«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2010-10-13 | #187, 2010-10-14 | #188, 2010-10-15


ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԸ ԿՐԿԻՆ ՄՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «Վրացական նավթային եւ գազային կորպորացիա» (GOGC) ընկերության մամուլի քարտուղար Թամարա Շոշիաշվիլին: Նրա խոսքով` «գազատրանսպորտային ընկերությունը վերանորոգման աշխատանքներն ավարտել է ժամանակին, եւ արդեն հոկտեմբերի 14-ին գազի առաքումը Հայաստան վերականգնվել է»: Ռուսական գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր հոկտեմբերի 11-ին «Հյուսիս-հարավ» մայրուղու վերականգնողական աշխատանքների կապակցությամբ:

36 տարի անց Իրանը կրկին OPEK-ում նախագահում է

Նավթի համաշխարհային շուկայի 35 տոկոսն ապահովող OPEK կազմակերպությունը անդամ 12 երկրների նախարարների հերթական` 157-րդ նստաշրջանն անցկացրեց Վիեննայում: Կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Իրանի նավթային արդյունաբերության նախարար Սայիդ Մագսուդ Միրքյազիմինը: Իրանն այս կազմակերպությունում չէր նախագահում արդեն 36 տարի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ ընդունած վերջին` «բոլոր տեսակի» պատժամիջոցների համայնապատկերում այս հաստատումը տարօրինակ է:

OPEK-ի անդամ երկրներն են Ալժիրը, Անգոլան, Իրաքը, Իրանը, Քաթարը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան եւ Էկվադորը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4