի երեք եկեղեցիները` 906-ին կառուցված Սուրբ Պողոս Պետրոսը, 1087-ին կառուցված Սուրբ Աստվածածինը եւ 1295-ինՙ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նույնպես կվերանորոգվեն», «Ազգի» զրույցում ասաց Տաթեւի վանքի վանահայր Միքայել աբեղա Գեւորգյանը:

«Անի տուր» տուրիստական գործակալության տնօրեն Վոլոդյա Առուշանյանի մեկնաբանությամբ էլ ճոպանուղու բացումը զբոսաշրջության բնագավառում դրական ազդեցություն կունենա: «Հայաստանը եզակի երկրների թվին է պատկանում, որն ունի բոլոր նախադրյալները զբոսաշրջության հրաշալի կենտրոնի վերածվելու համար: Սակայն երբ նշում ենք, որ զբոսաշրջիկների թիվը շատ չէ, պատճառը ոչ թե գեղեցիկ վայրերի, եկեղեցիների կամ հուշարձանների թվի սակավությունն է, այլ ճանապարհների եւ ենթակառուցվածքների թերի լինելը: Շինարարական այս աշխատանքները կնպաստեն, որ Տաթեւը դառնա զբոսաշրջության կենտրոն», ասաց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Տաթեւ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4